Լրահոս
Օրվա լրահոսը

Շրջադարձ աղմկահարույց քրեական գործով դատավարությունում

Հուլիս 31,2015 15:11

Իջեւանում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվում է Տավուշի մարզի քննչական բաժնի պետի նախկին տեղակալ Արտակ Ավետիսյանի, ոստիկանության Իջեւանի բաժնի նախկին պետ Անդրանիկ Ազիբեկյանի եւ Իջեւան քաղաքի հարավային մուտքին գտնվող «Իջեւանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատեր Անդրանիկ Խոջումյանի դատավարությունը:

Քրեական գործն առնչվում է 2014թ. ապրիլի 1-ի գիշերը Իջեւան քաղաքի «Իջեւանատուն» ռետորանահյուրանոցային համալիրի մոտ հնչած կրակոցներին եւ այդ կապակցությամբ քրեական գործի նյութերը կեղծելուն:

Տավուշի մարզի քննչական բաժնի պետի նախկին տեղակալ Արտակ Ավետիսյանին եւ Անդրանիկ Ազիբեկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով , իսկ «Իջեւանատան» սեփականատեր Անդրանիկ Խոջումյանին՝ 258 հոդվածի 4-րդ մասով:

Քրեական գործով մեղադրողը Անդրանիկ Ազիբեկյանի համար պահանջել է հինգուկես, Արտակ Ավետիսյանի համար՝ չորսուկես, Անդրանիկ Խոջումյանի համար՝ 7 տարի ազատազրկում:

Արտակ Ավետիսյանը, որը դատավարության ողջ ընթացքում ցուցմունք չի տվել, չի պատասխանել հարցերի, դատավարության հուլիսի 27-ի նիստում ելույթ է ունեցել: Նշենք, որ Ա. Ավետիսյանը նախաքննության ժամանակ տված ցուցմունքներով իրեն մեղավոր է ճանաչել, ինքնախոստովանական ցուցմունքներ տվել:

Նիստում ճառով հանդես է եկել նաեւ Արտակ Ավետիսյանի պաշտպան Արմեն Ադամյանը:

Ինչպես հայտնեց Անդրանիկ Ազիբեկյանի կինը՝ Քրիստինեն, դատավարության հուլիսի 27-ի նիստում Արտակ Ավետիսյանն իր վերջին խոսքում իրեն մեղավոր չի համարել: Նա ասել է, որ Հատուկ քննչական ծառայությունում իրեն առաջարկել են ընդունել մեղքը, խոստանալով, որ հետագայում հոդվածը կփոխեն 308 հոդվածի 1-ին մասի, եւ հետո իր համար ամեն ինչ լավ կլինի: Արտակ Ավետիսյանի խոսքերով ՝ իրեն առաջարկել են, որ Անդրանիկ Ազիբեկյանին համոզի ընդունել մեղքը, ինքը նրա հետ առանձին խոսելու թույլտվություն է խնդրել, սակայն առանձնազրույցի ժամանակ Ա.Ազիբեկյանը հրաժարվել է իրեն մեղավոր ճանաչել, ասելով, որ ինքը հանցավոր ոչինչ չի արել:

Սույն քրեական գործով դատավարության հաջորդ նիստը նշանակված է օգոստոսի 4-ին, որի ընթացքում, հավանաբար, կհրապարակվի 3 ամբաստանյալների դատավճիռը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031