Քաղաքացիական ակտիվիստները ապացույցներ են հավաքում՝ փաստելու, որ վերջին օրերին մի շարք ակտիվիստների ծաղրական գրություններով ու նկարներով պաստառների հետեւում ոստիկանությունն է կանգնած:
Նմանատիպ պաստառ ստանալու հերթն այսօր քաղաքացիական ակտիվիստ Դանիել Իոաննիսյանինն էր:
«Ոստիկանության ձեռագիրն է, գործելաոճը: Դա բացատրում եմ իմ օրինակով: Ես Բաղրամյանի ցույցերում երբեք չեմ եղել կազմակերպիչ, նախաձեռնող խմբի անդամ, ղեկավար, այդ ամբողջ ընթացքում փորձել եմ ամեն ձեւ ոստիկանությանը բերել օրինական դաշտ, ոստիկանության գործողությունների վերաբերյալ հետաքննություն կատարել: Այսինքն, էական գլխացավանքներ եմ ստեղծել ոստիկանության համար: Եթե սա լիներ քաղաքական այլ ուժի կողմից կազմակերպված ակցիա, այստեղ իմ նկարը չէր լինի, ցույցերին այդքան էլ ակտիվ չեմ եղել: Դրա համար եմ պատճառաբանում, որ ոստիկանությունն է, որովհետեւ հենց ոստիկանության համար եմ գլխացավանք ստեղծել»,- Aravot.am-ին ասաց ակտիվիստը:
Դանիել Իոաննիսյանն ասաց, որ լուրջ չի վերաբերում այդ նկարներին, այլ զվարճանում է. «Ինձ հայտնի են դարձնում: Եթե քաղաքական գործիչ լինեի, դա պետք է, որ ինձ հաճելի լիներ, առանձնապես ռեյտինգի խնդիր չունեմ, այդքան էլ լուրջ չեմ վերաբերվում այդ նկարներին: Իրականում, ենթադրենք, այդ նկարների համար դիմեցինք ոստիկանություն, դատարաններ, առիթը լուրջ չէ: Այ, եթե կարողանանք ապացուցել, որ ոստիկաններն են արել, արդեն լուրջ արծարծման հարց կլինի, այն իմաստով, թե Հայաստանի ոստիկանությունն ինչով է զբաղված: Մեր հարկերից սնվում է եւ զբաղված է թռուցիկներ տարածելով: Սա արդեն լուրջ քննարկման առարկա կլինի, փորձում ենք ապացույցներ գտնել, որ սա ոստիկանությունն է անում, ապացուցելու խնդիր կա»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ