Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-շվեդական սրբիչային կրքերը թեժանում են. շվեդները սրբիչ են վաճառում «Շիրակ» ակումբին վճարելու համար

Հուլիս 30,2015 16:15

Ինչպես տեղեկացրել ենք, «Շիրակ» ֆուտբոլային ակումբն իր ֆուտբոլիստներին սրբիչի գող հռչակելու համար դատի էր տվել շվեդական ֆուտբոլային ակումբին՝ «ԱԻԿ»-ին: Բանն այն է, որ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ու շվեդական «ԱԻԿ»-ի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի խաղից առաջ «ԱԻԿ»-ի ադմինիստրատոր Օկե Անդերսոնը լրագրողներին հայտնել էր, թե շիրակցիները հյուրերի հանդերձարանից գողացել են 17 սրբիչներ: Շվեդական մամուլը հեղեղվել էր այս լուրով, որից հետո, սակայն, այդ նույն ադմինիստրատորը հերքել էր իր հայտարարությունը՝ նշելով, որ վստահ չէ, թե սրբիչները «Շիրակ»-ի ֆուտբոլիստներին են տարել:

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի կողմից շվեդական դատարանում «ԱԻԿ»-ի դեմ հայց ներկայացնելուց հետո, շվեդական ֆուտբոլային թիմն իր կայքում ակումբի զինանշանով սրբիչներ է վաճառքի հանել՝ համարյա կես գին սահմանելով. 249 կրոն արժողությամբ սրբիչները վաճառում են 149 կրոնով: Այս մասին տեղեկանում ենք շվեդական ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքից:  Նրանք մտադրված են սրբիչների վաճառքից գոյացող գումարը փոխանցել զրպարտության համար սահմանվող տուգանքը «Շիրակին» վճարելու նպատակով:

«ԱԻԿ»-ը խնդրել է իրենց երկրպագուներին օգնել սրբիչները վաճառելու, քանի որ հնարավոր է՝ իրենց ադմինիստրատոր Անդերսոնը օրենքի հետ խնդիրներ ունենա. դատարանը պարտադրի մեծ գումար վճարել զրպարտանքի համար:

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Աննա Թադեւոսյանն Aravot.am-ին ասաց. «Մենք չենք ուզում կարծիք հայտնել իրենց արարքի վերաբերյալ, ուղղակի ուզում ենք, որ իմանան՝ եթե մեզ անհիմն մեղադրում են կամ վարկաբեկում, ուրեմն պարտադիր պիտի պատժվեն»:

Շվեդական սպորտային կայքին տված հարցազրույցում «Շիրակ» ֆուտբոլային ակումբի փաստաբան Մարկ Սաֆարյանը, պատասխանելով այն հարցին, թե շվեդական ԱԻԿ-ը սրբիչներ է վաճառում, ադմինիստրատոր Օկե Անեդսոնին օժանդակելու, դատական գործի հետ կապված ցանկացած ծախս հոգալու համար, ասել էր. «Սա անսպասելի է եւ զվարճալի, րոպեներ առաջ ես այս մասին խոսեցի «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արման Սահակյանի հետ, եւ մենք ծիծաղեցինք: Կարծում եմ, որ փողը կսովորեցնի Օկե Անեդսոնին այն, ինչ իրեն անհրաժեշտ է»:

Փաստաբանը նաեւ նշել է, որ եթե անգամ դատախազը հետեւողական չլինի, իրենք կդիմեն, այսպես ասած, մասնավոր մեղադրողի օգնությանը: Նա նաեւ ասել է, որ «Շիրակ»ը ֆինանսական մեծ հնարավորություններ ունի, մինչեւ վերջ գնալու է, քանի որ այստեղ ակումբի հեղինակության հարցն է, իսկ «ԱԻԿ»-ն անգամ ներողություն չի խնդրել: «Եթե Օկե Անդեսոնը կամ նրա ակումբը հասկանային իրենց սխալմունքը, մենք չէինք խորանա», -ասել է Մարկ Սաֆարյանը:

Նշենք, որ զրպարտության համար շվեդական դատարանում անգամ 20 հազար դոլար գումար է սահմանվել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ aikfotboll.se-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031