Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

0 գրամ ափիոն, 5 հատ կտրված ծաղիկ եւ 2 հատ բջջային հեռախոս

Օգոստոս 01,2015 13:06

Կառավարության երեկվա նիստում սահմանվել են «Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները», որից ավելին ներմուծելու դեպքում ֆիզիկական անձը պարտավոր է հարկ մուծել:

Ըստ այդմ՝ յուրաքանչյուր ֆիզիկական անձ իրավունք ունի Հայաստան ներկրել ոչ ավելի, քան 3 ընտանի կենդանի, 30կգ միս եւ մսամթերք, 30 կգ ձուկ եւ ծովամթերք, յուրաքանչյուր տեսակից 5 հատ կամ 2 կգ կենդանի ծառեր և այլ բույսեր, սոխուկներ, արմատներ և բույսերի նմանատիպ այլ մասեր, կտրված ծաղիկներ և դեկորատիվ կանաչ, 5 կգ սուրճ, թեյ, համեմունքներ, 0 գրամ ափիոն, 250 գրամ թառափազգիների խավիար, 20 կգ պատրաստի մթերք մսից, ձկից եւ ծովամթերքից,1 կգ ծամոն, 5 կգ քաղցր չոր թխվածքաբլիթ, վաֆլի և վաֆլու շերտեր, 2 լիտր կամ 1 շիշ, եթե շշի տարողությունը 2 լ-ից ավելի է ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ, 10 հատ սիգար, 400-ական հատ սիգարետ եւ սիգարելա, 5 անվանում` յուրաքանչյուրից երեքական սպառողական փաթեթ, եթե փաստաթղթերով հիմնավորված չէ բուժման կուրսի համար անհրաժեշտ ավելի մեծ քանակ՝ դեղագործական արտադրանք, 5-ական հատ օծանելիք եւ հարդաջուր, 6-ական հատ կոսմետիկական, դիմահարդարման և մաշկի խնամքի համար միջոցներ, ներառյալ արևաթխության համար կամ արևաթխության դեմ, մանիկյուրի և պեդիկյուրի միջոցներ, 6-ական հատ միջոցներ մազերի համար,նույնքան՝ ատամների համար, նույնքան՝ սափրվելու պարագաներ, 0 հատ պայթուցիկ նյութեր եւ պիրոտեխնիկական արտադրանք, 1 հատ ֆոտոխցիկ, 1 հատ մանկական սայլակ, 1 հատ հեծանիվ, 2 հատ բջջային հեռախոս, 10 հատ բիժուտերիա, 10 հատ մետաղադրամ… Այս ցանկն անվերջ է եւ նրանում զարմանք հարուցող կետերը՝ նույնպես:

Բավական չէ, որ դուք արտասահմանից չեք կարող, ասենք, ձեր քրոջ եւ եղբոր համար նույն ֆոտոխցիկից բերել՝ պետք է ընտրեք, թե նրանցից ում եք ամենաշատը սիրում, իրավունք չունեք նաեւ, ասենք, ձեր երեք զավակների համար էլ հեծանիվ գնել, մեկը գնեք՝ թող երեքով քշեն:  Դե իսկ եթե ձեր կոլեկտիվում 15 սիրուն աղջիկ է աշխատում, նրանցից միայն տասին պիտի բիժուտերիա նվեր բերեք, մյուս հինգը թող նայելով բավարարվեն, կամ՝ մետաղադրամներով:

Դրա փոխարեն կարող եք մեկ հատ ուղղաթիռ եւ մեկ հատ ինքնաթիռ ներկրել, բայց նավ՝ 0 հատ: Ծով չունեք՝ առանց յախտայի յոլա գնացեք:

Դե իսկ այս կետը ուղղակի անհարգալից վերաբերմունք է կանանց հանդեպ՝ «Վերարկուներ, կիսավերարկուներ, թիկնոցներ, անձրևանոցներ, բաճկոններ (ներառյալ դահուկայինը), քամուց, հողմից պաշտպանող և համանման արտադրանք, կանանց կամ աղջիկների համար՝ 2 հատ յուրաքանչյուրից»: Իսկ եթե դու տանը ունես մեկ կին, մեկ մայր, մեկ հարս եւ երեք դուստր, դեռ մեկ հատ էլ զոքանչ՝ մի քանի փողոց այն կողմ: Եվ նրանք բոլորը քեզնից վերարկո՞ւ են ուզել: Զոքանչին երեւի 5 հատիկ կտրված ծաղիկն էլ բավական է, բա մյուսնե՞րը:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

31.07.2015 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31