Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«20-30 հոգով 1400 հոգու համար պայքարելը ուղղակի բարոյական չէ»

Օգոստոս 01,2015 17:00

Հուլիսի 28-ին նաիրիտցիները հայտարարել էին, որ կառավարությանը բոլոր աշխատակիցների աշխատավարձերը վճարելու համար երկու օր ժամանակ են տալիս: Երեկ նրանց տված վերջնաժամկետը սպառվել էր, ու նրանք կրկին փողոց էին դուրս եկել: «Արդեն որերորդ անգամ նաիրիտցիներին օրի ու ժամի, ժամանակի հետ կապված խաբում են: Պարզապես նաիրիտցիները սպասելուց բացի՝ ուրիշ ելք ունե՞ն: Ի՞նչ անենք, պետք է սպասենք, մինչեւ իրենց խոստումը կատարեն»,- «Առավոտին» ասաց «Նաիրիտի» աշխատակից Անուշ Հարությունյանը եւ հավելեց. «Այսօր փորձեցինք գործողությունների դիմել, նստացույց հայտարարեցինք, բայց ակնհայտ էր, որ այս շոգին մարդիկ ուղղակի հնարավորություն չունեն այդքան դիմանալու: Առավոտյան հավաքված 400-500 մարդուց մնացին 20-30 հոգի: Երբ հայտարարվեց, որ երկու օրվա ընթացքում պետք է վճարվեն բոլոր աշխատակիցների ամբողջական աշխատավարձերը, մարդիկ թողեցին, գնացին»:
Անուշ Հարությունյանի խոսքով՝ անիմաստ էր 30 հոգով ակցիա անելը. «Ես համարեցի, որ 20-30 հոգով 1400 հոգու համար պայքարելը ուղղակի բարոյական չէ, այդ 1400 հոգին թող գան, կանգնեն՝ իրենց աշխատավարձերը ստանալու համար: Այդ քսան հոգո՞ւն է ամենաշատը աշխատավարձ պետք»:

Այսօրվա դրությամբ «Նաիրիտի» 2270 աշխատակցից միայն 800-ն է ամբողջական աշխատավարձ ստացել: «Այդ մաս առ մաս վճարելու հանգամանքը մեզ միշտ էլ անհանգստացրել է: Այդպես չի կարելի, որ մեկը իր ամբողջ աշխատավարձը ստացել է տասն օր առաջ, իսկ մյուսը պետք է սպասի, թե երբ կբարեհաճեն էլի գումար տալ: Չտայիք ոչ մեկի կամ միանգամից բոլորինը վճարեիք: Էլի ենք սպասելու, երկուշաբթի առավոտյան նորից կհավաքվենք»,- ասաց Անուշ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ նախագահի հանձնարարականով նաիրիտցիների աշխատավարձի պարտքը պետք է վճարվեր դեռեւս մինչեւ հուլիսի 15-ը: Ավելի ուշ հայտարարվեց, որ աշխատակիցներին աշխատավարձերը կբաժանվեն, եթե նախկին աշխատակիցները փաստաթղթերով հրաժարվեն ուշացման պատճառով աշխատավարձին գումարվող տույժ-տուգանքների վճարներից:

ԱՐՓԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31