Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սեւան»  ՔԿՀ –ում պատիժը կրողը  մոր օգնությամբ, խարդախությամբ  հափշտակել է 891 հազար դրամ եւ ոսկյա զարդեր

Օգոստոս 01,2015 20:21

Երեւան քաղաքի բնակիչ, 1985թ. ծնված Արմեն Առաքելյանը  աշխատանքի տեղավորելու եւ  այլ պատրվակներով մարդկանցից  խոշոր չափերի գումար հափշտակելու համար 2013թ. դեկտեմբերի 13-ից դատապարտված լինելով 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ ՀՀ ԱՆ «Սեւան» ՔԿՀ-ում պատիժը կրելու  ժամանակ նույն ՔԿՀ-ում ծանոթացել է այդտեղ պատիժը կրող  տղամարդու հետ, նրա միջոցով ծանոթացել վերջինիս տեսակցության եկած, նրա կնոջ՝ Ն. Ա.-ի հետ:

Ըստ «Դատալեքս»  դատական տեղեկատվական համակարգի՝ Առաքելյանը տեղեկանալով, որ ամուսինները բնակարանի կարիք ունեն, որոշել է այդ առիթով  նրանցից խարդախությամբ գումարներ հափշտակել: Նա առաջարկել է որոշակի գումարի դիմաց  անապահով ընտանիքներին բնակարանով ապահովող ընկերության միջոցով հերթագրել Ն. Ա.-ին եւ աջակցել նրան բնակարան հատկացնելու հարցում:  Ա. Առաքելյանը  նույն առաջակով դիմել է նաեւ Ն. Ա.-ի մորը՝ Կ. Ա.-ին:  Արմեն Առաքելյանը  հերթական անգամ զանգահարել է Կ.  Ա-ին եւ  գործարքը սկսելու համար նրանից 900 հազար դրամ պահանջել:

Առաքելյանը  իր հանցավոր մտադրության մասին հայտնել է իր մորը՝  Վարսիկ Առաքելյանին եւ ընկերոջը՝ Ալեն Զոզանյանին: Կ. Ա.-ն  2013թ. նոյեմբերին Երեւանում որպես Ա. Առաքելյանի ղեկավարած ընկերության հաշվապահ ներկայացած Վարսիկ Առաքելյանին է փոխանցել 845 հազար դրամ: Ա. Առաքելյանը զանգահարել է  Ալեն Զոզանյանին եւ ասել, որ անհրաժեշտ է կազմակերպել Ն. Ադամյանի կողմից հարցազրույց անցնելու ձեւացում  եւ Ա. Զոզանյանին նյութապես շահագրգռելով՝ առաջարկել է  օգտագործել հարցազրույցի պատրվակը  եւ Ն. Ա.-ի անձնագրով ձեւակերպել համակարգչային տեխնիկայի ապառիկ վաճառք եւ հափշտակել համակարգչային տեխնիկան, իսկ ինքը  դրա վաճառքից գոյանալիք գումարից  պահանջել է միայն 30 հազար դրամ: Ա. Առաքելյանը զանգահարել եւ հանդիպման պայմանավորվածություն է  ձեռք բերել Ն. Ա.-ի հետ: Դրանից հետո Ն. Ա.-ն եւ նրա մայրը՝ Կ. Ա.-ն Երեւան քաղաքում հանդիպել են Վարսիկ Առաքելյանին եւ Արմեն Զոզանյանին: Վերջինս Սայաթ-Նովա փողոցում գտնվող համակարգչային տեխնիկայի վաճառքի սրահը Ն.Ա.-ին ներկայացնելով  որպես բարեգործական ընկերության  գրասենյակ, Ն. Ա.-ին ուղեկցել է  ներս, որտեղ վերջինս պատասխանել է իր սոցիալական պայմանների վերաբերյալ սրահի աշխատակիցների հարցերին: Այդ ընթացքում Ա. Զոզանյանը վերցնելով Ն. Ա.-ի անձնագիրը՝ փորձել է  առանց նրա իմացության ապառիկ կարգով գնել համակարգչային տեխնիկա, սակայն Ն. Ա.-ի վարկային  պատմության պատճառով  դա չի հաջողվել: Փոխարենը Ա. Զոզանյանին հաջողվել է  Ն.Ա.-ի մոտ տպավորություն ստեղծել, որ վերջինս հաջողությամբ անցել է  բնակարան ստանալու համար հարցազրույցը: Այնուհետեւ Արմեն Առաքելյանը  Ն. Ա.-ին եւ Կ. Ա.-ին տվել է  բանկային հաշվեհամար եւ բնակարանի հերթն առաջ գցելու համար նրանցից պահանջել եւ ստացել 22 հազար դրամ: Հետո  Վարսիկ Առաքելյանը Երեւանի Հյուսիսային ավտոկայարանի տարածքում հանդիպել, մորն ու աղջկան է տվել համակարգչային տեխնիկայի միջոցով  պատրաստված, բնակարանի հատկացման հերթագրման  համարի վերաբերյալ կեղծ ձեւաթուղթ  եւ իբր  կադաստրային ձեւակերպման համար նրանցից պահանջել եւ ստացել 24 հազար դրամ:

Դրանից հետո Վարսիկ Առաքելյանը  որդու՝ Ա. Առաքելյանի առաջարկով գնացել է Իջեւան քաղաք եւ ստացվելիք բնակարանը գրավադրելու եւ ստացված գումարը բարեգործական ընկերության հաշվեհամարին փոխանցելու պատրվակով Ն.Ա.-ից պահանջել եւ ստացել է 120 հազար դրամ արժողության ոսկե  վզնոց եւ 2 զույգ ականջօղ, որոնք հետո վաճառել եւ տիրացել է գումարին:

Մինչ դատաքննությունը սկսվելը Ա. Առաքելյանը եւ Վ. Առաքելյանը միջնորդել են անցկացնել արագացված դատաքննություն, դատարանն այդ միջնորդությունը բավարարել է: Հուլիսի 17-ին Իջեւանում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է  Արմեն Առաքելյանին  մեղավոր ճանաչել  ՀՀ քրեական 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 38-34-178 հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 66 –րդ  հոդվածի կիրառմամբ, նշանակված պատիժները լրիվ գումարելու  միջոցով, պատիժ սահմանել 3 տարի ազատազրկումը, դրան մասնակիորեն գումարել նախորդ դատավճռով նշանակված պատժի չկրած մասը եւ նրան վերջնականապես դատապարտել 4 տարի ժամկետով ազատազրկման:

Դատարանը վճռել է Վարսիկ Առաքելյանին  մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով եւ նրան դատապարտել 500 հազար դրամ տուգանքի: Դատարանը վճռել է քաղաքացիական հայցերը բավարարել, Ա. Առաքելյանից եւ Վ. Առաքելյանից համապարտության կարգով հօգուտ տուժող Կ.Ա.-ի բռնագանձել 900 հազար դրամ,իսկ հօգուտ Ն. Ա.-ի՝ 120 հազար դրամ:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31