Krymr.com-ում հրապարակած հոդվածում գրող, լրագրող Վլադիմիր Զեմլյանին անդրադառնալով հունիս-հուլիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած բողոքի ցույցերին, գրել է, որ Հայաստանը եւ Ուկրաինան այժմ լավագույն վիճակում չեն: Համաշխարհային բանկի տվյալներով՝ հայերն ապրում են աղքատության եզրագծից ցածր վիճակում: Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեպքում նրանց ծախսերը կարող են բարձրանալ մեկ երրորդով:
Ըստ լրագրողի՝ այս պատմության մեջ կարեւորն այն է, որ Հայաստանի էլեկտրական ցանցերը 100%-ով պատկանում են ռուսական «Ինտեր ՌԱՕ» ընկերությանը: Թանկացումից հետո Ռուսաստանում էլեկտրաէներգիան արժենալու է 5 ռուբլի, իսկ Հայաստանում՝ 5.5: «Ի դեպ Հայաստանն ունի իր սեփական ատոմակայանն ու հիդրոէլեկտրակայանները»:
Նմանատիպ իրավիճակ, ըստ Վլադիմիր Զեմլյանիի, նաեւ գազի մատակարարման ոլորտում է: «Գազպրոմը» եւ նրա դուստր ընկերությունը Հայաստանում գործող իշխանությունների պահպանման համար նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակահատվածում թաքցրել են ռուսական գազի թանկացման մասին լուրը: Որպես արդյունք՝ Հայաստանը ստիպված եղավ պարտքի դիմաց Ռուսաստանին հանձնել «Գազպրոմ-Հայաստան» ընկերությունը:
Լրագրողը եզրակացրել է, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն ուղղակի առիթ է Երեւանում Մայդան անելու համար: «Դա փորձ է երիտասարդ Հայաստանի համար թափել հին, խորհրդային պետական կմախքը եւ դուրս պրծնել ռուսական տնտեսական վամպիրիզմից: Էլեկտրոմայդանը Հայաստանում գաղութային եւ սոցիալական հեղափոխության պայմանական անվանում է, ինչպես եվրոմայդանն էր Կիեւում»:
Կարդացեք նաև
Ըստ նրա՝ ուկրաինացիները չէին վախենում ինչքան Յանուկովիչի կողմից Եվրամիությանն անդամակցելուց հրաժարվելուց, որքան Մոսկվային միանալու հեռանկարից: «Ուկրաինացիները Եվրոպայի վիզա չէին պահանջում, այլ եվրոպական մակարդակի օրենսդրություն եւ կարգապահություն: Նույնը նաեւ Հայաստանի քաղաքացիներն են ուզում»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ