«Մենք եղել ենք, կանք, կլինենք եւ կոչված ենք ապրելու եւ արարելու համար»,- օգոստոսի 1-ին «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Միդիա Շանգալ» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության նախագահ Ամո Շարոյանը:
Նա նշեց, որ գերտերություններին իրենք կոչ են անում դադարեցնել իրենց երկքաղաքականությունը եւ աշխարհում այնպիսի իրավիճակ ստեղծել, որ ցեղասպանություններ չլինեն: Ըստ նրա՝ Թուրքիան առաջին հերթին ուզում է ձերբազատվել քրդական հարցից. «Տարիներ շարունակ քրդական հարցը միշտ հետաքրքրել է, նրանց ցավ է պատճառել: Բայց այսօրվա դրությամբ քրդական հարցն այնպես է հասունացել, որ յուրաքանչյուր թուրք պաշտոնատար անձ իր խոսակցությունում չի մոռանում շեշտել, որ եթե ոչ այսօր, ապա վաղը քրդական պետությունը պետք է ստեղծվի: Դրանից նրանք շատ են վախենում»:
Ամո Շարոյանի խոսքերով՝ եզդիական բոլոր կազմակերպությունները ձգտում են նրան, որ Շանգալը չդատարկվի. «Շանգալը մեր բնօրրանն է, մեր տունն է, այդտեղ են գտնվում մեր կրոնը, մեր մշակույթը, մեր սրբությունները: Այդտեղ է ձեւավորվել եզդի ազգը եւ այդտեղ պատմության խորքերից գալիս է եզդի ազգը»:
«Միդիա շանգալ» կազմակերպության անդամ Ռոման Ավդոյանը հավելեց, որ ինչպես հայերն են ընտրել անմոռուկը որպես Հայոց ցեղսպանության խորհրդանիշ, եզդիներն էլ ընտրել են լոտոս ծաղիկը. «Եթե նրան հիմքից, արմատներից պոկես՝ նա մնա նույնիսկ հարյուր տարի, երկու հարյուր տարի, հազար տարի եւ տնկես նույն տեղում, նա շատ արագ կվերականգնվի: Փաստ է, բոլորին էլ հայտնի է, որ եզդիները շատ անգամներ են ենթարկվել ցեղասպանության, սակայն իրենց հզոր կամքի շնորհիվ նորից վերականգնվել են, եւ ապացույցն այն է, որ եկել հասել ենք այստեղ»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ