Հուլիսի 30-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում աշխատանքները շարունակեց ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի նախաձեռնությամբ իրականացվող «Արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման խնդիրներ» թեմայով համաժողովը:
Նիստը վարում էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը և Բեյրութի «Բագին» ամսագրի գլխավոր խմբագիր Յակոբ Պալյանը:
ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի Սփյուռքի բաժնի արևմտահայերենի խմբի աշխատակից Սուսաննա Տիոյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրեց Լոս Անջելեսի խմբի ուղերձը (ղեկավար` Արտեմ Սարգսյան): Ողջունելով համաժողովը կազմակերպելու նախաձեռնությունը՝ hեղինակները արծարծում են իրենց պատկերացմամբ հայոց լեզվի երկու ճյուղերի մերձեցման խնդիրներն ու ուղիները, նրանք գտնում են, որ մերձեցումը գերազանցապես առնչվում է բառապաշարի ոլորտին, տերմինաբանությանը, նորաբանությունների ոլորտում կիրառվելիք սկզբունքներին, ուղղագրությանը և լեզվական այլ իրողությունների: Նրանք համոզմունք են հայտնում, որ գործընթացը չպետք է կայանա լեզվի ճյուղերից որևէ մեկի հաշվին: Խումբն իր պատրաստակամությունն է հայտնում աջակցելու արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցմանը նպաստող ձեռնարկներին:
Սուսաննա Տիոյանը ներկայացրեց նաև իր՝ «Արևմտահայերենի ուսումնասիրության մի քանի հարցեր» թեմայով զեկուցումը:
ՀՊՄՀ հայոց լեզվի տարրական ուսուցման ամբիոնի վարիչ Աշոտ Գալստյանն անդրադարձավ արևելահայերեն գեղարվեստական վավերագրության արևմտահայերեն տարրերին:
Լիբանանահայ գրող, մանկավարժ, արևմտահայերեն դասագրքերի հեղինակ Հարություն Քյուրքճյանի «Արեւելաայերեն եւ արեւմտահայերեն լեզուաճիւղերի. Մերձեցումի կարելին ու անկարելին» թեմայով զեկուցումը ընթերցեց Փարիզի «Նոր յառաջ» թերթի խմբագիր Ժիրայր Չոլաքյանը: Զեկուցման հեղինակը՝ վկայակոչելով սեփական փորձը, ուղենշում է մերձեցման հնարավորությունները, որոնք հիմնված են հայոց լեզվի և հայ մշակույթի անվիճելի միասնության և նրա անցած բազմադարյա պատմության վրա:
ՀՊՄՀ «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի աշխատակից Քնարիկ Աբրահամյանի զեկուցումն առնչվում էր հանրակրթական դպրոցում արևմտահայերենի դասավանդման արդի մարտահրավերներին, նա ներկայացրեց խնդրի վերաբերյալ իր դիտարկումները:
«Այլ կերպ» խաղի հեղինակներ Էլինա Մելիքյանը, Անահիտ Հակոբյանը և Սոֆյա Խաչատրյանը (ԵՊՀ) պատկերաշարով ցուցադրեցին մտավոր-ժամանցային խաղերի միջոցով հայերենի պահպանմանն ու կիրառմանը միտված իրենց ծրագիրը:
Հայաստանի հանրակրթական դպրոցներում արևմտահայերենի դասավանդման խնդիրների վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ԵՊԼՀ դասախոս Գայանե Գևորգյանը:
Ելույթ ունեցան նաև սփյուռքյան կրթօջախների ուսուցիչներ՝ Փարիզի «Մկնիկ» աշխատանոցի տնօրեն Արմինե Գրիգորյանը («Արևելահայերենի և արևմտահայերենի միատեղ և զուգահեռ շփումն ու զարգացումը») և Լիբանանի Զմմառի Երանելի Իգնատիոս Մալոյեան Դպրեվանքի և Ս. Միքայէլ Ընծայարանի ուսուցչուհի Սօսէ Փիլավճեանը («Միթէ վերջին պոյետն եմ ես». Մայրենին անաղարտ պահել»):
ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի ասպիրանտ Մայրանուշ Շահումյանը անդրադարձավ արևելահայերենի և արևմտահայերենի մերձեցման ու միավորման վերաբերյալ տարբեր լեզվաբանների մոտեցումներին, բանավեճերին ու կարծիքներին, մասնավորապես խնդրի վերաբերյալ Հր. Աճառյանի աշխատություններում տեղ գտած ուսումնասիրություններին ու արծարծումներին:
Զեկուցումների շարքը եզրափակվեց ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի գիտաշխատող Անահիտ Քարտաշյանի «Դիտարկումներ արդի արևմտահայ իրականության մեջ գործառվող անձնանունների վերաբերյալ» հետազոտության ներկայացմամբ:
Տեղի ունեցավ շահագրգիռ քննարկում:
Համաժողովի աշխատանքների վերաբերյալ ամփոփիչ խոսքով հանդես եկան իրենց տպավորությունները, դիտողություններն ու առաջարկները ներկայացրեցին Սուրեն Դանիելյանը, Հիլդա Փանոսյան-Գալֆայանը, Նշան Որբերյանը, Հակոբ Պալյանը, Ժիրայր Չոլաքյանը, Մանվել Ադամյանը և այլք:
Մասնակիցների հարցերին պատասխանեցին Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը և ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը:
Ամփոփիչ խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա շնորհակալություն հայտնեց համաժողովի մասնակիցներին, որ ընդառաջեցին հրավերին և իրենց փորձը, կարողություններն ու հնարավորությունները ներդնելու պատրաստակմությամբ եկան մասնակցելու այս չափազանց կարևոր ձեռնարկին, հանդես եկան դիտողություններով, առաջարկություններով ու նոր գաղափարներով, ակտիվորեն մասնակցեցին քննարկումներին:
Նախարարը նշեց, որ սա սկիզբ էր, թերևս առաջին գործնական քայլն էր, որ արվեց հայոց լեզվի երկու ճյուղերի մերձեցման ուղղությամբ: Խնդրի լուծման նպատակով հաջորդ քայլը պետք է լինի երեք տարբեր հանձնախմբերի ստեղծումը, որոնք՝ օգտագործելով տեղեկատվական արդի հնարավորությունները կաշխատեն տարբեր եղանակներով, նիստեր կհրավիրեն, կկազմակերպեն քննարկումներ, կհրապարակեն հոդվածներ և կներկայացնեն կոնկրետ առաջարկներ ու խնդիրների լուծման ուղիներ:
ՀՀ սփյուռքի նախարարություն