Լրահոս
Օրվա լրահոսը

Պատանի ծանրորդները կպայքարեն Եվրոպայի մեդալների համար

Հուլիս 31,2015 12:20

Այս գիշեր ծանրամարտի Հայաստանի մինչեւ 15 եւ մինչեւ 17 տարեկանների հավաքականները մեկնեցին Շվեդիա, որտեղ օգոստոսի 1-8-ը կայանալու է այս տարիքային խմբերի Եվրոպայի պատանիների եւ աղջիկների առաջնությունը:

Թիմերը մինչեւ երեկ վերջին ուսումնամարզական հավաքն անցկացնում էին Աբովյան քաղաքում: Տղաների հավաքականի ավագ մարզիչ Էդուարդ Կիզողյանը երկու տարիքային խմբերում ընտրել է 13 պատանի ծանրորդների:

Մինչեւ 17 տարեկաններից Լանդսկրոնայի մրցահարթակում հանդես կգան՝ 50 կգ քաշային կարգ՝ Համլետ Մնացականյան, 62 կգ՝ Լեւոն Մանուկյան եւ Հրայր Հովհաննիսյան, 77 կգ՝ Սամվել Բաբակյան, 85 կգ՝ Արսեն Մարտիրոսյան եւ Հարություն Ենգիբարյան, 94 կգ՝ Գրիգոր Գրիգորյան եւ Սարգիս Կիրակոսյան:

Մինչեւ 15 տարեկաններ. 50 կգ՝ Բաբկեն Բագրատյան, 56 կգ՝ Արմեն Գրիգորյան եւ Ռաֆիկ Հարությունյան, 69 կգ՝ Կարեն Մարգարյան, 94 կգ՝ Ջանիբեկ Գրիգորյան: Է. Կիզողյանի խոսքերով՝ երկու թիմերում բոլորն էլ իրենց տարիքային խմբում Հայաստանի չեմպիոն են: «Տղաները լավ մարզավիճակում են ու հավաքներում ցույց տված կիլոգրամներով բոլորն էլ ի վիճակի են պայքարել լավագույն եռյակում տեղ զբաղեցնելու համար: Միայն մի հարց կա. ծանրորդներից ութը առաջին անգամ է մասնակցելու Հայաստանից դուրս անցկացվող մրցման: Նրանց ամենամեծ մրցումը եղել է Հայաստանի առաջնությունը: Բայց անում եւ անելու ենք հնարավոր ամեն բան, որպեսզի նրանց վրա չազդի միջավայրի փոփոխությունը, եւ ծանրորդները Լանդսկրոնայում բարձրացնեն այն քաշերը, որ ցույց են տվել վերջին ուսումնամարզական հավաքներում»,- մեկնելուց առաջ ասաց մարզիչը:

Աղջիկների հավաքականի ավագ մարզիչ Արման Ղազարյանը նույնպես սպասելիքներ ունի իր սաներից: «Անկեղծ ասած, համեմատելով մեր աղջիկների բարձրացրած քաշերը առաջիկա մրցակիցների ցույց տված կիլոգրամների հետ՝  տեսնում եմ, որ մերոնք բոլորն էլ ի վիճակի են պայքարել եւ բարձր տեղեր գրավել: Մնում է, որ Շվեդիայում մրցահարթակ մտնեն առանց ավելորդ հուզմունքների»,- ասաց մարզիչը:

Արման Ղազարյանը Եվրոպայի առաջնություն տանում է յուրաքանչյուր տարիքային խմբից երկուական մասնակցի: Նրանք են՝

մինչեւ 15 տարեկաններ. 63 կգ քաշային կարգ՝ Լիանա Գյուրջյան, + 69 կգ՝ Աիդա Մանուկյան մինչեւ 17 տարեկաններ. 69 կգ՝ Սոնա Պողոսյան, +69 կգ՝ Արփինե Դալալյան:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031