Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեր նպատակը աշխատաշուկայում անմրցունակ անձանց կայուն զբաղվածության ապահովումն է. Ա. Ասատրյան

Հուլիս 31,2015 17:55

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հուլիսի 29-31-ը հանդիպումներ է ունեցել զբաղվածության 51 տարածքային կենտրոնների ղեկավարների հետ:

Հանդիպումների ընթացքում տարածքային կենտրոնների ղեկավարները ներկայացրել են ընթացիկ տարվա 1-ի կիսամյակի ընթացքում իրականացրած զբաղվածության ակտիվ ծրագրերի աշխատանքները, ցուցանիշները, գործատուների հետ համագործակցության արդյունքները և, իհարկե, առկա խնդիրները:

Նախարար Արտեմ Ասատրյանը կարևորել է կայուն զբաղվածություն ապահովող և սեզոնային զբաղվածության ծրագրերի արդյունքները՝ նշելով, որ այդ ծրագրերը կանխում են արտագաղթը, քանի որ հնարավորություն են տալիս, հատկապես, երիտասարդ ընտանիքներին մնալ և աշխատել մեր երկրում:

Կենտրոնների ղեկավարները հիմնական ծրագրային արդյունքները ներկայացնելուն զուգահեռ ընդգծել են հասարակության շրջանում պետական զբաղվածության ծրագրերի նկատմամբ աճող վստահությունը, ինչը վկայում են ամսե-ամիս ավելացող շահառուների թիվը և ակտիվ ծրագրերի շնորհիվ աշխատանքի տեղավորված անձանց գրավոր և բանավոր շնորհակալությունները:

Սեզոնային զբաղվածության ծրագրի արդյունավետության առումով, կենտրոնների ղեկավարները փաստել են, որ ծրագրի արդյունքում հատկապես՝ սահմանամերձ համայնքներում, մշակվել են 10 տարուց ավելի չմշակված հողատարածքներ:

Առկա խնդիրների շարքում առանձնացվել են կենտրոններում տեխնիկական հագեցվածության հարցը, սեզոնային զբաղվածության ծրագրերի մոնիթորինգը, մասնավորապես՝ հեռավոր հողատարածքներ հասնելու դժվարությունները: Բացի այդ, ներկայացվել են մարզպետարաններից ստացվող համայնքային հողօգտագործողների ցուցակների հետ կապված անհամապատասխանությունները, որոնք, ժամանակի առումով, խնդիրներ են առաջացնում տարածքային կենտրոններում:

Արտեմ Ասատրյանը հանդիպումների ընթացքում մտահոգություն է հայտնել գործազրկության տեղեկանքների տրամադրման հետ կապված, որոնց թիվը վերջին շրջանում ավելացել է: Այս համատեքստում նախարարը հորդորել է տարածքային կենտրոնների ղեկավարներին անհիմն գործազրկության տեղեկանքներ չտրամադրել, այլ հակառակը՝ աշխատանք չունեցող անձին ընդգրկել զբաղվածության ծրագրերում: «Զբաղվածության տարածքային կենտրոնը չպետք է դառնա գործազրկության տեղեկանք տրամադրող մարմին: Կենտրոնները, բոլոր հնարավոր միջոցներով, անձին պետք է ուղղորդեն դեպի զբաղվածություն՝ նրան առաջարկելով համապատասխան աշխատանք»,-ընդգծել է նախարարը:

Հանդիպումների ավարտին նախարարը տարածքային կենտրոնների բոլոր ղեկավարներին տվել է հանձնարարականներ. որոշ ծրագրերի արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով ներկայացնել առաջարկություններ, մշակել համագործակցության ձևաչափեր խոշոր գործատուների հետ, ինչպես նաև՝ ճշգրտել տարածքային կենտրոնների կողմից հավաքագրված առկա թափուր աշխատատեղերի ցուցակները:

2015թ. հունվար-հունիս ամիսներին զբաղվածության պետական ծրագրերի իրականացման արդյունքում հանրապետությունում աշխատանքի է տեղավորվել 4566 աշխատանք փնտրող, որից 2992-ը՝ կին, 3833-ը՝ աշխատաշուկայում անմրցունակ անձ: Աշխատանքի տեղավորվածներից 1205-ը երիտասարդ են:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031