Հոսանքի թանկացման դեմ պայքարող գյումրեցի ակտիվիստները, որոնք մեկ ամիս առաջ նստացույց էին հայտարարել Գյումրու Թատերական հրապարակում, այսօր բացօթյա մամուլի ասուլիս էին հրավիրել իրենց հարազատ հրապարակում: Տիգրան Պետրոսյանն այս պայքարում որպես ձեռքբերում նշեց քաղաքացիական ակտիվության նոր տեսակի ձեւավորումը, էներգետիկ համակարգում տեղի ունեցող մտահոգիչ երեւույթների՝ հանրության ու մասնագիտական ուշադրության կենտրոնում հայտնվելը:
Ակտիվիստ, տնտեսագետ Կարեն Պետրոսյանն էլ ասաց. «Քաղաքացիները, իրենք էլ չհասկանալով երկրի ղեկավարի ասածը, ինձ բազմիցս հարցրել են՝ լավ, ի՞նչ եղավ, հիմա վճարելու՞ ենք, թե՞ոչ: Ըստ երկրի նախագահի խոսքի, իրենք չպետք է վճարեն: Եվ մեր պահանջը ի սկզբանե եղել է՝ չպետք է երկրի քաղաքացիները, այն էլ Շիրակի բնակիչները, որոնցից շատ շատերը աղքատության եզրին են, պաշտոնական տվյալներով, մոտավորապես կեսը, վճարեն, իր համար լույսը չպիտի թանկանա: Մենք Գյումրու բարբառով ասել ենք՝ չբդի թանգընա: Իմ ընկերների ու կոնկրետ իմ ընդգրկվածությունն այս ամենին եղել է այս համատեքսում: Այսինքն՝ մենք քաղաքացիական պատասխանատվություն ենք ստանձնել, որպեսզի մեր գիտեցած գործիքներով, միջոցներով այնպես անենք, որ լույսը չթանկանա: Եվ այս առումով Գյումրիում աննախադեպ էր մարդկանց վերաբերմունքը, դիրքորոշումը, առավել եւս միահամուռությունը, միախմբվածությունը: Գյումրեցին 7 դրամը չպիտի մուծի, իսկ եթե հանկարծ ուզեցին այդ գումարը քաղաքացուց պահանջել, ես անձամբ իմ քաղաքացիական պայքարի բոլոր գործիքներով պետք է ձեռնամուխ լինեմ, որ մարդը չմուծի, քանի որ մի քանի հոգի խարդախություն են արել, մի քանի հոգի հարստացել են: Թող գնան իշխանությունները դա բացահայտեն ու այնպես անեն, որ իրենց երկրի առանց այն էլ աղքատ քաղաքացին այդ գումարը չվճարի»:
Կարեն Պետրոսյանը հիշեցրեց, որ ինքն ու իր ընկերները քաղաքացիական անձինք են ու իրենք չեն ասում, թե չեն ճանաչում օրվա իշխանությանը:
Նա անդրադարձավ նաեւ Շիրակի ոստիկանապետին՝ նշելով, որ նա քիչ ժամանակ ունի իր ուզած ձեւաչափով, իր ուզած վայրում հանդիպելու ակտիվիստներին ու գնահատական հնչեցնելու հունիսի 23-ին Գյումրու Թատերական հրապարակում տեղի ունեցած ապօրինի գործողություններին; «Եթե ինքը դա չի անում, ապա իրավական ու բարոյական գնահատական կտանք այդ օրվա գործողություններին», -հայտարարեց ակտիվիստը:
Կարդացեք նաև
Նրանք նաեւ նշեցին, որ իրենք ոչ «Ոչ Թալանին», ոչ էլ «Ոտքի Հայաստան» թիմից են: Ըստ նրանց, երբ հոսանքի թանկացման դեմ պայքարում բաժանումներ տեղի ունեցան, իրենք ձեւավորեցին իրենց օրակարգը: «Մենք մեր թիմից ենք», -հայտարարում են գյումրեցի ակտիվիստները: Նրանք ասացին, որ իրենք չեն միանում անձանց, իրենք ըստ խնդրի են մարդկանց հետ համագործակցում ու շփվում: «Անձն այդքան կարեւոր չէ, կարեւորը խնդիրն է: Միաբանությունը պետք է լինի արժեքների, պահանջների, սկզբունքների շրջանակում եւ ոչ անձանց: Իսկ Հայաստանում փորձում են ամեն ինչի կենտրոնում անձին տեսնել, անձերը պետք է չեզոքացվի»,- հայտարարեցին ակտիվիստները:
Տնտեսագետ ակտիվիստների՝ ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու շուրջ մասնագիտական կարծիքները վաղվա տպագիր «Առավոտ»-ում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ