«Կարելի էր առանձին անձանց վերաբերյալ ավելի խիստ պատիժներ սահմանել, բայց կան որոշակի պատասխանատվության ենթարկված ոստիկաններ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն՝ անդրադառնալով հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում եւ Ազատության հրապարակում, ինչպես նաեւ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում ցույցի մասնակիցների եւ այդ իրադարձությունները լուսաբանող մի շարք լրագրողների նկատմամբ բռնություն ոստիկանության կողմից բռնություն գործադրելու, անհամաչափ ուժ կիրառելու առնչությամբ, ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու մասին:
Անդրեասյանն ասաց, որ իրավապահ մարմինների կողմից գործընթացը շարունակվում է, իսկ ՄԻՊ գրասենյակի լիազորություններն ավարտվում են այն պահին, երբ խախտման որոշում է կայացվում եւ հրապարակվում:
Հարցին՝ ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ իրենց պահանջը կատարված չէ, պահանջում են պատժել բռնություն կիրառած ոստիկաններին, Անդրեասյանն ասաց. «Իրենց պահանջը տրամաբանական է, եւ, եթե ակցիայի մասնակիցները, տուժած քաղաքացիները, լրագրողները նաեւ իրենց գույքային իրավունքների վերականգնման համար տեսնում են, որ իրենց չի բավարարում վարչական, պետական մարմինների, տվյալ դեպքում՝ ոստիկաների որոշումները, կարող են դրանք բողոքարկել դատական կարգով: Մենք պարտադրելու իրավասություն չունենք»:
Իսկ թե ով եւ ինչպես է փոխհատուցելու կրած լրագրողների կրած վնասները, Անդրեասյանն ասաց, որ այդ մեխանիզմը կարող է տարբեր լինել.«Պետական մարմինը կարող է փոխհատուցել, եւ իր իսկ աշխատողից պահանջել այդ գումարները: Ցավոք սրտի պրակտիկայում չկա նման բան, հուսամ, որ աստիճանաբար դառնում ենք ավելի գրագետ հասարակություն»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ