Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելի պատրաստված դիմորդներն են գնում ՏՏ ոլորտի ֆակուլտետներ»

Հուլիս 31,2015 14:00

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի դիտարկումները

Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը Հայաստանի Հանրապետության տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից է. պատահական չէ, որ մեր երկրի ուսանողների 10%-ն ընտրել է հենց ՏՏ ոլորտին առնչվող մասնագիտացում: Ու քանի որ տնտեսագիտությունն էլ մոդայիկ մասնագիտություն է, ՀՀ բուհերի սովորողների 19%-ն էլ ընտրել է տնտեսագիտություն եւ կառավարում մասնագիտացումը:

ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը «Առավոտի» հետ զրույցում փաստեց, որ տնտեսագիտության կամ կառավարման մասնագիտությունների գծով Հայաստանում տարիներ առաջ վիճակն «ահավոր» էր, մինչդեռ վերջին տարիներին դիմորդների թվի նվազում է նկատվում: «Դա պայմանավորված է նրանով, որ Ամերիկյան համալսարանն էլ ունի բակալավրի աստիճան, որտեղ գնում են տնտեսագիտական կամ business administration գծով սովորողները: Ընդհանուր խնդիրը հետեւյալն է՝ հասարակությունը վերջապես հասկացել է, որ Հայաստանին այդքան տնտեսագետներ պետք չեն, հասարակության որոշակի խավեր էլ հետ են կանգնել տնտեսագիտական մասնագիտություններ ընտրելուց: Իմիջիայլոց, ոչ միայն դիմորդների թվի նվազման միտում է նկատվում, այլեւ անցողիկ թվանշանների: Օրինակ` մի 10 տարի առաջ 48-47 միավորից պակաս հավաքած դիմորդները չէին կարողանում ընդունվել տնտեսագիտության գծով որեւէ ֆակուլտետ, մինչդեռ տարվա ցուցանիշներով 30 միավորից քիչ հավաքածն էլ կարող է ընդունվել, օրինակ, Պետհամալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ: Ճիշտ է, պետպատվերի անցողիկ շեմը բարձ է, բայց վճարովիինը հնարավոր է՝ ցուցանիշներն արդեն իջել են: Շատ երեխաներ տնտեսագիտություն անվան հետեւից այլեւս չեն ընկնում, քանի որ գիտեն` իրենց կարիերան ավարտվելու է ինչ-որ բանկում՝ հասարակ աշխատանք կատարելով, որի համար բնավ պարտադիր չէր տնտեսագետ լինելը»,- ասաց կրթության փորձագետը:

Ինչ վերաբերում է ՏՏ ոլորտին, Սերոբ Խաչատրյանի ձեւակերպմամբ՝ «Կարիքի տեսանկյունից դիտարկելու դեպքում ՏՏ ոլորտ գնացող ուսանողների 10%-ը փոքր թիվ է, որովհետեւ միակ ոլորտն է Հայաստանում, որը շեշտակի աճում է, եւ բացահայտ հայտարարվում է, թե կա աշխատատեղերի կարիք: Մյուս կողմից էլ` եթե ՏՏ-ն համեմատենք տնտեսագիտության հետ, այստեղ էլ հակառակ միտումն է նկատվում. ՏՏ ֆակուլտետների անցողիկ միավորը բարձրացել է, ավելի պատրաստված դիմորդներ, ավելի գիտակից ընտրություն կատարելով՝ գնում են ՏՏ ֆակուլտետներ: Վստահ եմ, որ ՏՏ ոլորտի դիմորդների թիվն ավելի է աճելու, որովհետեւ «Թումոն» է իր դերը կատարելու, «Սինոփսիսը», որը համագործակցում է համալսարանների հետ եւ ուսանողներին ընդունում է աշխատանքի: Հնարավոր է` շատ ֆակուլտետներից հոսք լինի դեպի ՏՏ ոլորտ»:

Մեր հարցին, թե իր կարծիքով` ինչո՞ւ դիմորդներն ավելի քիչ են դիմում ֆիզիկայի ֆակուլտետ, աստղագետներ քիչ են դառնում` այն դեպքում, երբ աստղագիտությունը բարձր վարձատրվող, պահանջված մասնագիտություն է աշխարհում, երիտասարդները կարող են նաեւ «դրսի» հետ կապված հեռանկարներ ունենալ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մի քանի գործոն միանալով՝ տալիս են այդ նեգատիվ էֆեկտը: Առաջինն այն է, որ ֆիզիկայի դասագրքերը ծանրաբեռնված են, գրված ակադեմիական ոճով: Դրանք լավ դասագրքեր են, բայց բացառիկ տաղանդ ունեցող երեխաների համար են: Երկրորդը ուսուցիչների խնդիրն է՝ հատկապես գյուղական համայնքներում, որտեղից կարող են դուրս գալ լավ ֆիզիկոսներ, բնատուր տաղանդ ունեցող երեխաներ: Ցավոք, գյուղական դպրոցների համար շատ դժվար է ֆիզիկայի լավ ուսուցիչներ գտնելը, բացի այդ` գյուղական դպրոցների շրջանավարտները չեն դիմում բնագիտական ասնագիտությունների գծով: Հաճախ, երբ գյուղի ֆիզիկայի ուսուցիչը մահանում է, թոշակի է գնում կամ գյուղից հեռանում է, չեն կարողանում ինչ-որ մեկին գտնել, ու ստիպված հարակից առարկաներ դասավանդողներն են ֆիզիկա դասավանդում:

Երրորդ խնդիրը դպրոցներում լաբորատորիաների բացակայության հարցն է, գրքերով, տեսականորեն չես կարող ֆիզիկա սիրել: Եվ վերջինը՝ ֆիզիկան դժվար առարկա է, իսկ այսօրվա երեխաները աշխատում են խուսափել դժվարություններից: Նաեւ հասկանում են, որ Հայաստանում գիտության վիճակը լավ չէ: Հաճախ ֆիզիկայի ֆակուլտետ ընդունվում են դիմորդներ, որոնք թույլ են ֆիզիկայից, քանի որ մրցույթ չկա, ու դրական միավորներով պարզապես անցել են: Ինչպես նշեցի, ահա այս մի քանի գործոնի հանրագումարում ստացվում է նման տխուր պատկեր: Նույնն է վիճակը քիմիայի պարագայում. Հայաստանում քիմիական արդյունաբերությունը փլուզվել է, աշխատանք գտնելու հնարավորությունները շատ չեն»:

Սերոբ Խաչատրյանը համոզված է, որ պետք է գյուղում աշխատող մասնագետներին խրախուսել, ինչպես դա արվում է այլ երկրներում. «Օրինակ` ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավորները երկու տարի Հայաստանի գյուղերում դաս են տալիս: Ինչո՞ւ են նրանք գալիս հեռավոր Հայաստան: Գալիս են, որովհետեւ իրենց երկրում կարիերայի կառուցման ճանապարհին դա հաշվի է առնվում: Հայաստանը չի կարող երիտասարդ մասնագետին պարտադրել անպայման գյուղ գնալ, ինչպես դա արվում էր խորհրդային տարիներին, բայց խրախուսական բաներ կարելի է գտնել: Օրինակ` եթե մարդը գյուղում մանկավարժ է աշխատել, ինչ-ինչ մրցույթների ժամանակ կարելի է առավելություն տալ նրան, կամ աշխատավարձի որոշակի բարձրացում լինի: Ներկայումս մի ծրագիր կա՝ Teach for Armenia, որը այդ ուղղությամբ քայլեր է անելու: 15 երիտասարդ գյուղերում դասավանդելու են, ընդ որում՝ ե՛ւ դպրոցից են աշխատավարձ ստանալու, ե՛ւ հիմնադրամից»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031