Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծվել է ինտելեկտուալ սեղանի խաղ՝ «Ապագայի Հայաստան»

Օգոստոս 01,2015 13:00

Օրերս Երեւանի «Լոֆթ» կենտրոնում տեղի ունեցավ «Ապագայի Հայաստան» ինտելեկտուալ սեղանի խաղի շնորհանդեսը: Նախագծի հեղինակներն են երեւանցի երիտասարդներ Արամ Մամիկոնյանը եւ Դավիթ Ալեքսանյանը: Խաղը ավելի դյուրին է դարձնում «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաների ուսուցումը:
Դավիթ Ալեքսանյանին խնդրեցինք տալ խաղի հետ կապված մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները:

– Դավիթ, ե՞րբ ծնվեց խաղի ստեղծման գաղափարը, որո՞նք են շարժառիթները:

– Խաղի ստեղծման գլխավոր գործոններն են՝ ունենալ սեփական բիզնես-նախագիծ եւ օգնել մեր հայրենակիցներին՝ թեկուզեւ կրթական տեսանկյունից: Բացի այդ, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված ցանկանում էինք ազգանվեր որեւէ գործ ձեռնարկել:

– Խոսենք նպատակների մասին:

– Նախ սկսենք նրանից, որ այս խաղը նախատեսված է տասը տարեկանից բարձր երեխաների, ինչպես նաեւ այն մեծահասակների համար, ովքեր ուզում են ստուգել իրենց իմացության մակարդակը: Մեր նախագծի հիմնական նպատակներն են տրամաբանական, ուսանելի, ինչպես նաեւ պատմական հարցերի միջոցով յուրաքանչյուր խաղացողի մեջ զարգացնել մի շարք որակական հատկանիշներ, ինչպիսիք են տրամաբանությունը, հայրենասիրությունը եւայլն: Ուզում ենք խաղը հասանելի դարձնել Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների համար, քանի որ այն կարող է նպաստել հայապահպանության գործին: Ցանկանում ենք նաեւ հասարակությանն ավելի իրազեկ դարձնել Հայոց ցեղասպանության մանրամասներին: Նախատեսել ենք խաղի վաճառքից գոյացած հասույթի մի մասն էլ փոխանցել կարիքավոր ընտանիքներին, որպեսզի ինչ-որ չափով թեթեւացնենք նրանց հոգսերը:

– Մեր հայրենակիցները ինչպե՞ս կարող են ձեռք բերել խաղը, եւ արդյոք այն մատչելի՞ է բոլորի համար:

– Խաղը կարելի է պատվիրել https://futurearmenia.com/ կայքում: Հաշվի առնելով հասարակության սոցիալական վիճակը՝ փորձել ենք հնարավորինս ցածր գին սահմանել (3500 դրամ): Մենք առաջնորդվում ենք «Գաղափարի հաղթանակն ավելի բարձր է, քան հասույթը» կարգախոսով:

11793405_587769218029849_54

– Կուզենայինք իմանալ, թե ինչ թեմաների շրջանակներում են պատրաստված հարցերը եւ համառոտ տեղեկանալ խաղի կանոններին:

– Խաղին կարող է մասնակցել 2-4 հոգի: Կարելի է խաղալ նաեւ թիմերով: Ցանկալի է, որ լինի խաղավար: Մասնակիցները նետելով զառը` առաջ են շարժվում եւ, հայտնվելով որեւէ դաշտի վրա, ընտրում են համապատասխան թեմային առնչվող հարցերի խմբից որեւէ հարց: Ընտրված հարցերը դուրս են գալիս ընդհանուր խմբից: Ճիշտ պատասխանը կարելի է ստուգել «Կանոններ եւ պատասխաններ» խաղի գրքույկից: Խաղի թեմաներն են՝ Պատմական Հայաստան, Հայոց ցեղասպանություն, Հայ գրականություն, Մեծանուն հայեր, ինչպես նաեւ Օսմանյան բանտ, որն իր մեջ ներառում է տրամաբանական հարցեր: Հասնելով «Ընտրության» դաշտ՝ մասնակիցը հնարավորություն է ստանում ընտրելու Հայ գրականություն կամ Մեծանուն հայեր թեմաներից որեւէ մեկը եւ շարժվել համապատասխան ուղղությամբ: Խաղն ավարտվում է «Ամփոփում» դաշտում, հաղթող է ճանաչվում առավելագույն միավորներ վաստակած մասնակիցը: Խաղի կանոններին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ մեր կայքում:

– Ի՞նչը Ձեզ կօգնի հասկանալ, որ նախագիծը ծառայել է իր նպատակին:

– Մենք մեզ լիարժեք բավարարված կզգանք, եթե խաղն իր ձեռքը վերցրած յուրաքանչյուր անձ քաղի գիտելիքների այն պաշարը, որը ներառված է այստեղ:

Զրուցեց ՀԱԿՈԲ ՉՈՔԵՔՉՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
31.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31