Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԿԱՄՏԱԲԵՐ ՊԱՇՏՈՆ

Հուլիս 31,2015 10:10

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ

Գլուխ հիսունիններորդ

ԵԿԱՄՏԱԲԵՐ ՊԱՇՏՈՆ

Եվ ես Հայկին ասացի՝ «երեւի մենակ դու ես էս վեպս կարդում», եւ Հայկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մի քանի հոգու էլ գիտեմ, որ կարդում են», եւ ես ժպտալով  հարցրի՝ «արդյոք ովքե՞ր են», եւ Հայկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չես ճանաչում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մեր դասախոսներից են» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ես եմ խորհուրդ տվել, որ կարդան», եւ ես ժպտալով ասացի՝ «մարդկանց կրակն ես գցել», եւ Հայկը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ եմ կրակը գցել», եւ ես ժպտալով ասացի՝ «խեղճերն էդքանը ո՞նց պիտի կարդան», եւ Հայկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «կարող ա՞ իմ ջանը քար ա», եւ ես ժպտալով ասացի՝ «քո վրա էլ եմ զարմանում», եւ Հայկը  զարմացած հարցրեց՝ «իմ վրա՞ ինչի ես զարմանում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «որ էդքանը կարդում ես», եւ Հայկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես մնում եմ իմ կարծիքին», եւ ես հարցրի՝ «քո կարծիքը ո՞րն ա», եւ Հայկը ժպտալով ասաց՝ «մի անգամ ասել եմ. մոռացե՞լ ես», եւ ես հարցրի՝ «ի՞նչ ես ասել», եւ Հայկը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «ասել եմ, որ էդքան կարդալն ավելի հեշտ ա, քան՝ էդքանը գրելը», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «ես էլ իմ կարծիքին եմ մնում», եւ Հայկը հարցրեց՝ «քո կարծի՞քը որն ա», եւ ես ժպտալով ասացի՝ «մի  անգամ ասել եմ. մոռացե՞լ ես», եւ Հայկը հարցրեց՝ «ի՞նչ ես ասել», եւ ես ժպտալով ասացի՝ «ասել եմ՝ էդքանը գրելն ավելի հեշտ ա, քան էդքանը կարդալը», եւ Հայկը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «գրելուց հետո չես կարդո՞ւմ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «էրկու անգամ» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «մի անգամ խմբագրելու նպատակով եմ կարդում, մի անգամ էլ՝ սրբագրելու», եւ Հայկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «գրելու ընթացքում էլ ես չէ՞ կարդում», եւ ես ժպտալով ասացի՝ «գրելու ընթացքում ձեռի հետ համ էլ կարդում եմ», եւ Հայկը ժպտալով ասաց՝ «փաստորեն, ամենից շատ դու ես էդ վեպդ կարդում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «մի անգամ էլ տպվելուց հետո եմ կարդում», եւ Հայկը մի քիչ մտածեց ու անսպասելի հարցրեց՝ «մտադիր չե՞ս էդ  վեպդ Գինեսի ռեկորդի ներկայացնես» եւ մի քիչ էլ մտածեց  ու ավելացրեց՝ «որպես ամենաերկար վեպ» եւ մի քիչ էլ  մտածեց ու ժպտալով ասաց՝ «մի վախտ մտքիդ կար», եւ ես  զարմացած հարցրի՝ «ի՞նչ գիտես, որ մտքիս կար», եւ Հայկն անսպասելի սկսեց հռհռալ, եւ ես զարմացած հարցրի՝ «ինչի՞ ես ծիծաղում», եւ Հայկը ծիծաղելով ասաց՝  «էդ վեպիդ մեջ հազար անգամ գրել ես, որ կարող ա Գինեսի ռեկորդի ներկայացնես» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «հետո էլ ասում ես՝ էդ գրածդ չորս անգամ կարդում ես» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես ընդամենը մի անգամ եմ կարդացել, բայց քեզնից լավ եմ հիշում», եւ ես ժպտալով ասացի՝ «դե լավ ա, որ հիշողությունդ տեղն ա», եւ Հայկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ոչ թե հիշողությունս ա տեղը, այլ քո էդ վեպը ես ավելի ուշադիր եմ կարդացել, քան՝ դու», եւ ես ժպտալով  ասացի՝ «շատ հնարավոր ա», եւ Հայկը ժպտալով հարցրեց՝ «ասում ես՝ ինչի Գինեսի ռեկորդի չես ներկայացնո՞ւմ», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «արդեն ուշ ա» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «իմ տարիքի գրողին չի սազում, որ գրածի ծավալով ու երկարությամբ հպարտանա», եւ Հայկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դու Գինեսից հրաժարվում ես, բայց զարմանում ես, որ ես նախարարի պաշտոնից եմ հրաժարվել», եւ ես մի քիչ մտածեցի ու  ժպտալով ասացի՝ «քո հրաժարականի  թեման փակել ենք» եւ մի քիչ էլ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «համ էլ պարզել եմ, որ էդ Գինեսի մեջ փող չկա», եւ Հայկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «նախարարի պաշտոնի մեջ էլ առանձնապես փող չկար» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «հիմի իմ աշխատավարձն ավելի բարձր ա, քան նախարարինը» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «մանավանդ՝ էն ժամանակվա նախարարինը» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էս մի քանի տարի ա՝ ինչ նախարարների աշխատավարձերը բարձրացրել են», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «խոսքը աշխատավարձի մասին չի», եւ Հայկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես քեզ բան խնդրեցի, չէ՞», եւ ես ժպտալով հարցրի՝ «ի՞նչ խնդրեցիր», եւ Հայկը նեղսրտած ասաց՝ «խնդրեցի, որ էդ հրաժարականիս թեման փակենք», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «բայց հրաժարականիդ թեման դու նորից բացեցիր», եւ Հայկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ճիշտ ես ասում», եւ ես ժպտալով ասացի՝ «ընենց որ, դու էլ կարաս Գինեսի գիրք մտնես»,  եւ Հայկը զարմացած հարցրեց՝ «որպես ի՞նչ մտնեմ», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «որպես Հայաստանում միակ նախարարը, որն իրա կամքով՝ կամավոր ա հրաժարական տվել», եւ Հայկը բավական երկար մտածեց ու ասաց՝ «չես կարա ապացուցես» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բոլոր նախարարներն էլ, ի վերջո, հրաժարական են տալիս», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ուրիշներին ստիպում են, որ հրաժարական տան, բայց քեզ համոզում էին, որ չտաս», եւ Հայկը մի քիչ մտածեց ու ժպտալով  ասաց՝ «պարզվում ա՝ դու իմ կյանքն  ինձնից լավ գիտես» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «դու պիտի իմ կյանքի մասին վեպ գրեիր, ոչ թե՝ քո» եւ մի քիչ էլ մտածեց ու լրջանալով ասաց՝ «վերջ. էդ հրաժարականիս   թեման վերջնականապես  ենք փակում», եւ ես ժպտալով ասացի՝ «բայց դու էլ պիտի խոստանաս, որ էդ թեման չես բացելու», եւ Հայկը ժպտալով ասաց՝ «խոստանում եմ» եւ մի քիչ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «ես էդքան ինքնասիրահարված չեմ, որ ժամերով իմ մասին հաճոյախոսություններ լսեմ», եւ ես արդարանալով  ասացի՝ «հաճոյախոսություն չի. ինչ որ էղել ա՝ էդ եմ ասում», եւ Հայկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինչ որ էղել ա, անցել գնացել ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «անցյալ ա դարձել», եւ չնայած իսկապես Հայկի էդ հրաժարականից համարյա քսան տարի է անցել, այդուհանդերձ, իր էդ բառի բուն իմաստով հրաժարականը ոչ միայն ես եմ հիշում ու հիշատակում, այլեւ ուրիշներն էլ, որովհետեւ մեզանում ընդունված չէ ինքնակամ հրաժարվել նախարարի պաշտոնից, ավելի կոնկրետ՝ կրթության  նախարարի չափազանց եկամտաբեր պաշտոնից:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031