Այս տարվա սեպտեմբերին արդեն գրախանութներում կլինի 21 հատորից բաղկացած գրպանի «Ազգային երգարան»-ի առաջին խմբաքանակը:
Մշակութային գործիչ, հրատարակության նախաձեռնող Սամվել Հարոյանն այս հատորյակներն աննախադեպ է համարում ոչ միայն նրա համար, որ դրանցում ընդգրկված է հայ ազգային երգն իր բոլոր շերտերով, այլև այն առումով, որ դրանց ստեղծմանը մասնակցել են բազմաթիվ երաժշտագետներ, երգիչներ, կոմպոզիտորներ, նաև բանասերներ և այնպիսի կազմակերպություններ, որոնք շահագրգռված են հայ երգի գրագետ տարածմամբ:
«Կարևոր հանգամանք է և այն, որ աշխատանքն իրականացվեց բավականին երկար ժամանակահատվածում (մոտ չորս տարի): Սրանք ուղղակի արտատպումներ չեն առանձին երգարաններից: Մասնագետներն ամբողջովին խորամուխ են եղել երգերի ճիշտ ներկայացման մեջ: Իհարկե, նախկինում ևս բազմաթիվ երգարաններ ենք ունեցել, որոնց նշանակությունը որևէ մեկը չի թերագնահատում, պարզապես նոր՝ 21-հատորյակի վրա շատ ավելի մանրակրկիտ աշխատանք է իրականացվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սամվել Հարոյանը:
Հրատարակության նախաձեռնողի փոխանցմամբ՝ յուրաքանչյուր հատորում 30-40 երգ է ընդգրկված: Երգարանի ստեղծումն ավարտական փուլում է, և պարոն Հարոյանը հույս ունի, որ տարածման համար մտահոգ մարդիկ, ընդհանրապես նրանք, ովքեր սիրում են հայ երգը, կաջակցեն հրատարակմանը: «Նպատակ ունենք այն տարածել ամբողջ աշխարհում, հատկապես հայ գաղթօջախներում: Ի դեպ, հատորյակներում ներկայացված երգերի մոտ քսան տոկոսը սփյուռքահայ կոմպոզիտորների ստեղծագործություններ են»,- նկատեց Ս. Հարոյանը:
Կարդացեք նաև
Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի գնահատմամբ՝ շատ մեծ գործ է արվել, և պետք է այս երգարանները ժամանակ առ ժամանակ նորացնել ու տարածել նաև հայ գաղթօջախներում, որտեղ, նրա համոզմամբ, դրանք առավել մեծ դեր են խաղում. «Մեզանում դա մի քիչ անսովոր է, բայց այնտեղ, երբ հավաքվում են, կարող են երգարանները հանել ու երգել»,- նշեց Ա. Սաթյանը:
«Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը ևս բարձր է գնահատում երգարանի ստեղծման նախաձեռնությունը. «Սա աննախադեպ երևույթ է. հրատարակվում է մի երգարան, որն ընդգրկում է հայ երգի բոլոր շերտերն անխտիր, բաց չի թողնված որևէ բան: Անշուշտ, այս երգարանում պիտի լուրջ մասնաբաժին ունենար հայ աշուղական երգը և ունի: Պարզ է նաև, որ ընդգրկումը սահմանափակ պետք է լիներ, որովհետև երգերի թիվը կարող է անցնել տասնյակ հազարները:
Ինձ ամենաշատը հուզել է այն հանգամանքը, որ պարոն Հարոյանը կարողացել է իր շուրջը համախմբել լուրջ մասնագետների, որոնց հաջողվել է վերանայել, շտկել բազմաթիվ երգեր, որոնք տարիների ընթացքում մեզանում հրատարակվել են աղավաղված տեքստերով, հաճախ կեղծ հեղինակներով, սրա-նրա կողմից խմբագրված և մի շարք այլ խաթարումներով»,- ասաց Թ. Պողոսյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ