Ոստիկանների տվյալներով՝ այսօր վաղ առավոտյան ոստիկանության Սարատովի բաժին հաղորդագրություն է ստացվել, որ Վավիլով փողոցի խանութներից մեկում տագնապի ազդանշան է միացել։ Պարզվել է, որ անհայտ անձը խանութից գողացել է 20 հազար ռուբլի ընդհանուր արժողությամբ չիպս, քաղցրավենիք եւ ծխախոտ։ Այս մասին հաղորդել է Province.ru-ն։
«Ոստիկանները հազիվ էին հասցրել խանութից դուրս գալ փողոց, երբ տեսան մեկին, որը շատ նման էր տեղի անվտանգության տեսախցիկների արձանագրած մարդուն։ Իր հերթին՝ քաղաքացին նկատելով ոստիկանների հայացքները, նետվել է մոտակա շենքի մուտք, որտեղ էլ ձերբակալվել է»,- կայքին փոխանցել է ՌԴ ոստիկանության Սարատովի բաժնի աշխատակիցը։
Կասկածյալը ոստիկաններին մի քանի անգամ ասել է կեղծ անուն եւ ազգանուն. «Սակայն նրա անձը վերջում պարզվել է։ Կասկածյալը Հայաստանի 32-ամյա քաղաքացի էր, որը հետախուզման մեջ էր գտնվում Երեւանում կատարած սպանության եւ Սոչիում գողության համար»,- հավելել է ոստիկանության աշխատակիցը։
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ