Լրահոս
Օրվա լրահոսը

Թատրոնի տնօրենի էջը կոտրել էին ու գրել, որ մահացել է

Օգոստոս 01,2015 14:00

Մխիթար Մոս-Մուշեղյանը չի դիմի իրավապահներին

7 տարի առաջ հիմնադրված «Յանուս» արտիստական թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Մխիթար Մոս-Մուշեղյանի եւ թատրոնի ֆեյսբուքյան էջերը օրերս հաքերային հարձակման են ենթարկվել:

Մխիթար Մոս-Մուշեղյանը զարմացած է. «Ախր այդքան պոպուլյար մարդ չեմ, սերիալում էլ չեմ նկարվում, ինչո՞ւ էդպես արեցին»: Նա «Առավոտին» հայտնեց, որ պատահաբար է տեղեկացել կատարվածի մասին. «Առավոտյան էքստրասենս ընկերներիցս մեկը ինձ զանգահարեց ու հարցրեց՝ որտե՞ղ եմ, ինչպես ե՞մ, այսօր մտե՞լ եմ Ֆեյսբուք: Ասացի՝ նոր եմ արթնացել, դեռ չեմ հասցրել»: Մեր զրուցակիցը պարզել է, որ թատրոնի ֆեյսբուքյան էջից Լուսինե անունով մեկը (նման աշխատակից չունեն) գրել է, որ իբր Մխիթար Մոս-Մուշեղյանի վիճակը վատացել է եւ տեղափոխվել է հիվանդանոց՝ սրտի կաթված ախտորոշմամբ: Իսկ ամենավերջում գրել էր, որ նա մահացել է: Ֆեյսբուքյան գրառման մեջ նշվել էին «մահացածի» ծանոթներն ու այն ընկերները, որոնց հետ նա ավելի շատ է շփվում՝ հավանաբար տեղեկատվությունը արագ տարածելու ակնկալիքով:

Ռեժիսորը նյարդայնացել է, որ ցավակցություններ է ստացել իր «մահվան» առիթով, ու ամեն ինչ այնքան պրոֆեսիոնալ է արվել, որ արժանահավատ է թվացել, եւ իր ծանոթները նույնիսկ չեն զանգել՝ ճշտելու տեղեկատվության հավաստիությունը: «Ընկերներից մեկը նույնիսկ նկարս էր դրել ֆեյսբուքում, իր էջում գրել, որ ցավակցում է բոլորին, Աստված հոգին լուսավորի, եղբայրս եւ այլն… Սառը քրտինք տվեց, տհաճ երեւույթ է, երբ պատկերացնում ես` ի՜նչ են զգացել այդ ամբողջ ընթացքում, ամբողջ գիշեր ինչ-որ ապուշ ստիպել է մարդկանց լարված մնալ, թե ինչ կլինի ինձ հետ, հետո էլ առավոտյան տեղեկացրել է, թե իբր մահացել եմ: Հիմա էլի Ֆեյսբուքով ինձ նամակներ են գալիս, զանգում են, թե չե՞ք կապում դա ձեր անձնական կյանքի հետ` նկատի ունեն ամուսնալուծությունս: Իրականում չեմ կապում: Կարծում եմ, որ երբ մարդիկ ամուսնալուծվում են, պետք է մնան ընկերներ, ոչ թե լինեն թշնամիներ, որովհետեւ փոքր երկրում ենք ապրում, հնարավոր է` օրական երկու անգամ հանդիպենք, ու պետք չէ, որ իրար թարս նայենք ու չբարեւենք: Չնայած իմ նախկին կինն այդ կարծիքին չէ, բայց չեմ հավատում, որ ինքը նման քայլի կգնար»,- ասում է Մխիթարը:

Նրանից հետաքրքրվեցինք՝ չի՞ պատրաստվում դիմել իրավապահ մարմիններին: Բացասական պատասխան տվեց. «Ոչ, իմաստ չունի: Ով որ արել է` իմ կյանքից լավ տեղյակ մարդ է, գիտի ՝ ում եմ սիրում, ոնց ստացվեց, որ ամուսնալուծվեցի: Հետո երեւի ես չեմ կարողանա պարզել այդ մարդու ինքնությունը, մանավանդ որ` հեղինակը չի կոտրել կայքը, այլ ինչ-որ մեկին է խնդրել դա անել: Իմիջիայլոց, երբ այդ ամենի պատճառով առաջացած լարվածությունից դուրս գալու համար երեկոյան գնացի սրճարան, Սունդուկյանի դերասաններից մի քանիսին տեսա, որ զարմացած նայում էին երեսիս, բարեւեցի, ասում եմ՝ ինչո՞ւ եք զարմացած: Մեկը չդիմացավ, հարցրեց` դու չե՞ս մահացել: Կատակեցի՝ մահացել եմ, ու իմ ուրվականն է քեզ հետ խոսում… Այս օրերին այնպիսի տպավորություն ունեի, որ իսկապես ինֆարկտ կստանամ ու կգնամ… Սարսափելի զգացողություն էր: Շատերը կմտածեն, որ այս ամենի հեղինակը ես եմ` անվանս շուրջ աղմուկ ստեղծելու միտումով, ցավոք, ես էլ այդպես կմտածեի, եթե սա ուրիշի հետ կապված լիներ, բայց այդպես չէ…»: «Յանուս» արտիստական թատրոնի տնօրենը հավելեց, որ իր «մահվան» գույժի հետ նույնիսկ լուսանկար էին զետեղել՝ մեկը երկու տարի առաջվա վիրահատությունից էր՝ շնչառական սարքերով, մյուսը՝ աստիճաններին ընկած: Ընդ որում, մեր զրուցակցի ասելով՝ առաջին լուսանկարը երբեք չի հրապարակվել, իսկ երկրորդը իր ֆիլմի անոնսից է: Նա նաեւ հայտնեց, որ էջերը կոտրողը չի էլ փոխել գաղտնաբառերը, իսկ դա ուղերձ է, որ երբ ուզենա՝ կկոտրի էջը, անգամ փոխած գաղտնաբառերի դեպքում: Նա ջնջել է նաեւ Մխիթարի ողջ նամակագրությունը:

Մեր զրուցակցի համար այս միջադեպը տհաճ է, բայց կյանքը շարունակվում է, նա ասաց, որ պատրաստվում է կրկին ամուսնանալ, ընդ որում՝ ամուսնանալ այն աղջկա հետ, որին սիրում է մինչեւ հիմա ու փորձում է կարգավորել հարաբերությունները:
Ստեղծագործական առումով էլ դադարներ չկան՝ աշխատում է նոր ֆիլմի վրա, առաջիկայում կրկին կխաղան «Բռնաբարված հարսանիք» ներկայացումը, քանի որ պահանջարկը մեծ է: Տարակուսում է, որ քննադատություններ է ստանում վերնագրի առումով. «Ես էլ ասում եմ` էդ ինչպե՞ս է, գնում եք ներկայացման, որի անունն է՝ «Ինչ տարբերություն, թե ում հետ», ու չեք զարմանում կամ` չեք զարմանա, երբ հանդիպեք «Պուտինն ու Օբաման» վերնագրով ներկայացման, որտեղ ուղղակի հերոսներից մեկի մականունը Պուտին է, մյուսինը՝ Օբամա, եւ ներկայացումն էլ ընդամենը կոմերցիա է»: Մխիթար Մոս-Մուշեղյանը պատմեց, որ դեռ երեխա ժամանակվանից երազում էր խաղալ մի ֆիլմում, որտեղ կլինի նաեւ Լուի դը Ֆյունեսը, սակայն հասուն տարիքում պարզել է, որ անվանի դերասանը մահացել է այն տարում, երբ ինքը ծնվել է: «Հիմա ունեմ ֆիլմի սցենար, որի վրա աշխատում եմ, ունեմ Հայաստանի մի շարք ժողովրդական դերասանների համաձայնությունը, որ խաղան այդ ֆիլմում, չի բացառվում, որ նաեւ աշխարհահռչակ մեկը խաղա»,- հույս ունի նա:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31