ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակության Վրաստան կատարած աշխատանքային այցը եզրափակվել է Ջավախքում: Պատվիրակության անդամներն այցելել են Ախալքալաքի «Ունիմեդ-Սամցխե» բժշկական կենտրոն: Ախալքալաքի առողջապահության ոլորտի պատասխանատուները Արմեն Մուրադյանին են ներկայացրել այժմ հիմնանորոգման փուլում գտնվող բժշկական կենտրոնում մատուցվող ծառայությունները, գործիքակազմը:
«Ջավախքի առողջապահական ցանցում լայնածավալ փոփոխություններ են տեղի ունենում` վերանորոգումներ, վերակառուցումներ: Նախատեսված է նոր ախտորոշիչ կենտրոնների կառուցում` ներառյալ շետրագրման հնարավորություն, շերտագրող համակարգիչ, ժամանակակից թվային ռենտգեն սարքեր, վիրահատարաններ»,- ասաց ՀՀ առողջապահության նախարարը` հավելելով, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են Ջավախքում հեմոդիալիզի ծառայություն ունենալու հնարավորությունը:
Արմեն Մուրադյանն այցելել է նաև կենտրոնում բուժում ստացող հիվանդներին, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով: Նա եղել է նաև ծննդաբերական բաժանմունքում: Բուժաշխատողները նշել են, որ ջավախահայերն իրենց զգում են Հայաստանի ուշադրության կենտրոնում և շնորհակալ են առողջապահական համակարգին ցուցաբերվող աջակցության համար:
Արմեն Մուրադյանը բուժաշխատողների հետ զրույցում հետաքրքրվել է կադրային քաղաքականությամբ, մատուցվող վճարովի և անվճար ծառայությունների ծավալներով, մասնագետների աշխատավարձերով:
«Ունիմեդ-Սամցխե» բժշկական կենտրոնը հիմնանորոգման ավարտից և նորագույն սարքավորումներով համալրվելուց հետո այցելուների առջև իր դռները կբացի ընթացիկ տարվա հոկտեմբերին:
Նշենք, որ Ջավախքում գործում է առողջական չորս բժշկական կազմակերպություն:
ՀՀ առողջապահության նախարարություն