Մնջախաղաց Վահրամ Զարյանին այս ժանրի երկրպագուները կմտաբերեն 1900-ականների կեսերից մինչեւ 2000թ. Ժիրայր Դադասյանի ղեկավարած Երեւանի պետական մնջախաղի թատրոնի խաղացանկային «Թռիչք», «Գեներ», «Չարի ծաղիկներ» եւ այլ ներկայացումներից: Շուրջ 15 տարի է, ինչ արտիստը ապրում եւ ստեղծագործում է Փարիզում:
«Առավոտի» հետ զրույցում արվեստագետը տեղեկացրեց, որ սովորել է Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում, միաժամանակ ճանաչված դերասան Գուժ Մանուկյանի եւ Ժիրայր Դադասյանի արվեստանոցներում: Ի՞նչն առիթ հանդիսացավ, որ նա հիմնավորվեց մնջախաղային արվեստում` հարցին մեր զրուցակիցը պատասխանեց, որ մշակութային շոկ է ապրել, երբ փոքր տարիքում հեռուստատեսությամբ դիտել է Լեոնիդ Ենգիբարյանին, Մարսել Մարսոյին եւ Սլավա Պոլյունինին: «Հետո, ճիշտն ասած, շոկն անցավ, եւ 14-15 տարեկանում ընդունվեցի Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնին կից ստուդիա, որը ղեկավարում էր ժողովրդական արտիստ Վոլոդյա Գրիգորյանը: Ինձ գրավում էր նաեւ պարարվեստը: Մտածեցի, որ կարելի է մնջախաղում մեկտեղել թատերարվեստն ու պարարվեստը: Մեկ տարի շարունակ բաց չէի թողնում Մնջախաղի թատրոնի ոչ մի ներկայացում: Ծանոթացա պարոն Դադասյանի հետ, ընդունվեցի թատերական եւ արդեն 3-4 ամիս անց ընդգրկվեցի թատրոնի դերասանական խմբում»,- մանրամասնեց Վահրամ Զարյանը:
Դիտարկմանը, թե ներգրավված էր թատրոնի ներկայացումներում, կարելի է ենթադրել, թե իբրեւ արտիստ բավարարված էր, ուրեմն ինչո՞ւ հանկարծ հայտնվեց Եվրոպայում: «Երեւանում ծանոթացա գերմանացի իմպրեսարիո Գուիդո Մոդելժայմի հետ, որն ինձ հրավիրեց իր երկիր, իսկ դրսում թատերական միջավայրում ինտեգրվելու համար անհրաժեշտ պայման է, թե ինչ դպրոց ես անցել: Հասկանալի պատճառով, ինձ հետաքրքրեցին մնջախաղի աշխարհահռչակ վարպետներ Մարսել Մարսոյի, Ժակ Լըքոկի դպրոցները: Եկա Փարիզ, մեկ տարի Լըքոկի դպրոցում ուսանելուց հետո տեղափոխվեցի Մարսել Մարսոյի անվան միմոդրամայի միջազգային դպրոց: Ի դեպ, մաեստրոյի արվեստանոցում 8 երիտասարդների հետ իսկապես բախտ ունեցա երեք տարի խորանալու դասական մնջախաղային արվեստի մեջ: Դիպլոմ ստացանք երեքս, արդեն վատթարացել էր Մարսոյի առողջական վիճակը: Զարմանալի է, բայց փաստ՝ միջազգային դպրոցի ֆինանսական վիճակն էլ անկում էր ապրել, ու, փաստորեն, փակվեց այդ հանճարեղ մնջախաղացի դպրոցը»,- ասաց արվեստագետը:
Հավելեց նաեւ, թե Մարսոյի ուսանողներով հիմնադրել են Theatre Suspendu-ն ու ներկայացումներով հանդես եկել եվրոպացի թատերասերի առջեւ: Մնջախաղացը նշեց, որ այդ ընթացքում հրավերներ է ունեցել նաեւ ֆրանսիական տարբեր թատրոններից, օրինակ՝ Փարիզի օպերային թատրոնում կայացած գալա համերգում խաղացել է սպիտակ միմի դերը եւ այլն: Մասնակցել է հանրահայտ մնջախաղաց Մորիս Բեժարի ղեկավարությամբ շուրջ մեկ տարի տեւողությամբ եվրաշրջագայություններին: 2011-ից Վահրամ Զարյանը հիմնել է «Compagnie Vahram Zaryan» թատերախումբը, որը հյուրախաղերով հանդես է եկել Նյու Յորքում՝ ճանաչված մնջախաղաց Ռիչմոնդ Շեպալդիի թատրոնում:
Արվեստագետն ասաց, որ Շեպալդիի հետ ծանոթացել էր 2002թ. Ծաղկաձորում անցկացվող մնջախաղի արվեստի ավանդական փառատոնին: Սա Արեւմուտք մեկնած հայ արվեստագետի միակ հայաստանյան հյուրախաղն է: Կանխելով մեր հարցը` արտիստը նշեց, որ 2016թ. իր թատերախմբով սիրով կմասնակցեն ծաղկաձորյան փառատոնին, եթե հրավեր ստանան: Հարցին՝ մնջախաղային ժանրերից ո՞րն է գերադասում՝ էստրադայի՞նը, կլոունադա՞ն, էքսցենտրի՞կը, թե՞ դրամատիկականը, Վահրամ Զարյանը պատասխանեց. «Ճիշտ է, ստացել եմ դասական մնջախաղի կրթություն, բայց դա այսօր քիչ է հետաքրքրում հանդիսատեսին, այդ թվում՝ նաեւ ինձ: Նախընտրում եմ մոդեռն մնջախաղը, որի հիմքը, ի վերջո, դասականն է: Ես զբաղված եմ ժամանակակից շարժման թատրոնով»: Նախընտրում է աշխատել սեփակա՞ն սցենարով, թե՞ այլ հեղինակների` մնջախաղացը հայտնեց. «Տարբեր… Օրինակ` վերջին ներկայացումս` «La tete en bas»-ը, Նոյել Շատլեի համանուն ստեղծագործության մոտիվներով է»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարները՝ Լորեն Մարիոնի
եւ Արթուր Լումեն-Գեւորգյանի
«Առավոտ» օրաթերթ
31.07.2015