Լրահոս
Օրվա լրահոսը

Աղավնաձորցիներին այրված այգիների համար չեն փոխհատուցի

Հուլիս 31,2015 14:30

Աղավնաձոր համայնքի մի շարք բնակիչներ հուսահատ վիճակում են. եթե բնությունն այս տարի այլ համայնքների բնակիչների նկատմամբ շռայլ է եղել, բարեբեր տարի է տվել, ապա աղավնաձորցիների համար այս ամառը իսկական փորձություն էր: Հուլիսի 24-ին Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում մեծ հրդեհը մոտ 40 գյուղացիների բերքը, կարելի է ասել, մոխրի է վերածել: Հրդեհվել են գյուղի արոտավայրերի մեծ մասը, բերքատու այգիները, անասունների ձմռան կերը, որը չորացած խոտի տեսքով գյուղացիները տուկ արած պահում էին դաշտերում ու դեռ չէին հասցրել տեղափոխել անասնագոմեր:
Գյուղացիներից մեկի, որը միայնակ մայր է, խաղողի այգին հրդեհը չի խնայել՝ ամբողջությամբ այրել է, որը նա միայնակ է մշակել: Գյուղացիները մեզ հետ զրույցում պատմեցին, որ որքան էլ համատեղ ուժերով փորձել են հանգցնել այդ կնոջ այգում բռնկված հրդեհը, ապարդյուն է եղել, չեն կարողացել պայքարել ուժեղ կրակի դեմ:
Մի աղավնաձորցու պատմելով էլ՝ «Հենց տեսա, որ բերքատու ծառերս՝ տանձ, բալ, փշատ, դեղձ, խաղող, այրվում են, ոտքերս թուլացան, սիրտս կտոր-կտոր էր լինում: Անտանելի ցավ է, երբ գյուղացու այգին, որը իր տարվա եկամուտն է, չարչարանքը, մի քանի րոպեում բնությունը ոչնչացնում է: Հրշեջ մեքենան հենց հասավ իմ այգու մոտ՝ փչացավ, չկարողացավ ջուր քաշի»:

«Առավոտի» հետ զրույցում Աղավնաձորի գյուղապետ Աշոտ Գալստյանը չասաց, թե որն է հրդեհի պատճառը՝ պատճառաբանելով, որ դեռ պարզ չէ. «Բնակիչներից 3 հոգի են բողոք գրել, մնացածը հրաժարվել են, ախր, ո՞վ պետք է փոխհատուցի, որտեղի՞ց, ինչի՞ համար, եթե ինչ-որ մեկն է արել, պետք է գտնեն, պատժեն: Օրական 100 տեղ վառվում է` ո՞վ է փոխհատուցելու: Հիմա էլ դեռ հետաքննում են, պարզեն` կասեն»: Գյուղապետի խոսքերով՝ 100 հեկտար համայնքային տարածք է այրվել, իսկ անհատ տնտեսությունների վնասները դեռ ամբողջովին պարզված չեն, քանի որ բողոք չեն ներկայացրել:

Աղավնաձորցիները մեզ տեղեկացրին, որ ոստիկանությունից եւ հրշեջ ծառայությունից այցելել են գյուղացիներին, որպեսզի ակտ կազմեն հրդեհի վերաբերյալ, սակայն վնասներ կրած գյուղացիների մեծ մասը հրաժարվել է համագործակցել պետական մարմինների հետ. «Եթե կառավարությունը ոչ մի փոխհատուցում չի տալու, էլ ավելորդ քաշքշուկի մեջ չենք ուզում ընկնել: Համ էլ՝ անիմաստ ակտ են կազմելու, որը ոչ մի արդյունք չի տալու: Հիմա արդեն մեր եղած-չեղածը այրվել, կորել է, մեզ էլ մենակ վնասն է մնացել»:

Աղավնաձորցիների պատմելով՝ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները հորդորել են ուշադիր լինել, որպեսզի այգիներում ապակիներ չլինեն, քանի որ կիզիչ արեւի ժամանակ այդ ապակիներից է հրդեհ բռնկվում. «Մենք հո հիմար չենք՝ դիտավորյալ ապակի գցենք կամ կոտրված շշի ապակին թողնենք այգում, էդքան բան հասկանում ենք»:

Ա. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031