Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալներով` ժողովրդագրական ցուցանիշները Հայաստանի կյանքի գրեթե բոլոր բնագավառներում նվազել են. այս տարվա 6 ամիսներին նվազել են ծնունդների, մահերի, ամուսնությունների եւ ամուսնալուծությունների դեպքերը, եւ միայն ինքնասպանությունների եւ ինքնասպանության փորձերի դեպքերն են ավելացել:
Այսօր «Հայացք» ակումբում ԱՎԾ մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը ներկայացրեց մեր երկրի ժողովրդագրական տվյալները:
Ըստ Կույումջյանի, Հայաստանի հանրապետության բնակչության մշտական բնակությունն այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 3 միլիոն 5 հազար 500 մարդ, իսկ 2014 թվականի նույն ժամանակահատվածի բնակչության թիվը կազմել է 3 միլիոն 9 հազար 800 մարդ: Այսինքն, այս տարի 4300 մարդով ՀՀ բնակչության թիվը նվազել է 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ: Կարինե Կույումջյանի ներկայացմամբ՝ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ բնակչության թվաքանակը եղել է 3 միլիոն 10,600 մարդ:
Ծնունդների թիվն է պակաս այս տարվա. ըստ այդմ՝ 2015-ի հունվար-հուլիս ամիսների ծնունդը կազմել է 18,719 մարդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2.8%-ով: ԱՎԾ ցուցանիշներով՝ մահվան դեպքերը 2015 թվականի առաջին 6 ամիսներին եղել են 14,628, նախորդ տարի՝ 14,770: Կույումջյանի տեղեկացմամբ բնակչության բնական հավելաճը 2015 թվականի առաջին կիսամյակում կազմել է 4,091 մարդ , 2014 թվին՝ 4,477, այսինքն՝ այս տարի 8.6%-ով նվազել է:
Կարդացեք նաև
Նվազել է նաեւ ամուսնացողների թիվը, այս տարվա առաջին 6 ամիսներին գրանցվել է 8,582 ամուսնություն, 2014-ին՝ 9,563, այսինքն՝ 10.3%-ով նվազում է գրանցվել: Ամուսնալուծվողներն էլ պակասել են. այս տարվա հունվար-հուլիս ամիսներին 1,900 ամուսնալուծություն է գրանցվել, 2014 թվի 2,469 համեմատ՝ մոտ 23%-ով նվազում:
Ներկայացնելով Հայաստանի սահմանային հատումների ցուցանիշները, տիկին Կույումջյանն ասաց, որ ելքերի թիվն ավելի շատ է եղել, քան մուտքերի. «Սահմանային գրանցումները Հայաստանի հանրապետության փաստաթղթերով կազմել է 570 հազար 947 մուտք, ելքերը սահմանային անցակետերով ՀՀ փաստաթղթերով՝ 1 միլիոն 14 հազար 243 մարդ, այդ թվում 674,941-ը՝ ՀՀ փաստաթղթերով: Հաշվեկշիռը սահմանային գրանցումների – 75,464: Սա նշանակում է՝ ելքերը ավելի շատ են եղել 75,464-ով, քան՝ մուտքերը»:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարինե Կույումջյանի փոխանցմամբ եւ ըստ ոստիկանության արձանագրած ցուցանիշների, այս տարվա առաջին 6 ամիսներին գրանցվել են 397 ինքնասպանություն եւ ինքնասպանության փորձեր, 397 քաղաքացիներից 385-ը ինքնասպանության փորձեր են արել, իսկ մնացածը՝ ինքնասպանություն: Կույումջյանն ասաց, որ այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 74 դեպքով. Ինքնասպանություն գործողների 42%-ը եղել է գործազուրկ, իսկ ինքնասպանության փորձ կատարողների 62.5% է եղել գործազուրկ, այս մարդկանց մեջ եղել են նաեւ թոշակառուներ, ընդ որում, ինքնասպանության են ավելի շատ դիմել կախելու միջոցով, իսկ ինքնասպանության փորձերի մեջ գերակշիռը բարձրությունից նետվելն է, հետո՝ սուր-ծակող գործիքի կիրառումը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ