«Փոքր եւ միջին բիզնեսը գտնվում է մեռնող վիճակում: ՓՄՁ քաղաքականությունը 180 աստիճանի բարելավման կարիք ունի»,- այս համոզմանն է «Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Այսօր «Անալիտիկ» ակումբում պարոն Մակարյանը հայտնեց, որ իրենց միությունն ուսումնասիրել եւ հարցումներ է իրականացրել՝ պարզելու, թե որոնք են ՓՄՁ-ների խնդիրները: Երբ հետաքրքրվել են, թե որ ոլորտներում է անկում արձանագրվել, փոքր ու միջին բիզնեսի գործարարների 53 տոկոսը նշել է առեւտրի ոլորտը: Ըստ պարոն Մակարյանի, առեւտրի անկումը պայմանավորված է բնակչության թվաքանակի նվազմամբ` պայմանավորված միգրացիայով եւ գնողունակության անկմամբ:
Հարցված գործարարները դրական միտում նկատել են սննդի արտադրության, տուրիզմի, տեխնոլոգիաների, ոլորտներում: Գագիկ Մակարյանը կարծում է, որ ՓՄՁ-ների զարգացման հիմնական խոչընդոտները ֆինանսական միջոցների բարձր տոկոսոադրույքներն են: Հարցված գործարարների մոտ 70 տոկոսը նշել է, որ գումարների հասանելիության խնդիր ունի: Այս հարցում ըստ մասնագետի, Կենտրոնական բանկը պետք է միջոցներ ձեռնարկի, բացի այդ փոքր ու միջին բիզնեսն էլ ներգրավված վարկերը պետք է նպատակային օգտագործի: Պարոն Մակարյանն ասաց, որ հարցվածների 81 տոկոսը բիզնեսի վիճակը համարել է անբավարար, ինչը կնշանակի, որ գտնվում են փակման վիճակում: Հարցվածների 40-45 տոկոսը նշել է, որ բավարար չի համարում պետության վարած քաղաքականությունը փոքր ու միջին բիզնեսի նկատմամբ:
Aravot.am-ի այն հարցին, թե բիզնես ավելի շատ փակվո՞ւմ է, թե` բացվում, Գագիկ Մակարյանն ասաց, որ ՓՄՁ-ի աճը, զարգացումը 06-07 տոկոս է եւ ստացվում է, որ տարեկան 700 ՓՄՁ է բացվում. «Եթե նայում ենք ՀՆԱ-ի մեջ այդ թիվը, ապա ստացվում է ամսական 20 դոլար, մի ՓՄՁ-ի հաշվարկով, որը զավեշտական թիվ է»:
Կարդացեք նաև
ՓՄՁ-ների վիճակը լավացնելու համար՝ Գագիկ Մակարյանը գտնում է, որ պետք է հնարավորինս նպաստել ՓՄՁ-ների միջազգայնացմանը: Խոսելով ԵՏՄ-ից, պարոն Մակարյանն ասաց, որ դեռեւս մի շարք խնդիրներ կան:
Մեր այն հարցին, թե Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը 2015 թվականին մեր երկրում կանխատեսում է ՀՆԱ-ի 1.5% աճ, մինչդեռ փետրվարին կանխատեսում էր 0.5% անկում, պարոն Մակարյանն ասաց, որ Հայաստանի համար անգամ 5-6 տոկոս տնտեսական աճն է քիչ:
Մանրամասները` տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ