«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանի գնահատմամբ՝ ռադիոյի ու հեռուստատեսության մասին օրենքը լուծում չէր տալիս մասնավոր մուլտիպլեքսների շուկա մտնելու խնդրին, եւ որեւէ լուծում չի տալիս հեռուստաընկերությունների սեփականության թափանցիկության առումով:
«Էլ չեմ ասում, որ հին խնդիրները այդպես էլ մնացին չլուծված: Այն է՝ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ձեւավորման, հանրային հեռուստառադիոխորհրդի ձեւավորման խնդիրները: Լիցենզավորման ընթացքը եւ այլն»,- այսօր Հայաստանում անալոգայինից թվային հեռարձակման անցնելու զարգացումներն ու խնդիրները թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց Աշոտ Մելիքյանը:
Նրա խոսքով, օրենքի ընդունման ժամանակ հաշվի չառնելով որեւէ կարծիք՝ հասանք նրան, որ իշխանությունները միայն վերջին տարիներին ընդունեցին, որ այդ օրենքի մեջ լուրջ խնդիրներ կան ու այդ խնդիրները թույլ չեն տալիս ոլորտում բազմաթիվ խնդիրներ լուծել:
Պարոն Մելիքյանը պատմեց, որ տարիներ առաջ իրենք աշխատանքային խումբ էին ստեղծել մեդիափորձագետների ու իրավաբանների ներգրավվածությամբ եւ դեռ այն ժամանակ պատրաստել էին ռադիոյի ու հեռուստատեսության մասին օրինագիծ, դրան միացան իրենց գործընկեր կազմակերպությունները, բայց այդ օրինագիծն այդպես էլ չընդունվեց:
Կարդացեք նաև
Ըստ նրա, անցած տարի էլ մի ուրիշ օրինագիծ պատրաստեցին, որն, իրենց պատկերացմամբ, ոլորտի բոլոր խնդիրներին լուծումներ էր տալիս. «Առանցքային գաղափարը լիցենզավորման պարզ կարգին անցնելն էր; Այդ գաղափարի իրագործումը կարող է բերել արմատական փոփոխությունների, որովհետեւ գործող օրենքում նախատեսված լիցենզավորման կարգն իրեն սպառած, հասարակության կողմից որեւէ վստահություն չներշնչող, բազմաթիվ սուբյեկտիվ գործոնների տուրք տալով մի կարգ է, որը ուղղակի պետք է փոխել, մանավանդ այս դարաշրջանում, երբ ինտերնետն ու նոր տեխնոլոգիաներն այդքան սրընթաց զարգանում են»:
Նա նաեւ ասաց, որ իրենց օրինագծում առաջարկել էին մասնավոր մուլտիպլեքսների մուտքը շուկա, ինչպիսի կարգով պետք է լինի ու ինչ պայմաններում. «Հատուկ դրա համար նախատեսեցինք հոդված»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ