ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հակոբ Ճարոյանը վերջերս զանգվածային
լրատվության միջոցներով հրապարակային բանավեճի էր հրավիրել ՀՀ գլխավոր
դատախազ Գեւորգ Կոստանյանին` կապված քրեական գործով դատարանի կողմից իր
պաշտպանյալներին դատապարտելու հետ: Փաստաբանը խոստացել էր բանավեճից հետո, եթե դատախազը գոնե մեկ ապացույց ներկայացնի հանրությանը, հրաժարվել իր՝
փաստաբանի արտոնագրից:
Այս կապակցությամբ ցանկանում ենք փաստաբանին հիշեցնել, որ ինչպես ցանկացած
քրեական գործով` այս դեպքում նույնպես փաստաբանի կողմից իր պաշտպանյալների
համար առավել արդյունավետ եղանակը ոչ թե ԶԼՄ-ներով հրապարակային բանավեճն
է, այլ մինչդատական փուլում դատախազի կամ քննիչի որոշումների կամ
գործողությունների օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկելը, իսկ այն
դեպքում երբ արդեն առկա է դատական ակտ, այդ ակտը վերադաս դատարան
բողոքարկելը:
ՀՀ դատախազություն
Իմ առաջարկն ուղված է նաև նախաքննությունն իրականացրած քննիչներին, հսկող դատախազներին, մեղադրողին, ովքեր առաջադրել և հաստատել են մեղադրանքը, ինչպես նաև դատարանում պաշտպանել են մեղադրանքը, առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի դատավորներին, ովքեր կայացրել են մեղադրական դատավճիռ և որոշում։ Առաջարկի տրամաբանությունը հետևյալն է, եթե նշված անձինք վստահ են, որ առաջադրված մեղադրանքը և կայացված դատական ակտերը կարող են հիմնավորել քրեական գործի նյութերով, ապա նրանք կարող են ընդունել իմ հրապարակային առաջարկությունը, բանավիճել ինձ հետ, իսկ մեղադրանը հիմնավորելուց հետո էլ պահանջել, որ կատարեմ իմ խոստումը’ իրենց վճարեմ 30.000.000 ՀՀ դրամը: Պնդում եմ, որ նշված անձիք իմ առաջարկությունը չեն ընդունելու, իսկ ընդունելու դեպքում էլ Վարդան Երիցյանին առաջադրված մեղադրանքը չեն կարողանալու ապացուցել։
Իմ կողմից ՀՀ գլխավոր դատախազին Հրապարակային բանավեճ առաջարկելու հիմքը ՀՀ գլխավոր դատախազի՝ ՀՀ Ազգային ժողովում ունեցած հետեւյալ ելույթն է «… ցանկացած գործ, որտեղ կա հանրային հետաքրքրություն, կամ առանց հանրային հետաքրքրության, ցանկացած անձի հետ, մասնագիտական դաշտում, հրապարակային պատրաստ եմ քննարկման»։ Գուցե ՀՀ դատախազությունը պարզաբանի, իրավունք ունի՞ ՀՀ գլխավոր դատախազն ունենալ նշված ելույթը, թե ոչ։ Եթե ոչ, ապա ինչո՞ւ է նշված ելույթն ունեցել, եթե այո, ապա իրավո՞ւնք ունեմ ես հիմք ընդունել ՀՀ գլխավոր դատախազի ելույթը եւ նրան առաջարկել իմ հետ ունենալ Հրապարակային բանավեճ։