Aravot.am-ը Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի դեկան Ռուբեն Ասատրյանին խնդրեց կարծիք հայտնել հուլիսի 29-ին Հայրավանքում՝ Ավետ Տերտերյանի ստեղծագործական տանն անցկացված «Տերտերյանի ժամանակը» խորագրով միջազգային փառատոնի վերաբերյալ:
Պարոն Ասատրյանը տպավորված էր 12-ժամյա փառատոնով, ու հույս հայտնեց, որ պարբերականությունը չի խախտվի, եւ այն կդառնա ավանդական: Aravot.am-ի հետ զրույցում նա մասնավորապես առանձնացրեց փառատոնը նախաձեռնողներից սանկտպետերբուրգաբնակ Կարեն Մկրտչյանի անունը, որը պարբերաբար հայկական միջոցառումներ է կազմակերպում եւ հովանավորում, իսկ տվյալ դեպքում նպաստել է Տերտերյանի տիեզերական երաժշտության քարոզմանը:
Ռուբեն Ասատրյանը պատահական չհամարեց, որ միջոցառումը մեկնարկել է Հայրավանքի եկեղեցում տեղի ունեցած պատարագով ու ժամերգությամբ: Մեր զրուցակիցը ափսոսանքով նշեց, որ կոմպոզիտորի մահից հետո է իրականանում իր ստեղծագործական տանը երաժշտություն հնչելու եւ այդ առիթով մարդկանց հավաքելու իղձը:
Կարդացեք նաև
Ռուբեն Ասատրյանի համոզմամբ, Ավետ Տերտերյանի երաժշտությունը համամարդկային է, եւ պարտադիր չէ շատ պատրաստի ունկնդիր լինել այն ընկալելու համար: Նրա խոսքով. «Պետք է շատ կարդալ Աստվածաշունչ, մեր հոգեւոր գրական հարստությունը, մեր պատմիչներին ու փիլիսոփաներին, հատկապես Նարեկացի: Եվ եթե մարդն ընկալում է Նարեկացի, նա կարող է ընկալել նաեւ Տերտերյանի երաժշտությունը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Ավետ Տերտերյանի լուսանկարը՝ composers.am-ից: