Այսօր Ազատության հրապարակում Սահմանադրական փոփոխությունների մասին «Ոչ թալանին» շարժման անդամներն ու քաղաքացիական ակտիվիստները քննարկում էին կազմակերպել:
Բանը հասավ նրան, որ քաղաքացիներից մեկը՝ Արմեն Մովսիսյանը, որը «Ազատագրում» շարժումն էր ներկայացնում, առաջարկեց, որ ի՞նչ Սահմանադրական փոփոխություններ, նախ պետք է Սերժ Սարգսյանի հեռացման հարցը դնել:
Նա նախ հարց տվեց քննարկման մասնակիցներին՝ այստեղ մարդ կա՞, որ ճանաչում է Սերժ Սարգսյանին, որպես նախագահ. «Բնականաբար, եթե չենք ճանաչում, էլ ի՞նչ քննարկում Սահմանադրական փոփոխությունների: Առաջին հերթին ես առաջարկում եմ՝ տապալենք իրան: Ոչ ռեժիմին ենք ասելու՝ Սերժ, հեռացիր»: Նա ասաց, որ վաղը ժամը 6-ին Ազատության հրապարակում դրա հետ կապված հավաք է անցկացնելու:
Մի կին հետաքրքրվեց՝ «Ասենք, տապալեցիր Սերժ Սարգսյանին, հետո՞»:
Կարդացեք նաև
Այդ հարցին պատասխանեց «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Հովհաննիսյանը. «Ես, օրինակ, դրանից հետո 5 օր խմելու եմ»:
Քաղաքացիներից մեկի որակմամբ՝ Սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը դիվերսիա է հայ ժողովրդի դեմ ու պետք է հստակ քայլեր մշակել դրա դեմ. «Նախ իմաստուն մարդիկ են պետք, որ քննարկեն: Հետո Սահմանադրությունը հայկական պետք է լինի, ոչ թե ինչ-որ տեղից ինչ-որ մեկը բերի: Ոչ թե՝ Սերժ Սարգսյանին տապալենք, ոչ մեկդ ինձանից շատ չեք ուզում տապալել, բայց պետք է իմանանք՝ ինչ եք անելու հետո»:
Ակտիվիստները որոշեցին քննարկումները շարունակական դարձնել եւ հետագա հանդիպումներում որոշել քայլերը՝ Սահմանադրական հանրաքվեն տապալելու ուղղությամբ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ