Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է խաղաղ ճանապարհով հունից հանել իշխանություններին»

Օգոստոս 01,2015 16:00

Կարծում է PR մասնագետ Հայկ Կիրակոսյանը

«Մեզանում քաղաքացիական նախաձեռնությունները սովորաբար պայքարում են հետեւանքների դեմ: Այսինքն՝ մենք ունենք ինչ-որ երեւույթ, որը պատճառն է, եւ այդ պատճառներից ծնվում են հետեւանքներ: Այդ պատճառներից է, որ ծնվում են տրանսպորտի գնի թանկացում, օտարալեզու դպրոցների բացում, պուրակների ծառահատում, տեղը տաղավարների կառուցում, գազի թանկացում, հոսանքի թանկացում, հազար ու մի խնդիրներ: Բոլոր այդ քաղաքացիական նախաձեռնությունները, եթե ուշադրություն դարձնեք, կտեսնեք, որ հենց իրենք էլ իրենց անվանում են այնպես, ինչի դեմ պայքարում են՝ «Ոչ թալանին», «Ընդդեմ օտարալեզու դպրոցների վերաբացմանը», «Վճարում ենք 100 դրամ», «Դեմ ենք կենսաթոշակայինին» եւ այլն: Այդպիսի նախաձեռնությունները թեպետ շատ կարեւոր են, բայց ավելի կարեւոր չեն, քան այն բժիշկը, որը ատամը բուժելու փոխարեն՝ ատամի ցավն է անցկացնում: Այսինքն՝ մենք ժամանակավոր հաղթանակ ենք ունենում եւ պատրանք, որ խնդիրը լուծվեց, բայց իրականում այդ տեղային հաղթանակները որեւէ տեղային հարց են լուծում կամ չեզոքացնում՝ երբեմն երկարաժամկետ, երբեմն կարճաժամկետ սցենարով: Խնդիրն այն է, որ պատճառը շարունակում է հետեւանք ծնել»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է PR մասնագետ Հայկ Կիրակոսյանը:

«Առավոտի» խնդրանքով Հայկ Կիրակոսյանը վերլուծեց մեզանում ձեւավորված ամենահիշարժան քաղաքացիական շարժումների տեխնոլոգիաները եւ դրանց արդյունավետությունը:

«Եթե անդրադառնանք պայքարի այդ օրինակներին, ապա ակնհայտ է, որ արեւմտյան տեխնոլոգիաներ կան. ասում են՝ դրսից մեզ սովորեցնում են, բայց մենք այդքան էլ անխելք ազգ չենք, որ դրսից սովորեցնեն: Համացանցի առկայության պայմաններում կարելի է մի ձեռնարկ վերցնել քաղաքացիական անհնազանդությունների մասին եւ կարդալ հարյուր եղանակ, թե ինչպես կարելի է իշխանությունների հետ պայքարում հասնել ուզածիդ: Նման գրականություն ահռելի քանակությամբ կա՝ նստել դեղին գծերի վրա, որպեսզի տրանսպորտը կաթվածահար լինի, չվճարել միահամուռ, երթեր, ցույցեր, նստացույցեր անել, որոնց կիրառումը մենք տեսնում ենք»:

Մասնագետը միանգամից հիշատակում է վերջին ամենահիշարժան նախաձեռնություններից «Ոչ թալանին»-ը, կարծում է, որ այստեղ նախաձեռնությանը հաջողություն բերեցին հենց իշխանությունները. «Շատ երկրներում հաճախ քաղաքացիական նախաձեռնությունները հրահրում են նման բաներ: Այս դեպքում իշխանությունները իրենց ձեռքով կիրառեցին ուժի տեխնոլոգիան, սեղմեցին զսպանակը, իսկ մենք ֆիզիկայից գիտենք հակազդեցության օրենքը: Իրենք արեցին ավելին, քան անում էին Վաղինակը կամ Մաքսիմը: Վստահեցնում եմ ձեզ, որ մարդիկ Վաղինակի կամ մյուսի համար չէին մասնակցում նախաձեռնությանը, այլ գալիս էին, որ իշխանությունները տեսնեին, որ նրանց արարքը անպատասխան չի կարող մնալ»,- ասում է Հայկ Կիրակոսյանը եւ նշում. «Մինչեւ ջրցանի օրը՝ ես Օպերայում իրենց հանրահավաքներին մասնակցել եմ, դրանք կարելի է որակել որպես ամենաանկազմակերպ հավաքները, թեպետ տղաների նկատմամբ համակրանք ես էլ ունեմ: Խայտառակ վատ տեխնիկական միջոցներ՝ դինամիկները թույլ, ելույթ ունեցողների հռետորական ունակությունները՝ թույլ, չէր լսվում խոսքը»: Ըստ մասնագետի՝ այս նախաձեռնությունում Վաղինակ Շուշանյանը կամ Մաքսիմ Սարգսյանը խարիզմատիկ լիդերներ չէին, մարդկանց Բաղրամյան էր բերում այնտեղ ստեղծված էներգետիկան:

Հայկ Կիրակոսյանը հաջողված նախաձեռնություն է համարում հղիների պայքարը: «Առաջին նման հաղթանակը հղիների ցույցն էր Կառավարության շենքի դիմաց, որից հետո նախկին վարչապետը հետ կանչեց օրենքը: Հաջողված էր տրանսպորտի դեմ պայքարը: Ի դեպ, սա իր ուժով հասնում է Բաղրամյանի պայքարին, ուղղակի այն շարժուն պայքար էր. ոչ թե այդքան մարդ հավաքվել էր մի տեղ, այլ այդքան մարդ սեփական մեքենաներով տատիկ էր տեղափոխում, օրինակ՝ Բանգլադեշ, Մասիվ եւ այլն»:

Խոսելով Հայաստանում ձեւավորված բնապահպանական նախաձեռնություններից, ինչպիսիք են Թռչկանի, Թեղուտի պահպանման պայքարները, Հայկ Կիրակոսյանն ասում է, որ բնապահպանական շարժումները պետք է հասնեն օրենքների փոփոխման: «Մենք, եթե չեմ սխալվում, նման նախարարություն ունենք, որ պետք է գործի: Օրինակ՝ Հայաստանում վաղուց ժամանակն է՝ օրենք հռչակվի, որ ցանկացած մեկ կտրված ծառի համար իրավաբանական սուբյեկտը պարտավորվում է տնկել երեք ծառ, եւ համապատասխան վերահսկողության վարչությունում դա վերահսկելի լինի»:

Պարոն Կիրակոսյանը համոզված է՝ ցանկացած նախաձեռնություն կարող է հաջողության հասնել, եթե կիրառի խաղաղ պայքարի այնպիսի միջոցներ, որ հունից հանի իշխանություններին:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31