Այսօր Հանրային խորհրդում քննարկում էր կազմակերպվել էլեկտրաէներգիայի սակագնի շարունակական բարձրացման, ՀԷՑ-ում աուդիտի մասին:
Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը բողոքեց, որ «միջին էլեկտրաէներգիան գնում են Բաշխիչ ցանցերը 19 դրամով, վաճառում են մեզ 42 դրամով, հլը դա էլ քիչ է, ուզում են 48: Հլը պատկերացրեք ինչ եք անում, ավտոմատացման այս դարում, երբ ամեն ինչ պետք է էժանանա, մեզ մոտ հակառակն է, անընդհատ դեպի ավելացում է գնում: Ես կարծում եմ, որ աուդիտ պետք է անցկացնել ոչ միայն ՀԷՑ-ում, այլ նույնիսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում, թե ինչպես են համաձայնում այդ սխալ մեթոդիկայով հաշվարկներին: Իսկապես համբերության բաժակը լցվել է: Էդ ո՞ր երկրում եք տեսել, որ մայրաքաղաքի գլխավոր մայրուղին 2 շաբաթ փակ լինի»:
Արշակ Սադոյանը մտավախություն հայտնեց, որ աուդիտը ՀԷՑ-ում «դաղալ» կանցնի. «Հնարավոր չէ՞ր չհասնել ցույցերի, խելոք ձեւով լարվածությունը մեղմել»:
Կարդացեք նաև
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ֆինանսական վերլուծության վարչության պետ Հայկ Ղոսալմյանը ներկայացրեց, թե ինչպես են հաշվարկում ՀԷՑ-ի շահույթը: Սադոյանը հետաքրքրվեց՝ շահույթն ինչպե՞ս եք որոշում՝ ինքնարժեքից կախվա՞ծ, թե՞ առանց ինքնարժեքի. «Ամորտիզացիոն ծախսերն ու շահույթը լրիվ տարբեր բաներ են: Ամորտիզացիոն ծախսերն են ավելանում ներդրված կապիտալին: Խնդրում եմ հանրությանը թյուրիմացության մեջ չգցել: Ի՞նչ են արել, որ հիմա գինն այդքան թանկանում է ու իրենց շահույթի աստիճանն էլ 2 տոկոս բարձրանում է: Երբ որ կորուստներ են, իրենց շահույթի վրա դա ազդո՞ւմ է, թե՞ ոչ»: Հանձնաժողովի անդամը բացատրեց, որ հաշվարկային շահույթի վրա չի ազդում, փաստացի շահույթի վրա ազդում է:
Արշակ Սադոյանը բողոքեց, որ ՀԷՑ-ը դա ինքնարժեքի ծախսի մեջ է մտցնում. «Օրինակ, ներկայացնում է ավտոմեքենաներ, ավտոմեքենաների ակումուլյատորներ` կուտակիչներ, որ ամեն տարի փոխում են: Գոնե ես ինքս ավտոմեքենա քշող եմ, գիտեմ, որ 2-3 տարին մեկ են փոխում, իսկ իրանց մոտ՝ ամեն տարի: Ավտոմեքենաների դողեր են ներկայացնում ձմեռային եւ ամառային, ավտոդողերի փոփոխություն տարին 2 անգամ: Այս բոլորը գրված է եւ ձեր մոտ մտած է իրենց ինքնարժեքի մեջ: Կարո՞ղ եք մեզ բացատրել, ինչո՞ւ են Վրաստանում էլեկտրաէներգիան գնում 19 դրամով, վաճառում 28-ով, մեր մոտ գնվում է 19-ով, վաճառվում 42-ով: Էդ ի՞նչ եղավ»:
Հանձնաժողովի անդամը փորձեց բացատրել, որ սակավաջուր տարի է եղել, բայց Արշակ Սադոյանը բղավեց. «Ախր ինչքա՞ն կարելի է սուտ ասել: Անցյալ տարի է եղել սակավաջրության եւ ատոմակայանի աշխատանքի ժամանակավոր դադարեցման հետ կապված սակագնի բարձրացում, իսկ դրանից հետո ատոմակայանն ավելի ինտենսիվ է աշխատել եւ Հայաստանում ջրի քանակն ավելացել է, բնական է, պիտի գինն իջներ, ոչ թե նորից բարձրանար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ