Լրահոս
Օրվա լրահոսը

Շինուհայրցիներն ապրում են՝ ջրին ու բերքին կարոտ

Օգոստոս 01,2015 15:30

Շինուհայրցիներն ապրում են՝ ինչպես անապատում. Սյունիքի մարզի այս
գյուղում մարդիկ ջրին կարոտ են մնում, ընդ որում՝ ե՛ւ խմելու, ե՛ւ ոռոգման

Արդեն 10 տարուց ավելի է, ինչ Շինուհայրի բնակիչները ոռոգման ջուր չունենալու արդյունքում չեն կարողանում իրենց հողամասերը մշակել, իսկ մշտական խմելու ջուր չունենալու պատճառով էլ հերթապահում են, թե օրվա մեջ երբ «ջրի մարդիկ» կբարեհաճեն փականը բացել, որ գյուղացիները «ջրի երես» տեսնեն: Իսկ ամռան սեզոնին ջուր չունենալն իսկական դժբախտություն է շինուհայրցիների համար:

«Առավոտի» հետ զրույցում գյուղացիները պատմեցին, որ ամառը հենց սկսվում է, օրական, լավագույն դեպքում, 0,5-1 ժամ են ջուր ունենում, բայց այդ կարճատեւ ջրամատակարարմանն էլ սպասում են 2-3 օր:

«Ոռոգման ջուր ընդհանրապես չունենք, մենք էլ գյուղացի՞ ենք համարվում, գյուղում ապրելով՝ չենք կարողանում տան համար անգամ կանաչի աճեցնել, ինչո՞վ ջրենք հողամասը: Բա էս դարում խմելու ջուր էլ չլինի՞: Մեկ ջրի գալն ենք իմանում, մեկ էլ՝ կտրվելը. մինչեւ սպասում ենք, որ ջուրը մի քիչ հոսի՝ մաքրվի, մեկ էլ կտրվում է: Երեկ գյուղապետի տնից եմ խմելու համար մեկ դույլ ջուր բերել»,- մեզ հետ զրույցում պատմեց Վարդուհի Ստեփանյանը:

Գյուղացիներից մեկն էլ ասաց, որ այդ տված ջուրն էլ խմելու պիտանի չէ. «Ջուրն էլ ջուր լինի՝ կեղտոտ, ցեխոտ: Ծորակը բացում ենք՝ ցեխաջուր է գալիս: Գյուղապետին դիմում ենք, ասում է՝ իմ գործը չէ, Սիսիանն է ջուրը մատակարարում, Ջրմուղն էլ պատասխանում է, որ իբր մեր գյուղը ջրով ապահովված է: Օր է լինում, որ ցերեկը, ասենք, 3 ժամ ջուր են տալիս, մեկ էլ՝ գիշերն են տալիս, ու հաջորդ օրը չեն տալիս՝ պատճառաբանելով, թե գիշերը տվել են: Մենք հո գիշերը արթուն չե՞նք մնալու տեսնենք՝ ջուր տվի՞ն, թե՞ չէ: Ջրի պահա՞կ նստենք»: Շինուհայրցիների ներկայացմամբ՝ տարիներ առաջ, երբ նրանց ստիպել են ջրաչափեր տեղադրել, «Հայջրմուղկոյուղին» նախորդ տարիների ջրի վարձավճարները գանձելու պահանջով դիմել էր դատարան, որն էլ հիմք ընդունելով կառավարության որոշումը՝ յուրաքանչյուր մարդու համար օրական անհրաժեշտ է 200 լիտր ջուր, գյուղացիներին պարտավորեցրել էր վճարել այդ գումարները. «Դատարանը նույնիսկ հաշվի չառավ, որ ցանցը գյուղի սեփականությունն էր, եւ գյուղացիներն էլ կատարել էին սահմանված վճարումները: Դե հիմա թող կառավարությունն ապահովի այդ 200 լիտր ջուրը, ինչո՞ւ չեն անում, ո՞ւմ դիմենք»:

Գյուղի ջրամատակարարման ներքին ցանցը մաշված է, գյուղացիների տեղեկացմամբ՝ ջրատարները ծակծկված են, ու այդ ծակերի միջով ինչ ասես, որ չի լցվում խողովակների մեջ ու հոսելով հասնում գյուղացիներին:

Այս առնչությամբ «Առավոտը» դիմեց Սյունիքի մարզպետարան, որտեղից մեզ պատասխանեցին, թե Շինուհայրում, չնայած որ շուրջօրյա չէ խմելու ջրամատակարարումը, բայց այն կանոնավոր է, եւ օրական մի քանի անգամ ջուր են տալիս: Մարզպետարանից վստահեցնում են, որ եկող տարի Շինուհայրը կներառվի վարկային ծրագրով նախատեսված ջրամատակարարման ցանցի հիմնանորոգման ծրագրում: Իսկ ոռոգման ջրի բացակայության խնդրի առնչությամբ էլ առաջիկայում կպատասխանեն: Մարզպետարանի պատասխանը բորբոքեց շինուհայրցիներին, նրանք զայրացան ու բորբոքված ասացին. «Ոնց թե՝ կանոնավոր ջրամատակարարում, ի՞նչ է՝ ամբողջ գյուղը ստո՞ւմ է, էդ մարզպետարանի աշխատողը թող գա մի-երկու օր ապրի մերոնցից մեկի տանն ու տեսնի՝ կանոնավո՞ր է, թե՞ անկանոն, ու մի հատ էլ թող ծորակից ջուր խմի, տեսնենք՝ ի՞նչ կզգա»:

Շինուհայրի գյուղապետ Սմբատ Երեմյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ գյուղի առաջնային խնդիրը խմելու եւ ոռոգման ջուրն է, գյուղը չունի օրվա կարգավորիչ ջրամբար, ուստի ստիպված գրաֆիկով՝ ըստ թաղամասերի են ջուր տալիս. «50 տարվա հնամաշ ցանց է, գյուղն այդքան գումար չունի, որ փոխի ցանցը կամ ինքնահոս ջրագիծ անցկացնի, իսկ եթե ջրամբար ունենայինք, 12 ժամ ջուր կտայինք: Գյուղի տնամերձի 10-15%-ն է ոռոգվում: Ավելի լավ է՝ գյուղը գազ չունենա, քան ջուր: Գյուղացու եկամտի միակ աղբյուրը հողն ա, էն էլ՝ չի կարում մշակի ջուր չունենալու պատճառով, դրա համար էլ բերքի մեծ կորուստներ ենք ունենում: Հույս ունենք՝ խոշորացումից հետո էս հարցը կլուծվի: Ես մարզպետարանին մշտապես էս խնդիրը ներկայացրել եմ, բոլորը տեղյակ են: Ջրմուղն էլ ասում ա՝ ցանցը ձերն է, դուք էլ պիտի վերանորոգեք»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31