Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխամաշկի եւ մազերի որակի լավացման 10 լավագույն միջոց

Հուլիս 31,2015 12:00

Գլխամաշկի հետ այսօր շատերը խնդիրներ ունեն. մեկի մազերն է անորակ, մեկինը թեփոտվելու խնդիր ունի, հաջորդն էլ ընդհանրապես տառապում է ճաղատությամբ: Ժողովրդական բժշկությունը առաջարկում է հեշտ եւ արդյունավետ միջոցներ` գլխամաշկի եւ մազերի որակը բարելավելու համար:

Մազաթափությունը կանխելու համար չոր մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում հետեւյալ բուժամիջոցը. գլուխը լվանալ տաք ջրով` առանց օճառի։ Գլխամաշկը մեղմ մերսել եւ ապա 10-15 րոպե շփել կերակրի աղով ու նորից լվանալ։ Այս բուժամիջոցը կրկնել 6 անգամ։

Գլխամաշկի առողջացման եւ մազարմատների ամրացման համար խորհուրդ է տրվում գործածել ոսկրածուծ։ Մոտ 250 գրամ տավարի ոսկրածուծը ոչ շատ ջրում լավ եփել եւ ապա քամել։ Ստացված խառնուրդին ավելացնել 1 թեյի գդալ մաքուր սպիրտ։ Գլուխը կռոթուկի յուղով մերսելուց հետո լվանալ ձյութօճառով։ Կրկին մերսել, որից հետո պատրաստված խառնուրդը քսել գլխամաշկին։ Սրբիչը թրջել տաք ջրում, քամել ու փաթաթել գլխին։ Այս բուժամիջոցը կրկնել 5 անգամ՝ նկատի ունենալով սրբիչի չորանալու աստիճանը։ Քնելիս՝ ամբողջ գիշեր, գլուխը փաթաթել չոր ու տաք շորով: Առավոտյան կրկին մերսել գլուխը եւ մեկ ժամ հետո լվանալ։

mazer2
Պատրաստել հետեւյալ խառնուրդը. 1 մաս կոնյակ, 4 մաս սոխի քամած հյութ, 6 մաս կռոթուկի արմատի եփուկ։ Այս խառնուրդը քսել գլխամաշկին եւ գլուխը տաք պահելու համար սրբիչով 2 ժամ փաթաթելուց հետո` լվանալ։

Բուժական այս գործողությունը կրկնել յուրաքանչյուր շաբաթ։

Կռոթուկի արմատները լցնել կաթսան, վրան ավելացնել այնքան ջուր, որ միայն ծածկի արմատները եւ ապա կաթսան դնել ջեռոցի մեջ ու եռացնել արմատները փափկելու աստիճանի։ Այնուհետեւ սառեցնել, քամել եփուկը եւ դրանով ամեն օր գլխի մազարմատները թրջել։

Այս դեղամիջոցի օգտագործումից հետո գլխաթեփը արագ վերանում է, մազերի թափվելը դադարում, աճը` արագանում։

Սկսվող ճաղատությունը կանխելու եւ մազարմատները ամրացնելու համար խորհուրդ է տրվում օգտագործել գայլուկի պալարի եփուկ։ Անհրաժեշտ է պալարը հավաքել օգոստոս֊սեպտեմբեր ամիսներին, երբ այն լրիվ հասունացած է լինում։ Մեկ ճաշի գդալ գայլուկի պալարը լցնել մեկ բաժակ եռացող ջրի մեջ եւ եփել 30 րոպե։ Այնուհետեւ սառեցնել ու քսել գլխամաշկին։

Ճարպոտ գլխամաշկի դեպքում գլխաթեփը մաքրել հետեւյալ կերպ. 10 մաս սպիրտի լուծույթին խառնել 1 մաս գերչակի յուղ։ Չոր գլխամաշկի համար սպիրտի լուծույթն ու գերչակի յուղը միախառնել համաչափ։

Մազաթափության ընթացքը դադարեցնելու համար խորհուրդ է տրվում գլուխը լվանալուց հետո եղինջի լուծույթով մերսել գլխամաշկը. 1 ճաշի գդալ եղինջի չոր, մանրացրած տերեւները լցնել 1 բաժակ եռացող ջրում, որից հետո թրմել 1 ժամ։ Ստացված եփուկը քամել եւ շաբաթը 1-2 անգամ քսել գլխին։

Ճարպոտ գլխամաշկի քորն ու թեփը վերացնելու համար խորհուրդ է տրվում պատրաստել հետեւյալ դեղամիջոցը. 10 գրամ կեչու խեժը, 20 գրամ գերչակի յուղը, 100 գրամ սպիրտը խառնել եւ մազերը լվանալուց մի քանի ժամ առաջ քսել գլխին։
Առողջացնում եւ լավ ամրացնում է մազարմատները հետեւյալ բաղադրատոմսը. կռոթուկի եւ խնկեղեգի մանրացված արմատները հավասարաչափ խառնել եւ 6 ճաշի գդալ այդ խառնուրդից լցնել 1 լիտր ջրի մեջ ու եռացնել 15-20 րոպե։ Այնուհետեւ տաք տեղում թրմելուց եւ սառեցնելուց հետո ստացված լուծույթով շաբաթը 2-3 անգամ սրբել գլխամաշկը։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
30.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031