Անցյալ տարի մայիսի 12-ին Սերժ Սարգսյանը եւ պետական այցով ՀՀ ժամանած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մասնակցում էին հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովի բացմանը: «Օրանժ Արմենիայի» գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը ՀՀ նախագահին դիմեց հարցով. «Պարո՛ն նախագահ, Հայաստանում գործող ընկերությունները գնահատում են Ձեր եւ Հայաստանի կառավարության հետաքրքրվածությունը երկրում նորարարությունների եւ տեխնոլոգիաների զարգացմամբ:
Կարո՞ղ եք ներկայացնել այն տարբեր միջոցառումները, որոնք մտադիր են իրականացնել հայկական իշխանությունները՝ թափ հաղորդելու բարձր տեխնոլոգիաների արտադրությանը եւ այդ ոլորտում ծառայությունների զարգացմանը Հայաստանում: Համացանցի զարգացման հետ կապված՝ արդյոք Դուք խրախուսելո՞ւ եք կառավարության կենտրոնական, տարածքային եւ մեծ քաղաքների մակարդակներում էլեկտրոնային կառավարման հետագա ներդրմանը: Եթե այո, արդյոք կարծում եք, որ ֆրանսիական կապիտալով ընկերությունները, ինչպիսին «Օրանժն» է, կկարողանա՞ մասնակցել էլեկտրոնային կառավարման միջոցների ներդրմանը»: Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Մենք ուրախ ենք, որ «Օրանժը» Հայաստանում է, ուրախ ենք, որ «Օրանժը» տարեցտարի ընդլայնում է իր ծառայությունները՝ մի կողմից, իհարկե, մատուցելով որակյալ ծառայություններ մեր բնակչությանը, մյուս կողմից՝ կամաց-կամաց արդեն մտնելով զուտ բիզնես-դաշտ, որպեսզի կարողանա վերադարձնել իր ներդրումները: Ակնհայտ է, որ առանց ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման՝ անհնար է ունենալ արդյունավետ կառավարում եւ ժամանակակից կենցաղ:
Հենց այդ պատճառով ՀՀ կառավարությունը որդեգրել է էլեկտրոնային կառավարման մոդելը, եւ տարեցտարի տեխնոլոգիաները օգտագործվում են տարբեր ոլորտներում ու շատ արդյունավետ: Ես կարող եմ օրինակ բերել հարկերի էլեկտրոնային վճարումը, մեր կադաստրը, գնումների ոլորտը, ձեռնարկությունների գրանցումը եւ այլն, բազմաթիվ են դրանք: Արդյունքում, իհարկե, մենք ունենալու ենք էլեկտրոնային կառավարում, եւ այդ ոլորտներին անցումները մենք կատարում ենք հրապարակային մրցույթների միջոցով, շատ ուրախ կլինենք, եթե «Օրանժը» մասնակցի այդ մրցույթներին, շահի եւ, իհարկե, ինքը մասնակցի էլեկտրոնային կառավարության ստեղծմանը: Մենք համարում ենք, որ որոշակի հաջողություններ այս բնագավառում ունենք, բայց մյուս կողմից էլ՝ խորապես համոզված ենք, որ կիլոմետրերով ետ ենք մնում զարգացած երկրներից: Ահա այս տարբերությունը մենք պետք է կրճատենք, եւ մենք վճռական ենք դա անելու»:
Այս ելույթի հաջորդ օրը Սերժ Սարգսյանը եւ Ֆրանսուա Օլանդն այցելել էին «Երեւան մոլ» առեւտրային կենտրոնում այն ժամանակ դեռ կառուցվող ֆրանսիական «Քարֆուր» ընկերության հիպերմարկետի շինհրապարակ: Նրանց ներկայությամբ ստորագրվել էր «Նախնական վարձակալության պայմանագիր «Երեւան մոլի» եւ «Քարֆուր» ընկերության միջեւ»: Ապա այցելել էին նաեւ հիշյալ առեւտրային կենտրոնում տեղակայված «Օրանժ»-ի վաճառքի եւ սպասարկման կենտրոն:
Կարդացեք նաև
Մեկ տարի անց այս իրադարձություններից «Օրանժ Արմենիա»-ի գլխավոր տնօրենը հայտնեց, որ 2009-ի նոյեմբերից Հայաստանում գործող «Օրանժը» որոշել է հեռանալ Հայաստանից: Լեհական «Լոթ», «Չեխական ավիաուղիներ», արաբական «Էթիհադ». սրանք այն խոշոր ավիաուղիներն են, որոնք վերջին ամիսներին հայտնել են դեպի Հայաստան թռիչքները դադարեցնելու մասին։ Լեհական «Լոթ»-ի հեռանալը ժամանակավոր է՝ շաբաթներ առաջ վստահեցրեց էկոնոմիկայի նախարարը։ Չեխականի դեպքում անձամբ վարչապետն է զբաղվում, բայց հստակ արդյունքների մասին դեռ, կարծես, տեղեկություններ, չկան։ Իսկ հայկական շուկայում մեկ տարի գործելուց հետո արաբական «Էթիհադ»-ը հայտարարեց` հեռանում է, որովհետեւ վերանայում են գործող չվացուցակները, սակայն ընկերության կայքից պարզ է դառնում, որ սեպտեմբերին Հայաստանից հեռացող ընկերությունը նույն ամսից թռիչքներ է սկսում դեպի Թբիլիսի եւ Բաքու։ Մայիսին Հայաստանում իր գրասենյակը փակելու մասին հայտարարեց հարավկորեական Samsung-ը, ԱՊՀ երկրներում ընկերության հանրային կապերի պատասխանատու Կարեն Ասոյանն այս առիթով նշեց. «Հայաստանում Samsung-ի պաշտոնական ներկայացուցչության փակման պատճառը տարածաշրջանում ընկերության գործունեության օպտիմալացումն է»:
Հայաստանի իշխանությունները հորդորում են «նորմալ նայել ընկերությունների գալուն կամ գնալուն», շարունակում են խոսել տնտեսական աճի մասին եւ խոստանում են տարին փակել 1% աճով, այն դեպքում, երբ վերջին մի քանի շաբաթներին հայաստանյան շուկայից հեռանալու որոշում են կայացրել օտարերկրյա հայտնի մի քանի ընկերություններ:
Վերհիշենք, թե իշխանություններն ինչպես էին ամիսներ շարունակ վստահեցնում, թե «Քարֆուրն» անպայման գալու է Հայաստան: Մարտին Երեւանում վերջապես բացվեց «Քարֆուր» ապրանքանիշի առաջին հիպերմարկետը: Ի սկզբանե պարզ էր, որ «Քարֆուր»-ը կհայտնվի թիրախում, նրա գործունեությունը կդիտարկվի խոշորացույցով: Հայաստանում «Քարֆուր»-ի գործունեության առաջին իսկ օրվանից ակնհայտ է, որ այս ընկերության դեմ արշավ է իրականացվում: Մամուլում հրապարակումներ են հայտնվում, փորձագետները հատուկ հարցազրույցներ են տալիս, քննադատում՝ կարծես հատուկ նպատակ ունենալով բացասական ընկալում ձեւավորել «Քարֆուր»-ի նկատմամբ, մեղադրելով, թե` «Քարֆուրն» առանձնապես չի տարբերվում մյուս սուպերմարկետներից», կամ` «ավելի թանկ են ապրանքները», «սպառողը հիասթափվել է…» եւ այլն (որպես «Քարֆուր»-ի շարքային սպառող՝ կարող եմ փաստել, որ «Քարֆուր»-ի արտադրության, օրինակ, տնտեսական ապրանքները կրկնակի անգամ ավելի մատչելի են հայաստանյան ցանկացած սուպերմարկետի ու խանութի նմանատիպ ապրանքներից եւ բնականաբար` ավելի որակով-Է. Գ.):
«Օրանժը» եւ «Քարֆուրը» եվրոպական քաղաքակրթության ապրանքանիշներ են, առաջինը փակեց գրասենյակը մեզ մոտ, երկրորդի դեմ հակաքարոզչություն է իրականացվում: Հայաստանում քաղաքակրթության ճանապարհն, իհարկե, բարդ է` հաշվի առնելով մի կողմից՝ ԵՏՄ-ին մեր երկրի անդամակցությունը, մյուս կողմից` Հայաստանում մենաշնորհների հզորությունը: Այսինքն՝ մեր երկրում համաշխարհային ճանաչում ունեցող քաղաքակրթության ապրանքանիշները բախվում են գաղութատիրության խնդրին:
Իշխանությունն ամենաբարձր մակարդակով արձանագրում է, որ «կիլոմետրերով ետ ենք մնում զարգացած երկրներից», բայց որեւէ քայլ չի իրականացնում հայաստանյան փոքր տնտեսությունում գործող հայտնի ապրանքանիշների գործունեությունը «խեղդելու» բացահայտ քաղաքականությունը կանխելու համար:
Հետեւաբար` ո՞ւմ ենք խաբում «Հայաստանում նպաստավոր ներդրումային պայմանների» մասին ամպագոռգոռ ելույթներով: Պոտենցիալ որեւէ ներդրող, եթե ծանոթանա վերջին մի քանի ամիսներին Հայաստանից հեռացող հայտնի ապրանքանիշների ցանկին, արդեն Հայաստան հրավիրելու իշխանությունների կոչերը ուղղակի զավեշտ կհամարի:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
31.07.2015
Երբ հիշում ենք մեզանում հարցեր որոշող մարդկանց մակարդակը, անմիջապես հասկանալի է դառնում, թե ինչո?ւ է այդպես: Իսկ երբ հիշում ենք մեզանում հարցեր որոշող մարդկանց նպատակները, այլևս հարցեր չեն մնում:
Մեր ողջ ժողովուրդը, մեր պետությունը և, հավանաբար, մեր ապագան ինտելեկտի ցածր մակարդակով, բարոյական ամոթալի նկարագրով, մարդկային արժանապատվությունից բացարձակապես զուրկ մի խումբ մարդկանց (՞) գերին է: Ին՞չ կարելի է սպասել․․․
Ամոթ հայ օլիգարխիային եւ նրա հովանավորին:Վերջում,բոլորը «փողերն առած կփախչեն հայդա Փարիզ»(«Նվագախմբի տղաները» ֆիլմից) եւ նորից ժողովուրդը կմնա կոտրած տաշտակի առջեւ: Ուշքի եկեք ժողովուրդ,հերթական անգամ ուշ չլինի…