Հուլիսի 29-ին Հայրավանք գյուղում` կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի ստեղծագործական տան բակում, անցկացվեց «Տերտերյանի ժամանակը» խորագրով փառատոնը, որն իրականացվում է «Մշակույթ և ապագա» մշակույթի զարգացման և հանրահռչակման հիմնադրամի, ՌԴ Սվերդլովյան շրջանի մշակույթի նախարարության, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության և Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի աջակցությամբ: Հայրավանքում փառատոնի անցկացման նախապատրաստական աշխատանքներին աջակցություն էր ցուցաբերել նաև Գեղարքունիքի մարզպետը: Փառատոնը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
«Տերտերյանի ժամանակը փառատոնը հայ-ռուսական համատեղ նախագիծ էր, որը նմանատիպ ձևաչափով իրականացվում էր առաջին անգամ՝ միավորելով մշակույթի և արվեստի մի շարք ճյուղեր և ուղղություններ: Համերգի ընթացքում Սվերդլովյան ֆիլհարմոնիայի լարային քառյակի կատարմամբ հնչեցին Կոմիտասի ստեղծագործությունները, իսկ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կատարեց Ավետ Տերտերյանի 6-րդ սիմֆոնիան:
Փառատոնի կազմակերպիչները գտնում են, որ գործ ունեն մի նոր ավանդույթի ներդրման հետ, ինչը, նրանց համոզմամբ, կնպաստի կոմպոզիտորի ստեղծագործությունների առավել ճանաչմանն ու հանրահռչակմանը:
Գեղարքունիքի մարզպետարան