Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ օրերս կալանավորված Տիգրան Խաչատրյանը, վերջերս ԵԿՄ հուշամեդալով է պարգեւատրվել։ Պարզվում է՝ Տիգրան Խաչատրյանը Գորիսի ԵԿՄ երիտասարդական կառույցի ղեկավարն է: Երեկ «Ժողովուրդ»-ն այս աոիթով զրուցել է Կապանի փոխքաղաքապետ, Սյունիքի մարզի ԵԿՄ երիտասարդական կառույցի ղեկավար Ռոդոլֆ Սարգսյանի հետ։ Ի դեպ, վերջինս բարեկամական կապեր ունի Սյունիքի մարզպետի ընտանիքի հետ:
– Շատ երկար ժամանակ չէ, որ Տիգրան Խաչատրյանը ԵԿՄ անդամ է, ինչպե՞ս է նրան հաջողվել այդքան աշխատանք կատարել, որից գոհ է անգամ ԵԿՄ նախագահը։
– Ես հիմա թվերով չեմ կարող ասել, թե քանի տարվա անդամ է նա, Սյունիքում, երբ որ ստեղծվել է ԵԿՄ կառույցը, այդ ժամանակվանից Տիգրան Խաչատրյանը ԵԿՄ անդամ է եւ շատ լավ է կատարել իր առջեւ դրված խնդիրները, կարողացել է բարձր մակարդակով ամեն ինչ կազմակերպել։
– Իսկ ինչո՞ւ ԵԿՄ-ն հաշվի չի առնում այն հանգամանքը, որ Տիգրան Խաչատրյանը մշտապես հայտնվում է սկանդալային իրավիճակներում, որոնց արդյունքում մարդիկ են տուժում, նրան արդեն երկու անգամ կալանավորել են։ Սյունիքի մարզում նա հայտնի է իր վատ վարքով, դա ԵԿՄ-ի համար կարեւոր չէ՞։
– Ես՝ որպես ԵԿՄ տարածքային կառույցի ղեկավար, կարող եմ ասել, որ Տիգրան Խաչատրյանը շատ նորմալ վարք ունի, շատ դաստիարակված տղա է ինքը, իսկ ինչ վերաբերում է Ձեր մնացած հարցերին, ասեմ, որ քանի դեռ հետաքննություն է ընթանում, ես զերծ կմնամ ինչ-որ գնահատականներ տալուց։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում