Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ծանոթացեք՝ HACCP, նույն ինքը՝ ՎՎՀԿԿ

Հուլիս 31,2015 16:30

Ի՞նչ կարող է պատահել, եթե չպահպանվեն սննդի անվտանգության կանոնները: Դե պարզ է, առաջին հերթին բոլորը մտածեցին ստամոքսի խանգարման եւ թունավորումների մասին: Սակայն հայտնի է, որ սննդի միջոցով մարդուն կարող է անցնել ավելի քան 200 հիվանդություն, այդ թվում՝ 140-150 վարակիչ հիվանդություն: Ընդ որում, նկատենք, որ սննդային հիվանդությունների արդյունքում տարեկան միլիոնավոր մարդիկ են մահանում, 2012-ին, օրինակ, 1,8 մլն մարդ է մահացել սննդածին հիվանդությունների արդյունքում:
Ամեն տարի սննդային ծագում ունեցող հիվանդությունների քանակը եւ տարածումը մեծանում է, այդ թվում նաեւ այն պատճառով, որ փոխվում է այդ հիվանդությունները տարածող միկրոբների որակը. դրանք հարմարվելով մեր պայմաններին՝ դարձել են ավելի դիմացկուն: Եթե, օրինակ, 1960-ականներին դասագրքերում գրվում էր, որ աղիքային ցուպիկը ոչնչանում է 92 աստիճանում՝ ըստ Ցելսիուսի, ապա այսօր այդ վտանգավոր միկրոբը ոչնչացնելու համար 104 աստիճան է հարկավոր: Փոխարենը՝ մարդիկ են դարձել ավելի «փխրուն» եւ ավելի արագ են ենթարկվում տարբեր վարակների եւ հիվանդությունների:

Սննդի անվտանգությանն առնչվող խնդիրները նրանցից են, որոնց բախվում են մարդիկ ինչպես Աֆրիկայի ծայրահեղ հետամնաց, այնպես էլ ամենաքաղաքակիրթ եւ զարգացած երկրներում, ուղղակի ի տարբերություն առաջինների, որտեղ այդ խնդիրը թողնված է ինքնահոսի, զարգացած երկրներում փորձում են կառավարել սննդային հիվանդությունների ռիսկերը: Արդեն մի քանի տասնամյակ է՝ աշխարհը գնում է այդ ռիսկերի կառավարման եւ հիվանդությունների կանխարգելման արդյունավետ ճանապարհով, որի անունն է…

2-1-2

Եվ այսպես՝ HACCP

Հուլիսի 23-ին ՀՀ կառավարությունը սահմանեց «Սննդի արտադրության, վերամշակման եւ բաշխման փուլերում պատշաճ հիգիենիկ ու արտադրական գործելակարգի եւ վտանգի վերլուծության եւ հսկման կրիտիկական կետերի համակարգի ներդրման ժամանակացույցը, կերերի եւ կերային հավելումներ արտադրողների կողմից վտանգի վերլուծության եւ կրիտիկական կետերի համակարգերի ներդրման ժամանակացույցը»: Այս երկարաշունչ «Վտանգի վերլուծության եւ հսկման կրիտիկական կետեր» անվանումը ողջ աշխարհով մեկ հայտնի HACCP-ն է՝ սննդի անվտանգության ապահովման մի համակարգ, որը լայն քայլերով տարածվում է աշխարհով մեկ:

HACCP-ը ի հայտ է եկել ԱՄՆ-ում՝ 1960-ականներին՝ NASA-ի պահանջով: Ամեն ինչ սկսվել է մի տհաճ դեպքից՝ տիեզերք տարված սննդի պատճառով տիեզերագնացի մոտ փորլուծություն է սկսվել, ինչը բավականին տխուր հետեւանք է ունեցել այնտեղ՝ վերեւներում: (Նկատի ունեմ տիեզերքը): Դրանից հետո NASA-ն իր տիեզերագնացների համար սնունդ ապահովող ընկերությունից պահանջել է հատուկ տեխնիկական պայմանների ապահովում: Մշակվել է սննդի արտադրությունից մինչեւ տիեզերանավ ողջ շղթան՝ ծայրից ծայր, վերահսկելու եւ պատշաճ պայմանները պահպանելու մի մանրակրկիտ համակարգ: Հետագայում այդ համակարգը ընդունեցին նաեւ այլ տեղերում, իսկ 1988-95 թվականներին արդեն HACCP-ը դարձավ պարտադիր ողջ ԱՄՆ տարածքում՝ սննդի հետ առնչվող ցանկացած միջավայրի համար:

HACCP համակարգը այժմ գործում է ոչ միայն ԱՄՆ-ում, Եվրամիությունում, այլեւ մեր «բախտընկեր» Բելառուսում եւ Ռուսաստանում: HACCP-ի ներդրումը պարտադիր է արդեն Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների համար: Հայաստանում HACCP համակարգը պատշաճ ձեւով ներդրած ընդամենը մի քանի ընկերություն կա: Ըստ մասնագետների՝ կան ընկերություններ, որոնք ուղղակի ձեռք են բերել այդ համակարգը, սակայն պատշաճ չեն ներդրել:

Նկատենք, որ միայն HACCP համակարգի ներդրումն ինքնին բավականին թանկ հաճույք է, եւ հարկային, մաքսային ու մյուս բոլոր այլ մարմինների կողմից նեղը դրված մեր արտադրողները, որքան էլ մեծ ցանկություն ունեն ներդնել այդ համակարգը, դժվարանում են: Էլ չասած, որ շատ դեպքերում միայն համակարգի ներդրմամբ չի լինի բավարարվել, հնարավոր է, որ HACCP ներդնող թիմը գա եւ գործարանատիրոջն ասի, որ ոչ միայն սարքավորումները, պատուհանները, հատակն ու առաստաղը պետք է ամբողջությամբ փոխի, այլեւ՝ այս պատը քանդի եւ այնտեղ պատ կառուցի, այստեղ այսինչ խողովակը դնի, այնտեղ այնինչը հանի եւ այլն, եւ այլն… Այս բոլոր քայլերը պիտի ապահովեն սննդամթերքի արտադրության յուրաքանչյուր քայլում հսկման մեխանիզմը, որի արդյունքում սննդարտադրության ողջ շղթան ապահովված կլինի ռիսկերից: Օրինակ՝ պատերի վրա ճաքեր չպիտի լինեն, քանի որ 5 ժամվա ընթացքում բորբոսասնկեր կառաջանան, առաստաղը փայտից չպետք է լինի, կախովի չպետք է լինի, պատուհանները ոչ մի ճեղք չպետք է ունենան, շինարարության մեջ օգտագործված լինի միայն սննդի համար անվնաս շինանյութեր, մթերքի վերամշակման ժամանակ օգտագործված սարքավորումները ոչ միայն պետք է լվացվեն, այլեւ ախտահանվեն, ընդ որում՝ հատուկ պրոֆեսիոնալ նյութերով, թափոնները ոչ թե օրվա վերջում, այլ 4 ժամը մեկ պետք է թափվեն, տարածքում պետք է շուրջօրյա պահպանվի համապատասխան ջերմաստիճան, հում մսի դանակն առանձին պետք է լինի, եփվածինն առանձին եւ այլն, եւ այլն…

Սակայն մասնագետի վկայությամբ՝ HACCP ներդնողները 3-5 տարում իրենց ծախսած գումարները հետ են բերում, քանի որ 10-20% տնտեսում է տեղի ունենում այդ աշխատանքների արդյունքում:

2-1-4

HACCP-ը՝ Հայաստանում

Ինչպես վերը նշեցի՝ ԵՏՄ-ում այս համակարգի ներդրումն արդեն պարտադիր պայման է, ընդ որում՝ ոչ միայն արտահանողների համար (նրանց ստուգելը հեշտ է՝ սահմանի վրա կպահանջեն համապատասխան փաստաթղթերը, որ այդ համակարգը ներդրած ընկերության արտադրանք է արտահանվում), այլեւ արտահանմամբ չզբաղվող տեղական արտադրողների համար: Թե վերջիններիս ինչպե՞ս պետք է վերահսկեն մեր ԵՏՄ-ական «շեֆերը»՝ պարզ չէ: Իհարկե, որպես սպառողներ՝ բոլորիս համար խիստ շահավետ կլինի, եթե մեր բոլոր սննդարտադրողները այդ համակարգով գործեն, սակայն հասկանալով, թե ինչպիսի ֆինանսական խնդիրների առաջ կկանգնեն նրանք, որոշակի կարեկցանք է առաջանում նրանց հանդեպ՝ այս պարտադրանքի առումով:

Թեեւ պետք է ասել, որ Հայաստանում արդեն իսկ օրենքով պարտադիր էր HACCP համակարգի ներդրումը, միայն թե մինչեւ հիմա չկային համապատասխան ենթաօրենսդրական ակտերը, իսկ մեզ ԵՏՄ-ն մինչեւ 2016թ. հունվարը անցումային շրջան էր տվել:

2-1-3

Այդուհանդերձ, մեր կառավարությունը, ինչպես ասացինք, ճիշտ մեկ շաբաթ առաջ ընդունեց ժամանակացույցը, թե որ արտադրողները ինչ ժամկետներում պետք է ներդնեն այդ համակարգը:

Այսպես, մսամթերք, ձկնամթերք, պտուղ-բանջարեղենի պահածոներ եւ կաթնամթերք արտադրողները՝ մինչեւ 2020 թ. հունվարի 1-ը (միկրոբիզնես) եւ մինչեւ 2019, 2018, 2017թթ.-ների հունվարի 1-ը (համապատասխանաբար՝ փոքր, միջին եւ խոշոր բիզնեսները):

Հաց եւ խմորեղեն, գինի (խաղողի եւ պտուղների), գարեջուր եւ ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրողները՝ 2018-2021թթ. (ժամկետները՝ կախված բիզնեսի ծավալներից՝ խոշորից դեպի միկրոբիզնես): Ալյուր, մակարոնեղեն, կարտոֆիլի վերամշակում, բուսական եւ կենդանական յուղ, շոկոլադ՝ 2019-2022թթ.: Սննդամթերքի, ալկոհոլային եւ ծխախոտային ապրանքների վաճառքով (ինչպես մանրածախ, այնպես էլ մեծածախ, այդ թվում՝ հատուկ խանութներում), նաեւ՝ հասարակական սննդի օբյեկտներում՝ 2020-2023թթ.:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հ.Գ.- Առանձնահատուկ շնորհակալություն սննդի անվտանգության մասնագետ Արա Կարապետյանին՝ տրամադրած տեղեկատվության եւ «Օքսֆամ»-ին՝ այդ տեղեկատվությունը ստանալու հնարավորության համար:

«Առավոտ» օրաթերթ
30.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031