Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհային ոստիկանության պարզաբանումը` «Առավոտ»-ի հրապարակմանը

Հուլիս 31,2015 19:45

«Առավոտ» կայքում «Գյումրու բանուկ փողոցից հանել են արագաչափը՝ եկամուտ չի ապահովում պատճառաբանությամբ»  վերտառությամբ 29.07.2015թ. հրապարակման մեջ նշվել է, թե երկու օր գյումրեցի վարորդներից և Տերյան փողոցի բնակիչներից տարբեր ահազանգեր են ստացվել, որ նշված փողոցից արագաչափը հանել են՝ այն տեղափոխելով Վազգեն Սարգսյան փողոց: Երբ բողոքող վարորդները հետաքրքրվել են, թե ինչու են հանում՝ ստացել են պատասխան, իբր «Եկամուտ չի ապահովում»:

Գովելի է բողոք ներկայացնող բնակիչների, հատկապես վարորդների կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության խնդիրների նկատմամբ նման ուշադրությունը, ինչի համար հայտնում ենք մեր շնորհակալությունը: Այնուամենայնիվ հարկ է նշել, որ լուսանկարահանող-արագաչափ սարքերի տեղակայման վայրերը որոշվում են ոչ թե «Եկամուտ ապահովելու» անհրաժեշտությամբ, այլ ճանապարհատրանսպորտային պատահարների ամբողջական և բազմակողմանի վերլուծության արդյունքների հիման վրա: Նույն սկզբունքով են որոշվում նաև Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության (ՃՊԾ) ուժերի և միջոցների տեղաբաշխման ու ծառայության իրականացման վայրերը: Հետևաբար, ինչպես երթևեկության վերահսկման տեխնիկական միջոցների, այնպես էլ ՃՊԾ ուժերի տեղակայման վայրերը չեն կարող մշտապես նույնը մնալ և չփոփոխվել, քանի որ անընդհատ փոփոխվում են ճանապարհատրանսպորտային պատահարների, խցանումների աշխարհագրությունը, սրանց նպաստող պայմանները և այլն:

Ինչ վերաբերում է Գյումրի քաղաքի Տերյան փողոցում տեղակայված արագաչափ սարքը հանելու  և Վազգեն Սարգսյան փողոցում տեղակայելու պատճառներին, ապա տեղեկացնենք, որ սկսած 2015 թվականի փետրվար ամսից, համագործակցելով «Լոգոս» երիտասարդական հասարակական կազմակերպության հետ,  հաշվի առնելով Կազմակերպության կողմից հանրակրթական հաստատությունների մերձակայքում երթևեկության անվտանգության ապահովման մակարդակի բարձրացման վերաբերյալ Գյումրի քաղաքում անցկացված մոնիթորինգի, ինչպես նաև մասնագիտական ուսումնասիրության արդյունքները, Ճանապարհային ոստիկանությունը նպատակահարմար է գտել արագաչափ սարքեր տեղադրել Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան և Շիրակացի փողոցներում: Հանրակրթական հաստատությունների մերձակայքում երթևեկության անվտանգության առաջնայնությունից ելնելով` Վազգեն Սարգսյան փողոցում 27.07.2015 թվականից շահագործվում է Տերյան փողոցից տեղափոխված արագաչափ սարքը, սակայն Տերյան փողոցից չեն հանվել արագաչափ սարքի կոմունիկացիաները, քանի որ առաջիկա մի քանի օրվա ընթացքում նշված վայրում կտեղադրվի նոր արագաչափ: Ներկայումս քննարկվում է նաև «Ագաթ» հասարակական կազմակերպության մոտ` Գյումրի քաղաքի Բաղրամյան փողոցում արագաչափ տեղադրելու առաջարկը:  Առայժմ Տերյան փողոցում արագաչափ սարք չկիրառելու հեռանկար Ճանապարհային ոստիկանությունում չի քննարկվել և արագաչափ սարքի բացակայությունը կրում է ժամանակավոր բնույթ:

 Հ.Գ.

Կատարված ուսումնասիրություններով չի հիմնավորվել, որ արագաչափ սարքի տեղափոխման ընթացքում, ապամոնտաժման և մոնտաժման աշխատանքներ կատարող անձանց կողմից եկամուտ չապահովելու վերաբերյալ  արտահայտություններ անելու հանգամանքը:  Իսկ հոդվածագրին խորհուրդ կտայինք Ճանապարհային ոստիկանության գործունեության վերաբերյալ որևէ   տեղեկատվություն հրապարակելուց առաջ, կապի ցանկացած միջոցով հարցում կատարել Ճանապարհային ոստիկանություն և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն ու պարզաբանում:

Ճանապարհային ոստիկանությունը միշտ պատրաստակամ է տրամադրել օրենքով չարգելված տեղեկատվություն:

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031