Լրահոս
Օրվա լրահոսը

«Հակակոռուպցիոն հանձնաժողովի հետ ԲՀԿ-ն ամուսնության պայմանագիր չի կնքել»

Հուլիս 31,2015 16:00

ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը` սահմանադրական բարեփոխումների «անհասկանալի եւ մութ մոտիվացիաների» եւ կառավարության նկատմամբ ԲՀԿ-ի «բարեհաճության» մասին:

– «Գելափը» հարցումներ է անցկացրել, համաձայն որոնց՝ Հայաստանի քաղաքացիների 46 տոկոսը գտնում է, որ սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտություն մեր երկրում կա: Անցած մեկուկես տարում անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրային քննարկումները, հանրության տրամադրություններն ու տրամադրվածությունները վկայո՞ւմ են «Գելափի» հարցումների հավաստիությունը:

– Հայաստանում անցկացվող սոցիոլոգիական հարցումների վերաբերյալ ես քանիցս տեսակետ արտահայտել եմ. սոցիոլոգիան ճշգրիտ գիտություն է, եթե դրանով զբաղվում են մասնագետները, մարդիկ, որոնց նպատակը հանրության տեսակետը ներկայացնելն է եւ ոչ թե մանիպուլյացիա անելը: Գիտեք, ցանկացած հարց կարելի է այնպես ձեւակերպել, որ ստանաս ակնկալվող պատասխանը: Եթե հարցը ձեւակերպվել է` կո՞ղմ եք բարեփոխումներին, բնականաբար, ՀՀ բնակչության 100 տոկոսը պիտի պատասխաներ, որ կողմ է: Ինչեւէ: «Գելափին» թողնենք մի կողմ: Որպես մարդ, ով գրեթե ամեն օր հանդիպումների է լինում կուսակցական մեր տարբեր կառույցներում, որոնց մասնակցում են ոչ միայն ԲՀԿ-ի անդամները, այլեւ տարբեր քաղաքացիներ, ում հետաքրքիր է կուսակցության դիրքորոշումը այս կամ այն խնդիրների վերաբերյալ, կարող եմ միանշանակ վստահեցնել, որ ՀՀ բնակչության գերակշիռ մեծամասնությունն ուղղակի տեղյակ չէ, որ Հայաստանում նախատեսվում են սահմանադրական փոփոխություններ: Սա միանշանակ է: Այստեղ երկու կարծիք լինել չի կարող՝ անկախ նրանից, թե «Գելափն» ինչ է ասում: Մարդիկ տեղյակ չեն, որ Հայաստանում նման օրակարգ կա, որովհետեւ ՀՀ քաղաքացիներին բացարձակապես այլ խնդիրներ են հուզում:

– Տարօրինակ չէ՞, որ քաղաքական ուժերն էլ մի տեսակ ակտիվ չեն: Որոշ ընդդիմադիրներ, իհարկե, բացասական կարծիքներ հայտնեցին, բայց համընդհանուր դիմադրություն չկա: Հնարավո՞ր է Սերժ Սարգսյաին հաջողվի սահուն անցկացնել բարեփոխումները` այս լռության մթնոլորտում:

– Ես չգիտեմ, թե իշխանությունն ինչ ծրագրեր ունի: Դատելով իշխանական քարոզչամեքենայի եւ գործիչների վարքագծից՝ ինքս բազմաթիվ հարցեր ունեմ ընդհանրապես այս փոփոխությունների իրական մոտիվացիայի վերաբերյալ: Սա այլ խնդիր է:

Իսկ թե ինչո՞ւ քաղաքական ուժերը վերջնական դիրքորոշումներ չեն հայտնում` շատ պարզ է: Եթե վերցնենք ԲՀԿ-ի օրինակով, որի անունից ես կարող եմ խոսել, խմբակցության պատգամավորների եւ քաղխորհրդի անդամների գերակշիռ մեծամասնությունը հանրապետությունից բացակայում են: Ես էլ լիազորված չեմ որեւէ մեկի կողմից` առանց իրենց հետ հարցը քննարկելու, ներկայացնել կուսակցության տեսակետը: Ես առնվազն կարող եմ իմ անձնական տեսակետը ներկայացնել, ինչը քանիցս արել եմ: Ավելին՝ հրապարակված դրույթներն այժմ մեր սահմանադրագետները եւ իրավաբանները ուսումնասիրում են: Նրանք մասնագիտական եզրակացություն կպատրաստեն քաղխորհրդի եւ խմբակցության համար, ու պատեհ պահին, երբ քաղխորհրդի եւ խմբակցության մեծամասնությունը Հայաստանում կլինեն, մենք հարցը կքննարկենք: Մենք որեւէ շտապողականության խնդիր չենք տեսնում, եւ ի վերջո՝ պիտի լինի նաեւ ամբողջական փաթեթը: Ազատ Արշակյանը հումորով էր ասել, բայց շատ ճիշտ արված դիտարկում է` միգուցե 8-րդ գլխում գրված է, որ ներկայացված 1-7 գլուխները կատակ էին: Փաթեթը պիտի ամբողջության մեջ դիտարկենք, մանավանդ, որ ներկայացված դրույթներում արդեն բազմաթիվ լրջագույն, իրենց մեջ ռիսկեր պարունակող կետեր կան:

– Որո՞նք են սահմանադրական բարեփոխումների մոտիվացիաների վերաբերյալ Ձեր մտահոգությունները: Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ինքը ոչ վարչապետ, ոչ նախագահ չի ցանկանում դառնալ, ՀՀԿ-ականներն էլ ամեն օր տարբեր հարցազրույցներում բացառում են վերարտադրության խնդիրը. այդ դեպքում այս բարեփոխումների, այսպես ասած, «ինֆորմացիոն առիթը» ո՞րն է:

– Ես չեմ կարող ասել, ինձ համար դեռեւս հասկանալի չէ: Այն, որ այստեղ այլ մոտիվացիա կա` ինձ համար գրեթե միանշանակ է: Բայց ո՞րն է իրական մոտիվացիան, որ իշխանության քարոզչամեքենան բացարձակապես զբաղված չէ «այո»-ի քարոզչությամբ, իշխանական տարբեր գործիչներ բացառապես ոգեւորված չեն ներկայացված փաթեթով ու հրապարակայնորեն հայտնում են այդ մասին՝ այդ ամենը չի կարող պատահական լինել:
Գիտեք, ես այնքան ռոմանտիկ չեմ, որ հավատամ մեզանում մամուլի բացարձակ ազատությանը եւ իշխող թիմի քաղաքական գործիչների բացարձակ անկախ տեսակետ հայտնելու ազատությանը: Շատ անհասկանալի եւ մութ հարցեր կան ինձ համար մոտիվացիայի առումով, այս ողջ սահմանադրական էպոպեայում, բայց, կարծում եմ, առաջիկայում ամեն ինչ շատ ավելի հստակ կլինի:

– Սահմանադրական բարեփոխումների հրապարակված գլուխները նախագահի նախկին թեկնածու, ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը որակեց պատասխանատվությունը լղոզող…

– Դա մի ականն ու վտանգն է: Այնտեղ կա նաեւ «կայուն մեծամասնություն», պատգամավորների լողացող կուրս, երկրորդ փուլ: Ինձ հայտնի չէ մի ժողովրդավարական երկիր, որի Սահմանադրությունում նման բաներ կան, իսկ տոտալիտար երկրների Սահմանադրությունների ուսումնասիրությանը մեր իրավաբանները դեռ չեն հասել: Բազմաթիվ ականներ եւ սողանցքեր կան հրապարակված դրույթներում, էլ չեմ խոսում իրավականորեն իրար հակասող դրույթների մասին: Ես հասկանում եմ, որ իրավական հակասությունները շտկելի են, բայց «կայուն մեծամասնությունը» ո՞նց են շտկելու:

– Աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին, նաեւ այն պարագայում, որ ԼՂ հարցում կրկին ակտիվություն է նկատվում, կրկին կարծես առաջին պլան է մղվում տարածքների վերադարձի հարցը, հավանական համարո՞ւմ եք, որ այսպիսով Սերժ Սարգսյանը փորձում է հենց այդ պատասխանատվությունը լղոզել եւ հեռանալ:

– Ոչ: Ես դա բացառում եմ, որովհետեւ ես չեմ հավատում, որ ՀՀ որեւէ նախագահ, այդ թվում նաեւ Սերժ Սարգսյանը, Հայաստանի շահերին դեմ որեւէ քայլ կձեռնարկի: ԼՂ հարցի կարգավորման մասով էլ ես տեսանելի ապագայում որեւէ փոփոխություն չեմ ենթադրում:

– Նախօրեին նորաստեղծ կուռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի նիստին որեւէ ընդդիմադիր քաղաքական ուժ չէր մասնակցում՝ բացի ԲՀԿ-ից: Ինչո՞վ է պայմանավորված նման «բարեհաճ» վերաբերմունքը կառավարության կողմից կոորդինացվող այդ մարմնի նկատմամբ:

– Մենք ասել ենք, որ չենք առաջնորդվելու այն սկզբունքով, թե ինչ է անում այս կամ այն քաղաքական ուժը սկզբունքով: Մենք առաջնորդվում ենք բացառապես մեր օրակարգով: Հակակոռուպցիոն կամ որեւէ այլ հանձնաժողովի հետ ԲՀԿ-ն ամուսնության պայմանագիր չի կնքել: Մենք ասել ենք, որ մեր ներկայացուցիչը կմասնակցի մեկ-երկու նիստի, եւ եթե տեսնենք, որ այդ նիստերն իմիտացիոն բնույթ են կրում եւ իրականում միտված չեն երկիրը ուղղակիորեն կորոզիայի ենթարկող կոռուպցիան կանխարգելելուն, ապա մեր ներկայացուցիչը կդադարեցնի իր մասնակցությունն այդ հանձնաժողովի աշխատանքներին:

Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
30.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031