«Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը հուլիսի 30-ին «Էոնում» «No» ֆիլմի կինոդիտումն էր կազմակերպել:
Ֆիլմը ներկայացնում է 1988 թվականին Չիլիում տեղի ունեցած դեպքերը: Ռազմական բռնապետ Ավգուստո Պինոչետը հայտարարում է սահմանադրական փոփոխությունների մասին, որի արդյունքում նա ցանկանում էր երկարացնել իր իշխանությունը: Սակայն հանրությունը համախմբելով եւ «Ոչ»-ի միջոցով տապալում է այդ ծրագրերը:
Ֆիլմի ցուցադրությունից հետո ներկանները քննարկում կազմակերպեցին: Քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանն ասաց, որ ֆիլմում առկա էին նման հույզեր եւ նման խնդիրներ. «Բայց իհարկե՛, պետք է նշել, որ Չիլիի տարբերակը շատ առումներով տարբերվում է մեր գործից: Եվ իհարկե՛, կան նմանություններ: Մենք պետք է փորձենք հասկանալ, թե որոնք են նմանությունները, որոնք են տարբերությունները եւ նաեւ փորձենք որոշակի դասեր քաղել այս ամենից»:
Էդգար Վարդանյանը համարում է, որ Հայաստանը նման չէ Ավգուստո Պինոչետի կառավարման առաջին փուլի Չիլիին. «Ավելի շատ վերջին փուլն է նմանեցնում: Եվ կան որոշակի համեմատական ազատություններ, կա հնարավորություն փողոցում ձայն բարձրացնելու, կա հնարավորություն ինչ-որ ալտերնատիվ լրատվամիջոցներով քննադատելու, ինքնակազմակերպվելու եւ այլն: Եվ կա լուրջ դիմադրություն այն առումով, որ հանրության զգալի հատվածը, իմ կարծիքով՝ մեծամասնությունը, չի ընդունում այս ռեժիմին: Փաստորեն, նույն իրավիճակ էր Չիլիում 1980-ականների վերջին»:
Կարդացեք նաև
Քաղաքական վերլուծաբանը նկատեց, որ այս դեպքը եւ մի շարք այլ դեպքեր ցույց են տալիս, որ հաջողության են հասնում այն ժամանակ, երբ պոզիտիվն է գերակայել:
Խոսելով ընդդիմության մասին՝ նա ասաց. «Չի՛ կարելի զբաղվել իրար հարվածելով: Այսինքն՝ եթե մարդն ինչ-որ հարցում քո հետ համամիտ չէ, դու չպետք է իր հետ այդ հարցում վիճես: Դու պետք է ասես՝ համամի՞տ չես այս հարցում, շատ լավ, ես էլ համամիտ չեմ այս հարցով, բայց իսկ ի՞նչ հարցով ենք մենք համամիտ, այ, եկեք այդ հարցում, որով մենք համամիտ ենք այդ շրջանակներում եւ ինչ-որ մի ընդհանուր գործ անենք»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ