ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության «Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների, առեւտրի եւ պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորման հանձնաժողովի» հուլիսի 14-ի նիստում դադարեցվել է «Սիփան 1» ընկերության լիցենզիան` ընկերության դիմումի համաձայն: Ընկերությունը հանք է շահագործում եւ ակնհայտ է, որ անհնար է հանք շահագործել, առանց պայթեցման աշխատանքների լիցենզիայի:
Սույն գործողությունը, թերեւս, սովորական ընկալվեր, եթե «Սիփան 1» ընկերության շուրջ տարիներ առաջ աղմկահարույց զարգացումներ չլինեին, որոնք անգամ դատական ատյաններում հստակ հանգուցալուծում չստացան: Ընկերությունը շահագործում էր Սյունիքի մարզի Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրը: Ընկերության տնօրենն է գործարար Սիլվա Համբարձումյանն, ով հանրությանը հայտնի դարձավ, երբ տարիներ առաջ, Երեւանի Մարիոթ-Արմենիա հյուրանոցում տհաճ պատմության մեջ հայտնվեց` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի «բեմադրությամբ»:
Սիլվա Համբարձումյանը հայտարարել էր, որ Սուրիկ Խաչատրյանը 102 միլիոն դրամի սարքավորումներ է գողացել Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրից: Օրեր անց Սուրիկ Խաչատրյանը նշված հյուրանոցում նախ ոտքով, ապա ձեռքով հարվածեց եւ հայհոյեց գործարար կնոջը: Այդ վեճը նախապատմություն ուներ` Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրը:
ՀՀ կառավարությունը՝ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի 2010 թվականի թիվ 147-Ա հրամանով, հանքը շահագործելու մասին լիցենզիան անվավեր էր ճանաչել եւ Սիլվա Համբարձումյանին զրկել այն շահագործելու իրավունքից: Հանքավայրի գլխավոր փայատերերը հնդիկ ներդրողներ էին: Մինչ այդ հանքը պատկանում էր ավստրալիական մի ընկերության, որը ինչ-ինչ պատճառներով վաճառեց այն եւ հեռացավ Հայաստանից:
Կարդացեք նաև
Այդ շրջանում խոսակցություններ տարածվեցին, որ Սյունիքի՝ քրեական պատմություններից անպակաս մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, անընդհատ ահաբեկել է ավստրալիացի ներդրողներին, բավականին գույք է խլել նրանցից եւ «պատվիրել» լռել ու հեռանալ, քանի որ այդ հանքն իրեն է պատկանում: Սուրիկ Խաչատրյանը համանման սպառնալիքներով է ներկայացել նաեւ Սիլվա Համբարձումյանին: Խոսակցություններ էին պտտվում, որ այդ հանքի նկատմամբ անտարբեր չէր նաեւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների այն ժամանակվա նախարար Արմեն Մովսիսյանը:
Aravot.am-ը փորձեց Սիլվա Համբարձումյանից ճշտել` ո՞րն էր իր քայլի պատճառը: Գործարարն առայժմ չի արձագանքում մեր հեռախոսազանգերին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
“Այդ շրջանում խոսակցություններ տարածվեցին, ” – որտե՞ղ տարածվեցին 😀