Օգոստոսի 1-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը կազմակերպում է բարեգործական հեծանվավազքային միջոցառում, որի նպատակն է աջակցել «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը:
«Օրրանից» «Առավոտին» տեղեկացրին, որ այդ օրը հյուրանոցի աշխատակիցները եւ շոու-բիզնեսի ներկայացուցիչները կմրցեն հյուրանոցի առջեւ տեղադրված հեծանիվ-մարզասարքերով: Տեղադրված կլինեն նաեւ նվիրատվության արկղեր հյուրանոցի հյուրերի/անցորդների համար, եւ յուրաքանչյուր ոք, ով կկարողանա նվիրաբերել որոշակի գումար, հյուրանոցի կողմից կստանա անվճար հյուրասիրություն: Ողջ հասույթը կփոխանցվի «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը:
Հիշեցնենք, որ «Օրրան» բարեգործական կազմակերպությունը հիմնադրել են Արմինե եւ Րաֆֆի Հովհաննիսյանները: «Օրրանն» իր առջեւ նպատակ է դրել պայքարել Հայաստանում աղքատության եւ երեխաների շրջանում մուրացկանության տարածման դեմ:
«Առավոտ» օրաթերթ
31.07.2015