Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամուսինը պետք է ուրախացնի կնոջը». Գոշը օրենքով էր սահմանել

Օգոստոս 01,2015 12:50

Մինչ այսօր  եվրոպական արժեքներն ու օրենքները  քննադատության թիրախ են դարձել՝ համարվելով խիստ առաջադեմ ու  հակադրության մեջ դիտարկվելով հայ ավանդական մշակույթի, սովորույթների ու ավանդույթների հետ, դեռևս 12-րդ դարում նույնատիպ արժեքներ, կանանց հավասարություն ու իրավունք եվրոպացիներից շատ ավելի առաջ սահմանել էր Մխիթար Գոշն իր «Դատաստանագրքում»:

Չնայած այսօր թմբկահարվում է, թե ներմուծում ենք եվրոպական «կեղծ արժեքներ»,  օրենքներ,  բարքեր ու սովորույթներ,  սակայն, հայկական շատ օրենքներ դեռևս հարյուրամյակներ առաջ շատ ավելի մարդասիրական, առաջադիմական են եղել, քան նույն շրջանի եվրոպական, անգամ ներկայիս հայկական օրենքները,  հատկապես, երբ խնդիրը վերաբերում է այնպիսի զգայուն հարցերի ինչպիսիք են կանանց ազատություններն ու իրավունքները:

Այս առումով Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը» եզակի երևույթ է հայոց կյանքում` իրավական օրենքների ժողովածու, որն ի մի բերեց հայ հասարակական կյանքը` իր առանձնահատուկ տեղը հատկացնելով կնոջը:

12-րդ դարի օրենսդիր, առակագիր, հոգևորական Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը» մեծագույն արժեք է, որտեղ Գոշը հասարակական կյանքում տեղի ունեցած փոփոխությունները փորձել է կարգավորել օրենսդրական միջոցներով՝ սահմանելով դրանք 11 գլխից բաղկացած  Դատաստանագրքի 251 կանոններում:

«Դատաստանագրքում» կանայք դիտարկվում են միայն ամուսնաընտանեկան իրավանորմերի շրջանակում, չի առանձնացվում, որպես առանձին անհատ, սոցիալական և հասարակական էակ,  սակայն 12-րդ դարի համատեքստում կանանց իրավունքներին անդրադարձն ու նորմերի սահմանումն արդեն իսկ աննախադեպ էր:

Նախադրության մեջ մի փոքր  հատվածում Գոշը բնութագրում է կնոջը, սահմանելով հասարակության մեջ առկա որոշ կանոններ. կինը չպետք է գնա պանդոկ, տղամարդու հագուստ կրի, ի դեպ սա վերաբերում է նաև տղամարդկանց, նրանք ևս չպետք է կնոջ հագուստ կրեն, կանայք չպետք է լինեն դատավոր, դատարանում ամուսնու դեմ վկայություն տան, չպետք է զինվորագրվեն և այլն:

Գոշն իր «Դատաստանագրքում» կարգավորել է ամուսնաընտանեկան նորմերը` հիմքում ունենալով հայ  ազգային ինքնության պահպանումը:

«Դատաստանագրքի» առաջադիմական դրույթներից կարևորվում է ամուսնալուծությունը և փոխադարձ համաձայնությամբ ամուսնությունը, որը պետք է պարտադիր լիներ «փոխադարձ հաճությամբ», նա ով առանց համաձայնությամբ էր ամուսնանում, պետք է տուգանք վճարեր:

Դատաստանագրքով թույլատրվում էր ամուսնալուծությունը, որը այդ ժամանակաշրջանում բավականին արտառոց երևույթ էր. Եվրոպական շատ երկրներում ամուսնալուծությունը թույլատրվեց միայն 20-րդ դարում:

Անգամ մինչև 2011թ. Եվրամիության անդամ Մալթայում ամուսնալուծությունը արգելված էր, իսկ Ֆիլիպիններում, Վատիկանում այժմ էլ արգելված է  և Կաթոլիկ եկեղեցին դեռ քննարկում է  ամուսնալուծության թույլատրելու հարցն ու պայմանները:

«Դատաստանագիրքը» արգելում է աղջկա հետ բռնի, նրա կամքին հակառակ ամուսնությունը, եթե տղամարդը նշանված է կնոջ հետ, ապա չպետք է թողնի նրան, այլ կին առնի, տղամարդը կարող է թողնել կնոջը միայն նրա անբարո վարքագծի կամ ֆիզիկական թերության համար:

Աղջիկը հայրական տնից իր բաժինն ուներ, նշանված ժամանակ ստացած նվերները  համարվում էր  նրա սեփականությունը, եթե ամուսնալուծությունը հիմնավորված էր, ապա կինը  պետք է իր հետ տաներ նվերները, եթե ամուսնալուծությունը կնոջ անբարո վարքի պատճառով էր, ապա` ոչ:

Սահմանված էր նաև, որ եթե տղամարդը թերանում է իր ամուսնական պարտականություններում, ապա միայն կնոջ համաձայնությամբ կարող էր ամուսնությունը շարունակվել, հակառակ դեպքում կնոջը թույլատրվում էր  ամուսնալուծություն, իսկ ամուսնալուծությունից հետո զավակները պետք է մնային հոր մոտ:

Սա գուցե կնոջ իրավունքների սահմանափակում է,  սակայն մեկ այլ տեսանկյունից՝ այս դեպքում  կինը կարող էր կրկին ամուսնանալ, չունենալով երեխաներին միայնակ դաստիարակելու խնդիր: Նշենք, որ մեր օրերում հաճախ ամուսնալուծությունից հետո երեխաները մնում են մոր մոտ, մենակ հոգալով երեխաների դաստիարակության ողջ դժվարությունները, և միայնակ դաստիարակելու խնդիրը հաճախ հնարավորություն չեն տալիս կնոջը կրկին ամուսնանալ:

«Վստահություն սոցիալական աշխատանքի և սոցիալական հետազոտությունների կենտրոն»-ի աշխատակից Անահիտ Հարությունյանը կնոջը վերաբերող 12-13-րդ դարի «Դատաստանագիրքն» ու ժամանակակից օրենքները զուգահեռելով, նշում է, որ Եվրոպայում կնոջը իրավունք տրված չէր ամուսնու կողմից  ծեծվելու դեպքում դիմել դատարան, սակայն Գոշի «Դատաստանագրքում» այդ մասին նշվում է, հայ կինը բռնության ենթարկվելու դեպքում, կարող էր դիմել դատարան, ամուսնու դեմ բողոք ներկայացներ,  նույնիսկ իրավունք ուներ նյութական հայց ներկայացնել:

Հայ կանայք անգամ մ.թ.ա. իրավունք ուներ զբաղվել բիզնեսով և այդ բիզնեսի համար հարկ վճարել և այլն. Նման իրավունքներ շատ երկրներում գոյություն չունեին:

Կանայք, ըստ դատաստանագրքի, իրավունք ունեին հայրական տնից հավասար ժառանգություն ստանալ, մի բան, որ  անգամ  ներկայումս Հայաստանում  չի գործում՝  հիմնական ունեցվածքը մնում է  տղաներին, իսկ աղջիկներին բաժին են տալիս` շատ կամ քիչ, ըստ ծնողների հայեցողության կամ կարողության:

Կնոջ տարած բաժինը կոչվում էր  մայրենիք, իսկ տղամարդու ունեցածը` հայրենիք և նրանց զավակները հավասար իրավունքներ ունեին թե՛ մայրենիքի, թե՛ հայրենիքի նկատմամբ:

Ըստ Գոշի, պսակադրության ժամանակ մաքրություն էր (կույս լինել) պահանջվում թե՛ տղամարդուց, թե՛ կնոջից,  իսկ  կնոջ առևանգման համար պատիժներ էին սահմանված, տուգանք, ապաշխարություն:

Նորապսակ տղամարդը 4-7 տարի չպետք է բանակ գնար և պետք է «ուրախացներ կնոջը»:

Այդ դրույթը  հատկապես արդիական է այսօր, երբ  անգամ առանց կնոջ կարծիքը հարցնելու, ամուսնությունից անմիջապես հետո փեսան իր ծնողների համաձայնությամբ և որոշմամբ մեկնում է  արտագնա աշխատանքի:

Գոշը շեշտում է, որ տղամարդը պետք է կնոջ հետ հաշտ ապրի, մարմնական վնասվածքներ չպետք է հասցնի, կնոջ արժանապատվության համար ամուսինը պատասխանատվություն է կրում:

Եթե օրինական կինը ամուլ էր, ապա «Դատաստանագրքով» տղամարդուն թույլատրվում էր օրինական կնոջ հետ նաև ունենալ կենակից կին, սակայն երկկնությունն օրինական չէր, միայն զավակներ ունենալու համար նա կարող էր պահել կենակից կին և ունենալ զավակներ, սակայն ոչ միևնույն վայրում, նաև տղամարդը կենակից կնոջը իրավունք էր տալիս ամուսնանալ:

Եթե կինը կամ տղամարդը հիվանդանում էին ամուսնության ընթացքում, ապա 7 տարի պետք է ամուսինները հոգ տանեին միմյանց համար, սակայն եթե մինչ ամուսնությունն էր հիվանդությունը եղել ու  թաքցրել էին, ապա կարող էին ամուսնալուծվել: Չէր թույլատրվում մերձավորների ամուսնությունը:

Դատաստանագիրքը նաև սահմանում էր կնոջը սեփականության իրավունքը, որով կինը կարող էր ժառանգություն ստանալ ու ժառանգել, կարող էր ունենալ սեփական տուն: Կանայք նաև իրավունք ունեին զբաղվել բիզնեսով և այդ բիզնեսի համար հարկ վճարել, նման իրավունքներ շատ երկրներում գոյություն չունեին:

«Վստահություն սոցիալական աշխատանքի և սոցիալական հետազոտությունների կենտրոն»-ը 200 կնոջ շրջանում հարցում է  արել սեփական տուն ունենալու վերաբերյալ, դրական պատասխանել է չնչին տոկոսը, անգամ զարմացել են հարցադրման վրա, իսկ միջին դարերում հայ կանայք նման իրավունք ու սեփականություն ունեին:

«12-րդ դարի Գոշի «Դատաստանագիրքը» շատ ավելի առաջադեմ էր, քան եվրոպականը, կամ անգամ ներկայիս օրենքները»,- ասում է Անահիտ Հարությունյանը:

Գոշի Դատաստանագիրքը երկար ժամանակ՝ ընդհուպ 20-րդ դար,  օգտագործվում էր նաև հայ գաղթօջախներում, մի շարք երկրների օրենսդրության մեջ կիրառվել է որպես հիմք, ուսումնասիրվել և ընդօրինակվել է, այնպես որ սա է մեր արժեքը, հայ հասարակությունը  հարևանի օրենքներին դիմելու կարիք չունի, պարզապես պետք է վերհիշել ու առաջնորդվել իրավունքների, հավասարության բարձրագույն սկզբունքով:

Գոհար ՍՏԵՓԱՆՅԱՆ

«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն

Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան

Հեռախոս: +37498 566 886 Էլ. հասցե: [email protected] Ֆեյսբուք:https://www.facebook.com/profile.php?id=100007800990200 Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31