Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի բնակիչներ Ահարոն, Յալդուզ Բաղդասարյանները եւ Աննա Մնացականյանը դիմել են «Առավոտ» թերթին՝ դժգոհությամբ, որ տարիներ ի վեր իրենց կողմից մշակվող հողատարածքը Վերին Գետաշենի գյուղապետ Ռուբիկ Ղուկասյանը տրամադրել է գյուղապետարանի ճարտարագետ Էդիկ Բաղդասարյանին:
«Մենք տարիներ առաջ եղել ենք մեկ ընտանիքի անդամներ։ Մեր տան դիմաց՝ ճանապարհի եզրին, գտնվում է մեր տնամերձ հողամասը՝ 0,36 հեկտար։ Այդ հողամասին կից կա նաեւ 0,06 հա ազատ, անմշակ քարքարոտ փոս տարածք, որը դեռեւս 1980 թվականից մինչ այժմ մեր ընտանիքով մեծ ծախսերով հարթեցրել, դարձրել ենք մշակովի տարածք եւ այդ նույն թվականից մինչ օրս տնօրինել, տիրապետել եւ օգտագործել ենք մենք։
Հետագայում 2007 թ. գյուղապետարանի ներկա աշխատողների կողմից կազմված եւ գյուղապետի հաստատած հատակագծով այդ 0,36 հա տնամերձ հողամասը գրել են 0,32 հեկտար։ Աննա Զարզանդի Մնացականյանս մեր ընտանիքի հարսն եմ, միայնակ մայր, ունեմ երկու երեխա։ 2008թ. փաստաբան Ստյոպա Կարապետյանի ձեւակերպած դիմումով դիմել եմ գյուղապետին, որպեսզի վերը նշված 0,06 հեկտար անմշակը մշակովի դարձրած տարածքը ինձ հատկացվի եւ գրանցվի իմ անունով՝ վարձակալությամբ կամ արժեքը մուծելով, սակայն դիմումս մնացել է անպատասխան»,- պատմում են դիմումի հեղինակները։
Ըստ նրանց՝ 17.07.2015թ.-ին իրենց տուն են այցելել գյուղապետի կողմից ուղարկված Մարտունու ոստիկանության աշխատողներ, որոնք ցույց տալով գյուղապետի ստորագրությամբ կազմած 23.12.2014թ. N3 մի պայմանագիր՝ հայտնել են, որ վերոնշյալ 0,06 հա տարածքը մրցութային վարձակալությամբ 25 տարով հատկացվել է գյուղապետարանի ճարտարագետ Էդիկ Բաղդասարյանին։
Կարդացեք նաև
«Բայց իրականում մրցույթ չի եղել, ոչ էլ իրավունք ունեին առանց մեր ընտանիքի մասնակցության՝ մեզնից գաղտնի հողի օտարման մրցույթ կազմակերպել: Համաձայն ՀՀ հողօրենսդրության՝ հողի օտարման համար պետք է ավագանու նիստ լիներ, եւ ավագանին որոշեր, մամուլով եւ կառավարության տեղեկագրով հայտարարություն տրվեր, սակայն դրանք գոյություն չունեն։ Գյուղապետարանի այդ պաշտոնյան՝ Էդիկ Բաղդասարյանը, իր պաշտոնեական դիրքը չարաշահել է նաեւ 5-6 տարի առաջ, իմ բացակայության ժամանակ ապօրինի, առանց նախագծի, ինքնակամ կարգով իր շենքի 8 մ երկարությամբ, 5 մ բարձրությամբ պատը շարել է իմ սեփական սահմանային պատի վրա, որը ստվերակալել է իմ բանջարանոցը, իսկ տանիքից հոսող ջրերը լցվում են իմ բակը: Մեզ էլ ասում է՝ ուր ուզում եք բողոքեք»,- գրում են դիմումի հեղինակները՝ ակնկալելով իրավապահ մարմինների աջակցությունը, որպեսզի վերոնշյալ պայմանագիրը չեղյալ համարվի եւ ընտանիքի ջանքերով մշակած տարածքը վերադարձվի:
Դիմումին կցված են նաեւ համայնքի բնակիչների հավաստիացումները, որոնք վկայում են, որ Ահարոն, Յալդուզ Բաղդասարյաններն այդ տարածքը մշակել են դեռեւս 1980 թվականից։
«Առավոտն» այս բողոքի առնչությամբ դիմեց Վերին Գետաշենի գյուղապետ Ռուբիկ Ղուկասյանին: Մեր այն դիտարկմանը, թե Բաղդասարյանները պնդում են, որ տվյալ հողատարածքի համար մրցույթ չի եղել եւ ապօրինի կերպով է 0.06 հեկտարը հատկացվել գյուղապետարանի ճարտարագետին, հարցրինք՝ մրցույթ հայտարարվե՞լ է եւ ե՞րբ: Պարոն Ղուկասյանն ասաց, որ մրցույթի հայտարարությունը տրվել է 2015 թվականի ապրիլի 1-ին «Հայաստանի Հանրապետություն» թերթում, եւ որ տարածքը գյուղապետարանի աշխատակից Էդիկ Բաղդասարյանին տրվել է մրցութային կարգով:
Գյուղապետը նաեւ հայտնեց, որ հողատարածքը ոչ թե 600 քմ է, այլ 4000 մետր, եւ ամբողջը գյուղապետարանի ենթակայությամբ հողատարածք է:
«Այդ 600 մետրը ոչ թե իմ աշխատողն է՝ դրա համար եմ հատկացրել նրան, այլ Էդիկ Բաղդասարյանի տան մոտ գտնվող հողատարածք է, երկուսն էլ այդտեղ են ապրում, հարեւաններ են, եւ բարոյական չէ՝ մեկին 4000 մետր հող տայինք, մեկին՝ ոչ մի կտոր: Բաղդասարյաններին էլ առաջարկել եմ 3400-ը, բայց ասում են՝ չէ որ չէ, մենք այն 600-ն ենք ուզում»:
«Առավոտի» այն հարցին, թե գուցե այդ 600-ը մշակել են տարիներ ի վեր եւ այդ պատճառով հենց այդ հողակտորն են ցանկացել ձեռք բերել, գյուղապետ Ռուբիկ Ղուկասյանը վստահեցրեց, որ 20 տարվա գյուղապետ է եւ երբեւէ չի տեսել այդ հողատարածքում գյուղատնտեսական աշխատանք կատարեն. «Ոչ իրենք, ոչ էլ Էդիկն այդտեղ ոչ մի աշխատանք չեն կատարել, ոչինչ տնկած չի, ծառ չկա, եթե գաք տեսնեք գոնե մեկ սանտիմետր մշակված տարածք, ինձ կանվանեք ստախոս: Իմ առաջարկը այն է՝ 3400-ը վերցրեք, եթե չեն համաձայնվում, ես իրավունք ունեմ եւ այդպես էլ անելու եմ, նրա պայմանագիրը չեղյալ եմ համարելու եւ այդ 4000-ը դնելու եմ մրցույթի, ով կառնի՝ չգիտեմ: Նրանք երկու հորեղբոր տղաներ են, հարեւաններ են պատը պատին, եւ ես չեմ ուզում, որպեսզի հողի պատճառով թշնամանան»:
Մեր այն դիտարկմանը՝ եթե գյուղապետը չէր ուզում, որ թշնամանային, հակառակն աներ եւ 600 մետր հողակտորը հատկացներ Բաղդասարյաններին, իսկ 3400-ից էլ մի հատված գյուղապետարանի ճարտարագետին տրամադրեր, պարոն Ղուկասյանն ասաց, որ այդ 600 մետրը ավելի մոտ է Էդիկ Բաղդասարյանի տանը, իսկ մնացած հողակտորը՝ Բաղդասարյաններին:
«Նրանք երկուսն էլ գոմաղբ են այդտեղ լցնում, եւ ամեն մեկին հարմար է, որ իրենց տանը մոտ լինի: Այդ հողում ուրիշ ոչինչ չեն անում, չեն մշակում: Եթե հակառակն անեի, ապա վաղը նա կասի՝ իմ տան դեմ է գոմաղբ լցնում, նա կասի՝ իմ տան առաջ է լցնում»:
Ինչ վերաբերում է, որ Բաղդասարյանները տարիներ առաջ դիմել են այդ հողատարածքը սեփականաշնորհելու, սակայն նրանց դիմումը մնացել է անպատասխան, պարոն Ղուկասյանն ասաց. «Ես բանավոր ասել եմ, որ հողը հատկացնելու համար պետք է մրցույթ հայտարարեմ՝ ինչպես որ օրենքն է պահանջում, եւ այդ խոսակցությունից հետո նրանք գնացին արտերկիր»:
Գյուղապետն անդրադառնալով նաեւ Բաղդասարյանների այն մեղադրանքին, թե նրանց պատկանող 0,36 հեկտարը դարձել է 0,32 հեկտար, ասաց, որ 2007-ին գյուղում քարտեզագրում է եղել, եւ շատ մարդկանց հողեր ավելացել են, կան մարդիկ էլ, որոնց հողերը պակասել են:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
31.07.2015