Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքի տեղավորելու պատրվակով՝ «խաթարված ձեւով սեքսուալ գործողություններ»

Օգոստոս 01,2015 14:30

Համացանցային ծանոթությունների
եւ հետագայում դրա տխուր հետեւանքների մասին լսում ենք գրեթե ամեն օր

Մարդիկ հաճախ, հավատալով համացանցում տեղադրված առանձին կայքերի հայտարարություններին, հայտնվում են հանցագործ մտադրություններ ունեցողների ճիրաններում, իսկ գործը հետագայում հանգրվանում է դատարաններում: Մեր այս հրապարակման հերոսը, որի անվան-ազգանվան սկզբնատառերն անգամ փոխված են, դռնփակ դատական նիստով դատապարտվել է ազատազրկման երեք տարի ժամկետով:
Նա մեղադրվել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու եւ «իր սեռական կրքերին խաթարված ձեւով հագուրդ տալու համար»:

Նրա նկատմամբ նախաքննություն իրականացնող մարմինը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժինը, խափանման միջոց էր ընտրել ստորագրությունը քաղաքից չբացակայելու համար:
Դատական նիստերը ընթացել են դռնփակ ընթացակարգով: Գործը բողոքարկվում է վերաքննիչ դատարանում: Ա. Ա.-ն պահանջում է բեկանել իր նկատմամբ կայացրած դատավճիռը եւ ազատազրկում պատժաչափը փոխարինել փորձաշրջանով:
Ա. Ա.-ն համացանցի «List.am» կայքի միջոցով խանութում որպես մենեջեր աշխատանքի տեղավորելու պատրվակով 2014թ. հունիսին ծանոթացել է Գ. Գ.-ի հետ: Տուժողի անվան-ազգանվան սկզբնատառերը նույնպես փոխված են:

Առաջին անգամ հանդիպել են Երեւան քաղաքի մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ: Քրեական գործի համաձայն՝ հանդիպումը տեւել է շատ կարճ: Տուժողը շտապում էր, պայմանավորվել են հանդիպել նորից:

Գ. Գ.-ն փորձաշրջանով աշխատանքի է ընդունվել:

Աշխատանքի ընդունվելու առաջին իսկ օրը Ա. Ա.-ի առաջարկով նրանք դրսում հանդիպել են:

Երբ հանդիպել են մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ, միասին գնացել են «Հաղթանակ» զբոսայգի:

Ա. Ա.-ի ավտոմեքենայից դուրս են եկել, եւ տուժող Գ. Գ.-ի կամքին հակառակ` ամբաստանյալը գրկել եւ համբուրել է նրան:

Ըստ տուժողի նախաքննության ժամանակ տված ցուցմունքներից մեկի՝ Ա. Ա.-ն նրա կամքին հակառակ հագից հանել է կոշիկներն ու տաբատը: Նա սեքսուալ գործողություններ է կատարել, առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ իր հետ: Տուժողը դիմադրել է, որից հետո Ա. Ա.-ն տուժողից պահանջել է հագնվել եւ դուրս գալ իր մեքենայից: Նրան թողնելով «Հաղթանակ» զբոսայգում` ամբաստանյալը մեքենայով հեռացել է:
Դատարանում ամբաստանյալը հրաժարվել է դիրքորոշում արտահայտել: Նա ցուցմունք էր տվել, նկարագրել, թե ինչպես է տեղեկացել տուժողի մասին:

Ամբաստանյալն ասել էր, թե «List.am» կայքում դիտել է տարբեր հայտարարություններ, եւ երբ նկատել է աշխատանք փնտրելու վերաբերյալ Գ. Գ.-ի հայտարարությունը, որտեղ նշված է եղել նաեւ վերջինիս բջջային հեռախոսահամարը, որոշել է զանգել նրան եւ առաջարկել օգնել աշխատանքի տեղավորման հարցում: Եվ քանի որ ինքն այդ ժամանակ նույնպես աշխատանք է փնտրել, եւ առաջարկ է եղել միայն մենեջերի աշխատանք, որտեղ պահանջվել են միաժամանակ եւ աղջիկ, եւ տղա, ուստի տեսնելով տուժողի աշխատանք փնտրելու վերաբերյալ հայտարարությունը՝ զանգել է նրան:

Ամբաստանյալը դատարանում նաեւ հայտնել էր, որ ինքը «List.am» կայքում «հայտարարություն չի տեղադրել, նախկինում որեւէ մեկին նման առաջարկով չի ներկայացել»:

Ամբաստանյալի բախտը բերել էր, ըստ նրա ցուցմունքների՝ իրեն աշխատանքի են ընդունել առաջատար ընկերություններից մեկում, եւ դա էր պատճառը, որ իրենց առաջին հանդիպման ժամանակ շտապել է:

Ամբաստանյալը հրաժարվել է, թե ինքն առաջարկել է տուժողի հետ սեռական հարաբերություններ ունենալ կամ անպարկեշտ որեւէ առաջարկ, ավելին` «աշխատանքի տեղավորման հետ կապված խոսակցություն իրենց միջեւ չի եղել»:

Նա նկարագրել էր նաեւ իրենց «դեպքի» օրը». հանդիպել է տուժողի հետ ոչ թե նրան աշխատանքի տեղավորելու, այլ նրա հետ ժամանակ անցկացնելու նպատակով:
Տուժողի հետ գնացել են «Հաղթանակ» զբոսայգի, եւ տուժողը չի հարցրել, թե ուր են գնում. «Երբ հասանք զբոսայգի, մեքենան կանգնեցրեցի այգու ծառախիտ վայրում»:
Ամբաստանյալի ցուցմունքով` տուժողը չի դիմադրել իրեն ինչպես դրսում, երբ գրկախառնվել են, այնպես էլ մեքենայում:

Ըստ ամբաստանյալի՝ տուժողն ինքը չի ցանկացել «բնականոն սեռական հարաբերություն ունենալ», ինչից բարկացել է, հեռացել:

Ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել:

Տուժողը պատմել է, որ աշխատանք է փնտրել: Ըստ նրա էլ՝ ինքը հայտարարություն էր տվել «gind.am» կայքում այն մասին, որ փնտրում է օպերատոր-գործավարի աշխատանք եւ որպես կոնտակտային հեռախոսահամար՝ նշել է իր բջջային հեռախոսահամարը:
Երբ մի պայծառ առավոտ միացրել է բջջային հեռախոսը, ստացել է հաղորդագրություն. անծանոթ համարից զանգել են իրեն. «Զանգահարած անձի ինքնությունը պարզելու նպատակով զանգել է այդ համարին: Զանգին պատասխանել է մի տղա, որը ներկայացել է Ա. Ա. անունով»:

Տուժողի պատմելով՝ ամբաստանյալը, երբ հանդիպել է իրեն, հայտնել է, թե ունի շինարարական կազմակերպություն, տնտեսական խանութ եւ առաջարկել է իրեն մենեջերի աշխատանք:

Մինչ հաջորդ հանդիպումը` տուժողը աշխատանքի է ընդունվել փորձաշրջանով:
Նրա նկարագրածով էլ` «դեպքի օրը» նշված վայրում մարդիկ եւ ավտոմեքենաներ չեն եղել: Ամբաստանյալի առաջարկով իջել է մեքենայից, եւ նա պահանջել է մաքրել շրթներկը, որ իրեն համբուրի: «Քանի որ այնտեղ այլ մարդիկ չկային, տեղանքն էլ անծանոթ էր, չեմ կարողացել փախչել»,- ասել էր աղջնակը:
Նախաքննության ընթացքում տված այդ ցուցմունքները պնդել է մեղադրյալի հետ առերես հարցաքննության ժամանակ:

Լրացուցիչ հարցաքննության ընթացքում հետագայում տուժողը հրաժարվել է մինչ այդ տված իր նախաքննական ցուցմունքներից եւ հայտնել, որ իր եւ ամբաստանյալի միջեւ տեղի ունեցածը կատարվել է փոխադարձ համաձայնությամբ:
Ի դեպ, իր վնասվածքի մասին էլ հայտնել էր, թե ստացել է դեպքի հաջորդ օրը հոր հարվածի հետեւանքով:

Դատարանում տված իր լրացուցիչ ցուցմունքով տուժողը հայտնել է, որ ինքը տվել է սուտ հաղորդում, իր բացատրության մեջ նշված որոշ հանգամանքներ իրականությանը չեն համապատասխանում, ճիշտ է միայն նախաքննության ընթացքում իր վերջին ցուցմունքով հայտնածը:

Վկաներից՝ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի 6-րդ վաշտի 1-ին դասակի ջոկի հրամանատար, ոստիկանության ավագը հայտնել էր, որ երբ ահազանգի հետքերով հասել է դեպքի վայր, տեսել է տուժողին. «Նա եղել է շատ հուզված, լացակումած: Դեմքին ակնհայտ վնասվածք՝ կապտուկ կամ քերծվածք չի նկատել: Վերջինս չի ասել իրեն ծեծի ենթարկելու մասին»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31