Օգոստոսի 2-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալու է 6-րդ ամառային համահայկական խաղերի հանդիսավոր բացումը:
Հայոց Ցեղասպանության 100-ամյակին համընկած մարզական այս խոշորագույն միջոցառումը նախադեպը չունեցող արձագանք է գտել ամբողջ աշխարհում բնակվող մեր հայրենակիցների շրջանում: Այսօրվա դրությամբ մասնակցության հայտ ներկայացրել է 165 քաղաք՝ նախորդ խաղերի 125-ի դիմաց, երկրների թիվը հասել է 36-ի (33), մասնակցությունը այս պահի հաստատել է արդեն 6215 մարզիկ (3244): Ընդորում, հայտերի ընդունումը դեռ շարունակվում է ու բացառված չէ, որ մարզիկների քանակը հասնի մոտ 7 հազարի:
Նաեւ երկրպագուների՝ սպասվածից անհամեմատ մեծ ներհոսք է սկսվել: Aravot.am-ի տեղեկություններով բացման արարողությանը ներկա գտնվելու եւ մրցումների ընթացքին հետեւելու նպատակով Եգիպտոսից երկրպագուների լրացուցիչ երկու ինքնաթիռ է ժամանելու, Իրանից՝ շուրջ հինգ տասնյակ ավտոբուս, Թուրքիայից 1500 մեր հայրենակիցներ նույնպես որոշել են գալ, Բուենոս Այրեսից՝ ավելի քան 200 հոգի: Ու այս թվերը շարունակում են աճել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ