Մի քանի օր առաջ մայրս խնդրեց, որ անպայման մտնեմ Դիլիջանի վանքերից մեկը (անունը չեմ նշում) եւ անպայման խոսեմ այնտեղի քահանայի հետ: Սկսեց գովել, թե այդ քահանան հրաշք է, այնպես է խոսում զույգերի հետ, որ հանգստություն է իջնում վրադ, թեթեւանում ես: Շատ լավ աղոթքներ է կարդում ու խրատներ տալիս: Այնքան ասաց, որ կիլոմետրեր անցնելով՝ այցելեցինք այդ վանքը եւ հանդիպեցինք քահանայի հետ:
Մինչ վանքն էինք ուսումնասիրում, մոմ վառում, տեսա, թե ինչպես է քահանան աղոթում 10-12 երիտասարդ տղաներին, որ գործերին հաջողություն լինի: Սուրբ գիրքը դնում էր գլխներին, աղոթում ու Աստված կանչում նրանց համար: Երիտասարդները, որպես շնորհակալություն մի քանի հազար դրամ թողեցին սեղանին:
Այն պահից, երբ քահանայի ձեռքին փող եմ տեսնում, նա ինձ համար վերածվում է սովորական առեւտրականի: Կարեւոր չէ՝ քանի հազար դրամ տվեցին, որպես ինչ տվեցին, ինչի համար տվեցին: Գուցե հետո քահանան այդ գումարը բարեգործության համար ծախսի, բաժանի աղքատներին կամ եկեղեցու կարիքների համար օգտագործի: Դա հաշվի առնելով՝ վանքի եւ քահանայի անունը չեմ գրում:
Բայց ինձ համար փողն ու հոգեւորականն անհամատեղելի են: Հոգեւորը, հավատը փոշիանում է: Փողը հաշվող հոգեւորականին տեսնելով՝ ես նույն հիասթափությունն ապրեցի, ինչ տարիներ առաջ, երբ դպրոցական էի եւ պատահաբար տեսել էի իմ հայոց լեզվի չքնաղ ուսուցչուհուն՝ լվացք փռելիս:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ընդամենը՝ մի քանի հազար դրամ տվել են քահանային․ սիրելիներս , նրանք էլ են մարդիկ, հաց են ուտում , երեխաներ ունեն, ապրում են մեր սոցիումի մեջ։ Եթե քահանան կարող է օդով սնվել, բայց չի սնվում, փող է վերցնում ու դրանով հաց գնում՝ ուրեմն նա մեղավո՛ր է։ Չի կարելի այսպես, սա արդեն փոքրոգություն է։