Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, զենքը հափշտակելու փորձի դեպքի առթիվ. երկու անձ ձերբակալվել է

Օգոստոս 01,2015 15:29

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և զենք, ռազմամթերք հափշտակելու փորձի դեպքի առթիվ:

Ոստիկանության Լոռու մարզային քննչական վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի քրեական հետախուզության օպերլիազոր Ա.Ֆնդկյանը 2015 թվականի հուլիսի 31-ին զեկուցագիր է ներկայացրել առ այն, որ նույն օրը` ժամը 16:00-ի սահմաններում, Վ.Գրիգորյանի կողմից հարևանուհու` Ի.Կոստանյանի՝ Վանաձոր քաղաքի տանն ինքնավնասում կատարելու և անչափահաս երեխաներին սպառնալիքներ տալու վերաբերյալ ահազանգի հիման վրա մեկնել է դեպքի վայր:

Օպերլիազոր Ա.Ֆնդկյանն իր զեկուցագրում նշել է, որ այցելել է Վ.Գրիգորյանին պատկանող տուն և ներկայացել՝ ցույց տալով ծառայողական վկայականը, որից հետո վերջինիս մոր` Ն.Գրիգորյանի հրավերով մտել բնակարան: Տուն մտնելուց հետո Ն.Գրիգորյանը մետաղյա ձողով փակել է բնակարանի մուտքի դուռը, ապա Վ.Գրիգորյանի հետ հարձակվել նրա վրա, չեն ենթարկվել վիճաբանությունը դադարեցնելու՝ Ա.Ֆնդկյանի օրինական պահանջին և աթոռներով մի քանի հարվածներ են հասցրել նրա գլխին ու մարմնի տարբեր մասերին:

Բացի այդ, Վ.Գրիգորյանը դանակով սպառնացել է Ա.Ֆնդկյանին, փորձել նրանից խլել հաշվեցուցակային զենքը` սպառնալով դրանով սպանել նրան: Ն.Գրիգորյանի և Վ.Գրիգորյանի անօրինական գործողություններից պաշտպանվելու նպատակով Ա.Ֆնդկյանը մարտական վիճակի է բերել զենքը, նախազգուշացրել՝ շարունակելու դեպքում կրակելու մասին, և նախազգուշական կրակ արձակել նրանց հակառակ ուղղությամբ, սակայն Ն. և Վ.Գրիգորյաններն Ա.Ֆնդկյանին հրելով վայր են գցել հատակին և շարունակել հարվածներ հասցնել, իսկ Վ.Գրիգորյանը կրկին փորձել է խլել հաշվեցուցակային զենքը, որից հետո Ա.Ֆնդկյանը մեկ անգամ ևս նախազգուշական կրակ է արձակել: Սակայն Վ.Գրիգորյանը, բռնելով օպերլիազորի ձեռքերից, փորձել է զենքի փողն ուղղել նրա պարանոցի ուղղությամբ, որից հետո Ա.Ֆնդկյանը կրակել է Վ.Գրիգորյանի ոտքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Այդ ընթացքում դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության օպերատիվ խումբը, փորձել ջարդել բնակարանի մուտքի դուռը, որից հետո Ն.Գրիգորյանը բացել է դուռը:

Նշված դեպքերի առթիվ 2015 թվականի հուլիսի 31-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով, 34-238-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Լոռու մարզային քննչական վարչության պետի որոշմամբ՝ կազմվել է քննչական խումբ:

Ն. և Վ.Գրիգորյանները ձերբակալվել են:

Նախաքննությունը շարունակվում է:

Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

 

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31