Վրաստանի մայրաքաղաքում ընթացող Եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնում Հայաստանի մարզիկների մասնակցությունը որոշ բացառություններով ոչ մի կերպ բավարար համարել հնարավոր չէ:
Մրցասպարեզ մտած եւ պայքարն ավարտած մեր մասնակիցները «աչքի են ընկել» չափազանց համեստ արդյունքներով: Մինչեւ այսօր մերոնցից լավագույն մրցելույթն ունեցել է հետացատկորդ Ռաֆայել Շտայանը, որը մտել է եզրափակիչ եւ 12 հոգու մեջ պայքարն ավարտել 7-րդ տեղում:
Բայց մեդալի հույս դեռ ունենք: Ու դա կապված է մարմնամարզիկներ Արթուր Ավետիսյանի եւ Մհեր Թուդոյանի հետ, որոնք նույնպես եզրափակչում են եւ վաղը պայքարելու են մրցանակային տեղերի համար: Ակնկալիքները հատկապես մեծ են Արթուրից, որը օղակների վրա վարժության որակավորման փուլում ցույց է տվել լավագույն ցուցանիշը եւ համարվում է ոսկե մեդալի գլխավոր հավակնորդներից մեկը: Եթե կարողանա կենտրոնանալ, ապա նժույգաթափում Հայաստանին մրցանակային տեղ կարող է բերել նաեւ Մհերը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ