Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հուլիսի 30-ին Մատենադարանի հարակից տարածքում հանրահավաք եւ երթ էր հայտարարել, սակայն դրանք տեղի չունեցան: Չնայած այդ հանգամանքին՝ ԱԻՄ անդամները գնացել էին Մատենադարան, որոշ ժամանակ անց նրանց միացավ նաեւ «Ոտքի, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը:
Վերջինս լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց՝ կարեւոր է համարում, որ բոլոր քաղաքական ուժերը, որոնք իրենց անհամաձայնությունը հայտնեցին սահմանադրական փոփոխությունների շուրջ, իրենց մեջ ուժ գտնեն եւ միավորվեն եւ միասնական գործեն:
«Երկար ճանապարհը սկսվում է առաջին քայլից, կարեւոր է, որ այս քայլը եղավ՝ առաջին միջոցառումը, երբ քաղաքական ուժը հանդես եկավ նախաձեռնությամբ, հանրության ուշադրությունը գրավեց, որ կա լրջագույն խնդիր»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:
Ըստ նրա՝ սահմանադրական փոփոխությունների հետեւանքները բացասական են լինելու բոլորի համար. «Եթե այսօր կան քաղաքացիական շարժումներ, ինչ-որ քաղաքական ուժեր, որոնք փորձում են հանդես գալ հանրային շահերը պաշտպանելու պատրաստակամություն հայտնեցին, ժամանակն է, որ հասարակական լայն գործընթացներ սկսեն»:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին, թե իր ներկայությունը այս հավաքին նշանակո՞ւմ է, որ «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության պահանջներին մի նոր կետ է ավելանում, Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց. «Ես եկել եմ «Ոտքի, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության խորհրդի որոշմամբ: Եվ իմ մասնակցության նպատակն է, որ ցույց տանք օժանդակության պատրաստակամությունը սահմանադրական չարեփոխումների դեմ ցանկացած նախաձեռնության»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ