Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե «մայդան» չի…

Հուլիս 31,2015 10:04

Ծանր արտաքին քաղաքական եւ տնտեսական վիճակում գտնվող Ռուսաստանն այսօր քիչ դաշնակիցներ ունի: Ինչպես եւ անհատը, որը կյանքն ընկալում է որպես «պայքար» իրեն շրջապատող թշնամիների դեմ եւ հենց այդ աշխարհընկալման պատճառով գրեթե չունի իրեն սիրող եւ հարգող բարեկամներ, այնպես էլ պետությունները, որոնց գաղափարախոսությունը հիմնված է թշնամական միջավայրից «պաշտպանվելու» հայեցակարգի վրա, ի վերջո, հայտնվում են մեկուսացման մեջ:

Բնական է, որ այս իրավիճակում Ռուսաստանը չի ուզում կորցնել Հայաստանին, որը, որքան էլ փոքր լինի, Ռուսաստանի «հազվագյուտ» դաշնակիցներից մեկն է: Մասնավորապես, այդ պատճառով ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը ծանր է տանում եւ, իմ կարծիքով, չափազանցված նշանակություն է տալիս Արթուր Սաքունցի եւ Բարսեղյան Լեւոնի գործունեությանը ու երբեմն նույնիսկ «հուշում» է մեր իշխանություններին՝ «զբաղվել» նման մարդկանցով եւ կազմակերպություններով: Մտավախությունը, բնականաբար, «մայդանն» է, այսինքն՝ հասարակական այնպիսի մի շարժում, որը ոչ միայն իշխանափոխություն կիրականացնի, այլեւ «կթեքի» Հայաստանը դեպի Արեւմուտք:
Չանդրադառնանք այն հարցին, թե ինչու դա հնարավոր չէ, եւ ինչու Արեւմուտքն էլ «մի բարի պտուղը չէ»: Խոսենք քաղաքական կամ հասարակական շարժումների մասին:

Հիշո՞ւմ եք, երբ ԲՀԿ-ն ու նրա դաշնակիցները քաղաքական ակտիվություն էին դրսեւորում, քանի՞ անգամ այս Քառյակի, իսկ այնուհետեւ՝ Եռյակի ներկայացուցիչները ստիպված էին հայտարարել, որ իրենց քննադատության թիրախը Հայաստանի իշխանություններն են, եւ որ «համաժողովրդական» շարժումը որեւէ ձեւով ուղղված չէ Ռուսաստանի դեմ: Մայդան չէ՝ մի խոսքով: Դեսպան Վոլինկինի մոտ «ստուգարք ստանալուց» հետո այդ ուժերը կարող էին ազատորեն շարունակել իրենց «ոչ իշխանական» գործունեությունը, բայց ռեսուրսը չբավարարեց:

Բաղրամյան փողոցի իրադարձությունների առաջին օրերին Ռուսաստանի աչքին կրկին «մայդան» երեւաց, եւ հունիսի 23-ի «ջրցանը» դրա ուղիղ հետեւանքն էր: Բայց հետո Հայաստանի իշխանությունները, ցուցարարները, այլ գործիչներն ու մեկնաբանները բացատրեցին մեր ռազմավարական դաշնակցին, որ «մայդանի» հոտ անգամ չի գալիս, եւ ամեն ինչ տեղափոխվեց խաղաղ փուլ: Հիմա հարցը հաջողությամբ լուծվում է փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի մակարդակով:

Ստեղծվել է հետեւյալ վիճակը. եթե հասարակական շարժումը «մայդան» չի, ապա կա հնարավորություն, որ ամեն ինչ կանցնի քիչ թե շատ խաղաղ: Բայց, մյուս կողմից, եթե «մայդան» չի, ապա հավանական է, որ իշխանությունների համար էլ վտանգավոր չլինի: Ավելի շուտ՝ վտանգավոր կլինի միայն այն դեպքում, եթե ստանա Կրեմլի աներկբա հովանավորությունը: Երբեմն որոշ «ոչ իշխանականներ» ասում են, որ նման հովանավորություն ունեն: Բայց դա, ըստ ամենայնի, ցանկալին իրականի տեղ դնելու շարքից է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    ԽՍՀՄ անկումից հետո մի ծիծաղելի երևույթ է ի հայտ եկել, որը գնալով շատանում է: ՛՛Սովետի՛՛ դերը ստանձնել է ԱՄՆ-ը, և ինչպես սովետն էր արհեստականորեն ընդլայնում ՛՛սոց-լագերը՛՛ և այդ ճամբարում ամրապնդում իր հեգեմոն դերը՝ ՛՛նեխող՛՛ կապիտալիզմի դեմ պայքար մղելով, նույն մեթոդներով ԱՄՆ-ը նստել է խեղճ եվրոպայի վզին… նույն կեղծ солидарность-ն են ցուցաբերում նրա վասալները, իրար հերթ չտալով՝ ՛՛միասնական թշնամու՛՛ դեմ պայքարի առաջամարտիկ երևալու համար, իսկ կուլիսների ետևում՝ դժգոհում իրենց ՛՛մեծ եղբորից՛՛
    Մենք շատ անեկդոտներ ունեինք այդ ՛՛նեխող և կործանվող՛՛ կապիտալիզմի մասին, որը այդպես էլ չէր կործանվում…: Հիմա արևմտյան պրոպագանդան, այդ թվում և Ձեր թերթը, պարբերաբար գուժում է Ռուսաստանի կործանումը և մեկուսացումը, որը նույնպես այդպես էլ տեղի չի ունենում… )))))
    Դեռ հարց է թե ով է մեկուսացման վտանգի տակ: Ընդամենը հաշվեք թե մոլորակի տարածքի և բնակչության քանի տոկոսն են կազմում БРИКС և ШОС համագործակցությունների երկրները, ավելացրեք նաև նոր ստեղծվող ԵԱՏՄ-ն, և դրեք նժարի վրա:
    Դուք ճիշտ եք, ասելով որ Հայաստանում մայդան հնարավոր չէ, հաշվի առնելով մեր ազգային մտածելակերպը, պատմությունը, դիրքը և բնակչության վերաբերմունքը Սաքունցի նմաններին: Բայց դրան ավելացել է ու գնալով ամրապնդվում է ևս մի կարևոր գործոն՝ թե ինչի՞ են հասցրել այդ ՛՛մայդանները՛՛, այն երկրներին ու ժողովուրդներին, որտեղ այդ ՛՛ՀՐԱՇՔԸ՛՛ տեղի է ունեցել: Կա՞ մի երկիր, որը դրանից խերվել է…
    Դուք ասում եք՝ ՛՛եթե մայդան չի՛՛, ապա մեր իշխանությունը դրանից չի ՛՛վախենա՛՛ և մատը մատին չի տա սեփական ժողովրդի վիճակը լավացնելու համար: Հարկավոր է, որ Մոսկվան վախենա մայդանի վտանգից և հրահանգի մերոնց՝ լավ քայլե՞ր անել…: Կարող է ես միամիտ եմ, բայց ես չեմ կարծում, որ մեր երկրի կառավարությունը ստահակների հավաքածու է:
    Իսկ Մոսկվայի ՛՛վախը՛՛ Սաքունցից ուղղակի զավեշտալի է: Իմ կարծիքով նրան իսկի իրենց տանը բանի տեղ չեն դնում)))))
    Հայաստանը իմ հայրենիքն է, որի համար կյանքս կտամ: Բայց ես երբեք չեմ չափազանցնում նրա դերը այն աստիճան, որ Ռուսաստանի «հազվագյուտ» դաշնակիցներից մեկը կոչեմ, և մտածեմ, որ Ռուսաստանի համար մեզ ՛՛կորցնելը՛՛ մահվան է հավասար: Բնականն այն է, որ Հայաստանը ՉՊԵՏՔ Է ուզենա կորցնել Ռուսաստանին, որը իրոք որ մեր հազվագյուտ (եթե ոչ միակ) դաշնակիցն է…
    .
    P.S. և մի զավեշտ էլ մեր ընթացիկ ՛՛մայդաններից՛՛: ՈՏՔԻ Հայաստանը սևեռվել է հրապարակում ՆՍՏԵԼՈՒ իր ՛՛սահմանադրական՛՛ իրավունքը պաշտպանելու վրա: Բայց այդ ծիծաղելի Անդրեասի ու Դավիթ Սանասարյանի ՛՛հուժկու՛՛ շարժմանը օրը մի քանի անգամ անդրադառնում է միայն ՛՛ազատության ձայնը, իսկ մասնակիցների քանակը Սեֆիլյանից էլ է քիչ…

  2. Լավատես says:

    Ա Մենք շրջապատված ենք թշնամիներով, այդ պատճառով պետք է հզորացնենք մեր բանակը:
    Բ Բանակը հզորացնելու համար պետք է մեծ ծախսեր անենք:
    Գ Մեծ ծախսեր անելու համար պետք է աշխատող մարդկանց քանակն ավելացնել ու բարձրացնել հարկերի չափը:
    Դ Աշխատող մարդկանց քանակն ավելացնելու ու հարկերի չափը բարձրացնելու համար պետք են լավ աշխատող օրենքներ:
    Ե Լավ աշխատող օրենքներ կարող են ստեղծել հզոր Մեջք՝ ուժ, թիկնապահներ ունեցող Մտավորականները, որոնք տեղը կդնեն ե՛ւ կաշառակեր պաշտոնյաներին ե՛ւ դրսից փող ստացող ու դրսին ծառայող ախմախներին:
    Ստացվում է, կեղտոտ գործերի դեմ մեզ Մեջք է պետք, իսկ մաքուր գործերի համար՝ Մտավորականություն:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031